Տեխնիկական բողոք՝ քաղաքական հիմքով խնդրի դեմ. Ինչպե՞ս են ՀՀ իշխանությունները փորձում վերացնել ԵԱՏՄ սահմանափակումները ՀՀ-ի նկատմամբ

Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի կիրառած տնտեսական սահմանափակումների ֆոնին Հայաստանը բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումները և ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակում գործող մեխանիզմների միջոցով դրանք կվերացվեն։

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը տեղեկացրել է բողոքարկման մասին և ասել՝ կարևոր է ոչ միայն Ռուսաստանի հետ  շփումները, այլ ԵԱՏՄ-ի շրջանակում ՀՀ-ի հնարավորությունները, որովհետև կան կոնկրետ մեխանիզմներ, որը կարելի է կիրառել, որպեսզի այդպիսի խոչընդոտները վերանան: «Եվ մենք ակտիվորեն օգտագործում ենք այդ հնարավորությունը: Կոնկրետ մեխանիզմներ են, մենք բողոքել ենք և հույս ունենք և վստահ ենք, որ պետք է մեխանիզմները գործեն, որպեսզի խոչընդոտները հանվեն»,- նշել է Գասպարյանը:

Նրա կարծիքով՝ խոչընդոտները չեն համապատասխանում ԵԱՏՄ-ի շուրջ ստեղծված համաձայնություններին, պրինցիպներին, ուստի պայքարում են, որպեսզի ԵԱՏՄ-ն գործի ըստ իր սկզբունքների: Գասպարյանն ընդգծել է, որ փորձում են ԵԱՏՄ-ի գործիքակազմը օգտագործել, որպեսզի վերականգնվեն սկզբունքները:

«Մեր կարծիքով՝ Հայաստանը ԵԱՏՄ-ի լիարժեք անդամ է, և ամբողջ գործիքակազմը ԵԱՏՄ-ի պետք է գործի, պրինցիպները պետք է գործեն, սկզբունքները պետք է աշխատեն, և մենք շարունակաբար նենց ենք անելու, որպեսզի այդ մեխանիզմներն աշխատեն, որովհետև մենք գտնում ենք, որ մենք լիարժեք անդամ ենք»,- ասել է նա:

Կարդացեք նաև

Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների հարցում փորձում է խնդիրը տեղափոխել հարթություն, որտեղ այն առավել հարմար է ներկայացնել՝ որպես ընթացակարգային վեճ։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալի հայտարարությունը, թե Հայաստանը բողոքարկել է սահմանափակումները ԵԱՏՄ գործող մեխանիզմների շրջանակում և ակնկալում է դրանց վերացում, առաջին հայացքից կարող է տրամաբանական թվալ։ Սակայն հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս համատեքստում հարցն ակնհայտորեն ավելի խորն է, քան ԵԱՏՄ կանոնների պահպանման կամ չպահպանման տեխնիկական խնդիրը։

Երբ տնտեսական սահմանափակումները հայտնվում են երկու երկրների քաղաքական հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին, դժվար է դրանք դիտարկել ԵԱՏՄ ընթացակարգերի խախտում։

Իշխանությունը փորձում է քաղաքական բովանդակություն ունեցող գործընթացին տալ բացառապես ինստիտուցիոնալ-տեխնիկական լուծում։ Մինչդեռ, եթե սահմանափակումների հիմքում իսկապես քաղաքական հաշվարկ կա, ապա դրանց վերացման համար միայն ԵԱՏՄ հանձնաժողովների, բողոքների և համապատասխան մեխանիզմների ակտիվացումը բավարար չէ կամ նույնիսկ՝  արդյունք չտվող է։

Իրավական մեխանիզմը կարող է արձանագրել խնդիրը, պահանջել կանոնների պահպանում կամ ձևակերպել Հայաստանի դիրքորոշումը, բայց այն չի կարող լուծել խնդիր, եթե խնդիրն առաջացել է քաղաքական տարաձայնությունների հետևանքով։ Իսկ Երևան-Մոսկվա հարաբերություններում հենց քաղաքական երկխոսությունն է   խաթարվել, և չնայած դրա, ՀՀ իշխանություններն ակնկալում են, որ տնտեսական հարաբերությունները կշարունակեն գործել նախկին տրամաբանությամբ։

Միջազգային հարաբերություններում տնտեսական հարցերը  սովորաբար քաղաքական հարաբերությունների ածանցյալն են։ Հետևաբար՝ դժվար է ակնկալել, որ քաղաքական վստահության ճգնաժամի պայմաններում միայն տեխնիկական ընթացակարգերը կվերականգնեն այն տնտեսական միջավայրը, որը նախկինում ապահովվում էր ավելի լայն քաղաքական պայմանավորվածություններով։

Այս իրավիճակում իշխանության դիրքորոշման մեջ հատկապես ուշագրավ է մեկ այլ հանգամանք․ Երևանը փորձում է միաժամանակ երկու տարբեր տրամաբանություն համադրել։ Ռուսաստանից պահանջվում է պահպանել ԵԱՏՄ բոլոր սկզբունքները և Հայաստանի համար ապահովել այդ ինտեգրացիոն տարածքի բոլոր հնարավորությունները, մինչդեռ քաղաքական մակարդակում Հայաստանն ավելի ու ավելի բացահայտորեն վերաիմաստավորում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ և առաջ է մղում եվրոպական ուղղությունը։

Խնդիրը ոչ թե Հայաստանի՝ արտաքին քաղաքական ուղղություն ընտրելու իրավունքն է, այլ այն, որ իշխանությունը կարծես չի ցանկանում ընդունել այդ ընտրությունների գինը։ Քաղաքական հարաբերությունների վատթարացման հետևանքով առաջացած ռիսկերը փորձ են անում ներկայացնել՝ որպես բացառապես վարչական խոչընդոտներ, և սպասել, որ դրանք կվերանան բողոքների փոխանակման արդյունքում։

Ի վերջո, ԵԱՏՄ մեխանիզմների օգտագործումը կարող է լինել անհրաժեշտ, բայց դա ավելի շատ հետևանքների կառավարման, քան խնդրի լուծման գործիք է։ Եթե տնտեսական սահմանափակումներն իսկապես քաղաքական ազդանշան են, ապա դրանց վերացման բանալին նույնպես քաղաքական է։

Այն գտնվում է բանակցությունների սեղանի շուրջ՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ամբողջ օրակարգում՝ անվտանգության, տարածաշրջանային գործընթացների, փոխադարձ վստահության, տնտեսական համագործակցության և արտաքին քաղաքական առաջնահերթությունների համատեքստում։

Այս իրավիճակում տնտեսական սահմանափակումների դեմ պայքարը կարող է վերածվել ֆոնային, տեխնիկական գործընթացի, որը թույլ է տալիս ցույց տալ, թե իշխանությունը «գործում է», բայց չի անդրադառնում խնդրի իրական պատճառին։

Եթե քաղաքական որոշմամբ է ստեղծվել խնդիրը, ապա այն քաղաքական որոշմամբ էլ պետք է լուծվի։ Իսկ քաղաքական  փոխըմբռնման բացակայության պայմաններում նույնիսկ ամենաակտիվ բողոքը մնում է ընդամենը բողոք՝ առանց այն արդյունքի, որն ակնկալում են հայկական տնտեսվարողները, որոնք մեծ կորուստներ են կրում վերջին ամիսներին Ռուսաստանի կիրառած սահմանափակումների պատճառով:

Իսկ քաղաքական երկխոսության փորձեր ժամանակ առ ժամանակ լինում են, առաջիկայում կարծես սպասվում է նաև Փաշինյանի այցը Մոսկվա, որտեղ, ըստ ռուսական կողմի, կրկին քննարկվելու է Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման հարցը, որը դարձել է հայ-ռուսական ներկայիս ճգնաժամի գլխավոր խնդիրը: Ուստի քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ նման մակարդակի քաղաքական բանակցությունների ընթացքում է, որ նման հարցերը լուծվում են:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930