Ինձ թիրախավորելը ողբերգություն չէ. թիրախավորվել են մեր պետությունն ու պետականությունը. Սերժ Սարգսյան
Այսօր դիզվառելիքի շինծու գործով հերթական դատական նիստից հետո 168.am-ը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում իշխանության և նրա մերձ շրջանակների, ինչպես նաև ոչ այդքան մերձ շրջանակների կողմից Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և անձամբ Երրորդ նախագահին թիրախավորելը։
Պատասխանելով հարցին՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ այդ թիրախավորումներն իր համար սովորական երևույթ են՝ արդեն 30 տարուց ավելի։
«Ավանդաբար դա սկսել են անել ադրբեջանցիները, այնուհետև՝ 90-ականների կեսերից, նրանց ձայնակցել են մեր, այսպես ասեմ՝ տեղացիները։ Իսկ հիմա առանձնապես ոչինչ չի փոխվել, այդ երգչախմբին միացել են նոր ձայներ՝ նոր տոնայնությամբ։ Չգիտեմ, իրենք գիտակցո՞ւմ են, որ իրենց համարելով ընդդիմադիր՝ ջուր են լցում Հայաստանի կառավարիչների ջրաղացին։ Այս նույնը առանձին, այսպես ասեմ՝ վերաբերում է նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Բայց իմ կարծիքով՝ ամենակարևորը սա չէ, այլ այն, որ թիրախավորվել է Հայաստանի Հանրապետությունը, թիրախավորվել է մեր պետությունն ու պետականությունը։
Իմ խորին համոզմամբ, վերջին 100 տարվա մեջ հայ ժողովրդին այսպիսի ողբերգություն չէր պատուհասել, իհարկե, այդ ընթացքում եղել են բազմաթիվ պրոբլեմներ, կուլակաթափություն, 30-ականներին՝ մարդկանց, ինչ-որ տեղ, նաև հանիրավի գնդակահարություններ, Հայրենական պատերազմ, որտեղ հարյուր-հազարավոր հայեր են զոհվել։ Իհարկե, եղել է ավերիչ երկրաշարժ, բայց այսպիսի ողբերգություն չի եղել։ Եվ այս գիտակցումը, ցավոք, մեր հասարակության մեջ դեռևս ամբողջովին առկա չէ՝ այդ ողբերգությունն ամենածանր ու ցավոտ հարվածն է եղել մեր պետականությանը»,- նշեց Սերժ Սարգսյանը։
Երրորդ նախագահի խոսքով՝ միշտ համարել և այսօր էլ համարում է, որ Արցախի համար պայքարը եղել է պայքար Հայաստանի պետականության համար։ Երբ խնդիրն առաջ էին մղում, այդ գիտակցությամբ էին առաջ մղում։ Հետևաբար՝ Արցախը երբեք Հայաստանի, հայ ժողովրդի ու Հայաստանի պետականության համար բեռ չի եղել, եղել է փրկօղակ։
«Այդ ողբերգությունը փաստորեն մեր պետականությունը զրկեց իր հենասյուներից մեկից։ Առաջին հերթին սրա մասին է պետք մտածել, այլ ոչ թե քաղաքական ուժերին ու անձերին թիրախավորելու մասին։
Թող թիրախավորեն, հատկապես որ, այս թիրախավորումների ճնշող մեծամասնությունն ուղղակի զրպարտություններ են։ Ժամանակի ընթացքում էլ են իրենք տեսնում, որ զրպարտություններ են, մեկ-մեկ գրում են, որ իրենք սխալվել են, դե, բայց դա իրականությունն է»,- հավելեց Սերժ Սարգսյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում