Փաշինյանի հայտարարությունները թանկ են նստում ՀՀ-ի վրա. Ադրբեջանը չի ճանաչում «կադաստրի վկայական» չունեցող ՀՀ տարածքային ամբողջականությունը

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը EU Today-ին հարցազրույց է տվել, որտեղ մի քանի ձևակերպում է հնչեցրել, ինչպիսիք լսել ենք Նիկոլ Փաշինյանից: Թե ով է ում ընդօրինակել, դա հարցի մյուս կողմն է:

Հիքմեթ Հաջիևը հարցազրույցում նշել է, որ տարածաշրջանում նոր իրողություններ են առաջ եկել, որոնք հիմնված են արդարության, օրինականության և լեգիտիմության վրա:

«Մենք ցանկանում են տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետություն կառուցել՝ հիմնված արդարության սկզբունքի վրա, ինչը ենթադրում է՝ ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, դադարել միմյանց տարածքային պահանջներ ներկայացնել: Ես կարծում եմ, որ մենք պետք է գնանք խաղաղության հաստատման, և մյուս գործընկերները կպաշտպանեն այդ համաձայնությունը»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան՝ հավելելով, որ՝ «Ադրբեջանի տարածքից Հայաստանի ապօրինի ռեժիմը զինաթափված և հեռացված է», ինչը նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար որևէ խոչընդոտ չկա:

Հաջիևը հիշեցրել է Ադրբեջանի ներկայացրած խաղաղության հաստատման հիմնարար հինգ սկզբունքների մասին, որոնք փոխանցվել են Հայաստանին, և հայկական կողմը պետք է բարի կամք դրսևորի և գնա երկկողմ հարաբերությունների կարգավորման:

Կարդացեք նաև

«Խաղաղությունը և տարածաշրջանային անվտանգությունը ո՛չ Բրյուսելում, ո՛չ Ֆրանսիայում, ո՛չ Վաշինգտոնում և Մոսկվայում, և ոչ էլ մեկ այլ տեղում է գտնվում, այլ այն տարածաշրջանում է»,- ընդգծել է Ալիևի օգնականը:

Նիկոլ Փաշինյանն էլ է տարբեր առիթներով հայտարարել, որ կառուցում են նոր ճարտարապետություն, որը «լեգիտիմ է միջազգային իրավունքի և միջազգային հանրության տեսանկյունից»: Այսինքն, ինչպես սեպտեմբերին Հանրային հեռուստաընկերությանը տված հարզազրույցում էր ասել Նիկոլ Փաշինյանը, «ուզում են անել այնպիսի ձևակերպումներ, որոնց դեպքում ՀՀ լեգիտիմությունը լինի անխոցելի»:

Իսկ դրանից առաջ՝ հուլիսին, լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել էր, որ «աշխարհակարգը, որ համարվում էր, այդ թվում՝ մեր տարածաշրջանի կայունության հիմնական գործոններից մեկը, ըստ էության, գոյություն չունի»՝ նշելով, որ չգիտի՝ ինչպիսին կլինի նոր աշխարհակարգը:

«Նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացում Հայաստանի ազդեցություններն անորոշ են ու աննյութական, իսկ աշխարհաքաղաքական անկայունություններից բխող սպառնալիքները՝ տեսանելի և իրական»,- հավելել էր նա:

Իսկ այս տարվա սեպտեմբերին La Repubblica-ին տված հարցազրույցում Փաշինյանը, մասնավորապես, ասել էր, որ «միջազգային գործընկերները պետք է առավել գործուն ջանքեր գործադրեն խաղաղությունը մեր տարածաշրջանում հնարավոր դարձնելու համար»:

«Վերջերս հարցազրույցներից մեկում, երբ լրագրողն ինձ հարց տվեց, և ես հասկանում եմ այդ հարցը, որովհետև դա տարածված ընկալում է ոչ միայն մեր տարածաշրջանից դուրս, այլև հենց մեր տարածաշրջանում, հենց մեր երկրում, որովհետև մենք աշխարհը, կարծես, նաև քաղաքական քարտեզը սովոր ենք ընկալել Արևմուտքի և Արևելքի արանքում կամ Արևմուտքի և Ռուսաստանի արանքում:

Եվ լրագրողը հարցրեց՝ ինչպե՞ս եք դիրքավորվում, կամ Դուք գտնվում եք Արևմուտքի և Ռուսաստանի արանքում, ես ասացի, որ՝ գիտեք, իրականում սխալ տպավորություն է, որ մենք Ռուսաստանի և Արևմուտքի արանքում ենք:

Մենք իրականում Վրաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արանքում ենք, և հետևաբար՝ մեր պետության անվտանգության շահերն առաջին հերթին պարտադրում են, որպեսզի մենք կայուն և կարգավորված հարաբերություններ ունենանք մեր հարևանների հետ, իհարկե, որևէ կերպ չնսեմացնելով աշխարհաքաղաքական կենտրոնների դերը, ազդեցությունը, նշանակությունը և կարևորությունը մեր տարածաշրջանի և, իհարկե, նաև մեր երկրի համար»:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանն ասում է այն, ինչ Ալիևը, որ հարևանների միջև կոնֆլիկտը կամ խնդիրները պետք է հենց այդ հարևանները լուծեն, երրորդ երկրները միայն կարող են աջակցել  դրան, բայց ոչ խանգարել: Այլ հարց է, որ Ադրբեջանն արդեն տարբեր միջազգային հարթակներում, տարբեր երկրների աջակցությամբ կարողացել է լեգիտիմ իրավունքներ կորզել Հայաստանից իր ռազմական և ոչ ռազմական գործողությունների համար: Նաև այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով լեգիտիմ իրավունք է ստեղծել Ադրբեջանի գործողությունների համար:

Մեկ այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանն իր արկածախնդիր գործողություններով Հայաստանը և տարածաշրջանը վերածել է գերտերությունների բախման կետի, ինչը, ուզենք թե չուզենք, խնդիրներ է ստեղծում նաև մեր հարևանների հետ հարաբերություններում, օրինակ, Իրանի: Այլ հարց է, որ որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ Հայաստանի աշխարհագրական դիրքն ու դրա բովանդակությունն ուրիշներն են որոշել, և հիմա արդեն Հայաստանն է որոշելու, որևէ աղերս չունի իրականության հետ, քանի որ այսօր, ավելի քան երբևէ, ուրիշներն են որոշում մեր աշխարհագրական դիրքն ու դրա բովանդակությունը, մեր ազգային խորհրդանիշների պատկերային բովանդակությունը, մեր հայրենասիրության մոդելը, և այլն:

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը EU Today-ին տված հարցազրույցում ընդունել է՝ «ԵԱՀԿ ՄԽ-ն ձախողել է, որովհետև նրա առաքելությունը Հայաստանի կողմի «Ադրբեջանի տարածքների օկուպացիան» պաշտպանելն էր, դրա շարունակականության ապահովումը»:

Հաջիևը շարունակել է, որ ԵՄ ինստիտուտները երբեք Ադրբեջանի նկատմամբ արդար չեն եղել, երբ ղարաբաղյան հակամարտությունը սառեցված էր, և «Ադրբեջանի տարածքները՝ օկուպացված»:

Այստեղ հիշեցնենք, որ 2016-ին Ադրբեջանի նախագահը նախարարների կաբինետի ընդլայնված նիստում հայտարարել էր.

«Փակ դռների հետևում մեզ վրա ճնշում են գործադրում՝ ստիպելով համաձայնել ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը: Մենք շատ մանրամասներ չենք բացահայտում, քանի որ կան դիվանագիտական կանոններ: Ադրբեջանը երբեք չի համաձայնի դրան»:

Իր հերթին՝ 2016-ի Ապրիլյան պատերազմի օրերին, Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանն ասել էր.

«Հայաստանի Հանրապետությունը` որպես 1994 թվականի Զինադադարի համաձայնագրի կողմ, շարունակելու է լիարժեքորեն կատարել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման իր պարտավորությունները: Ավելին, ես հրահանգել եմ արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Եվ այստեղ պետք է նշեմ՝ մեկ անգամ չէ, որ ես հայտարարել եմ, որ եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

Իսկ այսօր կասկածի տակ է դրվում ՀՀ տարածքային ամբողջականությունը, երբ Նիկոլ Փաշինյանը շտապելով ճանաչել է Ադրբեջանի 86.600 քկմ տարածքային ամբողջականությունը:

Նիկոլ Փաշինյանն ինքն է բազմիցս դժգոհել, որ Ադրբեջանը հրապարակավ և գործուն քայլերով չի ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը: Մյուս կողմից, սրանում հենց իր մեղավորությունն է:

Ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը՝ հղում անելով Նիկոլ Փաշինյանին, որ ՀՀ-ն չունի կադաստրի թուղթ, ակնարկել է, որ ՀՀ տարածքային ամբողջականություն գոյություն չունի: Այսինքն, Ադրբեջանը չի ճանաչում Նիկոլ Փաշինյանի ասած՝ 29.800 քկմ ՀՀ տարածքային ամբողջականությունը, եթե անգամ այդ մասին մի առիթով հայտարարել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

«Շառլ Միշելը հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններից մեկում Շառլ Միշելը ՀՀ տարածքային ամբողջականության կոնկրետ թվեր է նշել: Բայց այդկերպ տարածքային ամբողջականություն չի ճանաչվում: Գործ ունենք հարևան երկրների միջև բանակցությունների հետ, մնացյալը ցանկություն է: Փաշինյանը ցանկանում է Հայաստանի համար կադաստրի թուղթ ստանալ: Նա ասում է, որ պետք է որոշել հարևանների հետ սահմանները: Սա նշանակում է, որ տարածքային ամբողջականություն գոյություն չունի»,- շեշտել է Զուլֆուգարովը:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

«Այն, որ Հայաստանը ոչինչ չի ստացել, ճիշտ են ասում, որովհետև այն, ինչ խոսվել է, դեռ հարց է, այ այն, ինչ կարող է ստանա… Պատկերացրեք, դուք ապրում եք մի տեղ, բայց կադաստրի վկայական չունեք, հասկանո՞ւմ եք, մենք բոլորս հասկանում ենք, որ մեր շատ սիրելի հայրենիքում 30 տարի ապրում ենք մի տեղ, որի կադաստրի վկայականը չունենք: Ընդ որում՝ Հայաստանը, որպես պետություն, իր բազմահազարամյա գոյության ընթացքում երբեք կադաստրի վկայական չի ունեցել: Եթե մենք այն, ինչ ուզում ենք անել, ստացվի, մենք պատմության մեջ առաջին անգամ կստանանք կադաստրի վկայական, սեփականատեր կլինենք ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե, հասկանո՞ւմ եք:

Մենք ապրում ենք մի տեղ, որտեղ աշխարհում առնվազն մի քանի պետություն կա, որը մտածում է, որ երբ ուզի՝ կասի՝ մի հատ հավաքվեք, այստեղից դուրս եկեք, և մենք այդ ժամանակ չենք կարող ասել՝ հլա մի րոպե, կադաստրի վկայական, որ ասենք՝ կասեն՝ մի հատ կարո՞ղ ես ցույց տալ՝ ո՞ւր է կադաստրի վկայականը, և մենք կասենք՝ գիտեք, երբ 864թ. և այլն, և այլնՈւզում ենք հաղթահարել տնվորի մեր կարգավիճակը, ուզում ենք ունենալ կադաստրի վկայական, որի անունն է պետություն, միջազգայնորեն ճանաչված դեմարկացված և դելիմիտացված սահմաններով»:

Ի դեպ, Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարարը, ով, ըստ էության, անուղղակի կերպով արտահայտում է ադրբեջանական պաշտոնական տեսակետը, իր հարցազրույցում նկատել է, որ Փաշինյանին հաջողվել է սեփական երկիրը բախման կետի վերածել ոչ միայն ՌԴ-ի և Արևմուտքի շահերի առումով, այլ անգամ Իրանն է ստիպված լինելու միջամտել ինչ-ինչ պրոցեսների, քանի որ Թեհրանը հիացած չէ, որ Արևմուտքը գալիս է տարածաշրջան:

«Այնպես որ՝ մեզ առաջիկայում սպասում են նշանակալի, «ուրախ» գործընթացներ: Այդ ամենը, հնարավոր է, ավարտվի էսկալացիայով կամ բախումներով»,- ընդգծել է Զուլֆուգարովը:

Այսինքն, անգամ Ադրբեջանն է ընդունում, որ Փաշինյանը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որից իրենք նաև շահել են, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն են իրենց գործողությունները լեգիտիմացնում:

Այսինքն, Ադրբեջանն ասում է՝ Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ ճանաչենք այն, ինչ ինքը չի ճանաչել՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Տեսանյութեր

Լրահոս