Մեզ ամեն րոպե կարող են ասել՝ ստեղից դուրս եկեք, որովհետև Հայաստանը երբեք կադաստրի վկայական չի ունեցել. իրեն Հայաստանի վարչապետ համարող Փաշինյան
ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումից մի հատված՝ այն կերկայացնելով որպես կոնկրետ շահարկում:
«Նա իր գրառման մեջ պնդում է արել, որ ձեր ասուլիսում նշվածը, այն է, թե ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սուտ է, նա պնդել է, թե Հայաստանի միակ ղեկավարը, որը համաձայնել է հակամարտության այնպիսի լուծման, որով ԼՂ-ն ճանաչվում է Ադրբեջանի մաս, եղել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը առանց վերապահումների ընդունել է 1988թ. ընդհանուր պետության ծրագիր»,-ասաց Լիլիթ Մինասյանը՝ խնդրելով մեկնաբանել այդ թեզը:
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց, որ իրեն վերաբերելի հատվածին կպատասխանի. «Հատկապես մեր ժամանակաշրջանում, հերոսականությունը ամենամեծ պրոբլեմն է, որը կարող ենք ունենալ: Խնդրում եմ չշփոթել հերոսությունը հերոսականության հետ, որովհետև շատ կարևոր նրբություն է: Հիմա այս ճակատագրական շրջանում այն մրցավազքը, թե ով է ավելի հայրենասեր և ով է ավելի հաղթական, կարող է շատ մեծ պրոբլեմներ առաջացնել: Այն, ինչ դուք ասացիք, ինձ համար զարմանալի է, որովհետև նույն Ալմա-Աթայի հռչակագիրը, որով այսօր առաջնորդվում ենք, ստորագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Այդ հռչակագիրն ունի մի իմաստ, որ երկրներն ընդունում են, որ գոյություն ունեցող, այսինքն՝ ադմինիստրատիվ սահմանները դառնում են պետական սահմաններ, և այդ սահմանները անխախտելի են, ընդունում են այդ սահմանների անխախտելիությունը: Սա Լևոն Տեր-Պետրոսյանն է ստորագրել, և նաև այն խորհրդարանը, որտեղ Տեր-Պետրոսյանը մեծամասնություն է ունեցել… Հա, իմիջիայլոց, նա այդ ժամանակ ԳԽ նախագահ է եղել, նախագահ չի եղել, և իմիջիայլոց, եթե ճիշտ եմ հիշում, նախ այդ հռչակագիրը վավերացվել է նաև խորհրդարանի կողմից և այդ փաստաթղթի վավերացման ժամանակ պատգամավոր են եղել նաև Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը: Ես հեռախոսում բան ունեմ, եթե կարողանամ պատշաճ արագությամբ գտնել, Տեր-Պետրոսյանը նույնիսկ այդ հռչակագրի ստորագրումից հետո, 90-ականների շատ պոպուլյար ռուսական թերթ կար՝ «Зеркало», որին հարցազրույց է տվել և այնտեղ այդ խոսակցությունն է գնացել ինքնավարության մասին և լրագրողը նրանից հետաքրքրվել է ռուսական մոդելի ինքնավարության և ԼՂ զուգահեռների մասին, և ի՞նչ է պատասխանել Տեր Պետրոսյանը՝ մեջբերում եմ ռուսերեն.
«Статус российских автономий сегодня таков, что, я думаю, он вполне бы удовлетворил население Нагорного Карабаха. Мы большего и не хотим»: Այսինքն՝ հիմա իրենք ասում են, որ անկախությո՞ւն է եղել իրենց քաղաքական պայքարի նպատակն ու իմաստը: Հիմա էլ հարցազրույց են տալիս, ասում են՝ 95 թվին այսպես պետք է լիներ, 97 թվին այնպես պետք է լիներ, հետո գալիս են մյուսները, վրձինը վերցնում են՝ 98 թվին այսպես պետք է լիներ, 2003-ին՝ այսպես, 2007թ. այսպես, 2008-ին՝ այսպես, 2011թ.՝ այսպես, 2014թ.՝ այսպես… Ընկերներ, թող լիներ: Այսօր մի վերնագիր կարդացի և այդ վերնագրի հեղինակին շատ շնորհակալ եմ, վերնագիրն այսպես էր՝ Փաշինյանը որոշել է հրաժարվել կռուտիտի քաղաքականությունից: Ես շնորհակալ եմ այդ մարդուն այդ ասածի համար:
Հիմա պետք է ասեն՝ մենք ուզում էինք լուծել, վատ մարդիկ չթողեցի՞ն: Եթե այդպես անկախության համար էին պայքարում, բա 98 թվի իշխանափոխությունը նրա համար էր, որ պարտվողական են իրենք, բա դուրս գային, ասեին՝ ժողովուրդ, այս ի՞նչ են խոսում, մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում, Ղարաբաղի անկախությունը ճանաչում ենք և այլն»:
Լիլիթ Մինասյանը ներկայացրեց նաև իր ձևակերպմամբ՝ ընդդիմության հիմնական թեզը՝ Հայաստանը Բրյուսելում ամեն ինչ զիջել է Ադրբեջանին, փոխարենը ոչինչ չի ստացել:
«Այն, որ Հայաստանը ոչինչ չի ստացել, ճիշտ են ասում, որովհետև այն, ինչ խոսվել է, դեռ հարց է, այ այն, ինչ կարող է ստանա… Պատկերացրեք, դուք ապրում եք մի տեղ, բայց կադաստրի վկայական չունեք, հասկանո՞ւմ եք, մենք բոլորս հասկանում ենք, որ մեր շատ սիրելի հայրենիքում 30 տարի ապրում ենք մի տեղ, որի կադաստրի վկայականը չունենք: Ընդ որում՝ Հայաստանը, որպես պետություն, իր բազմահազարամյա գոյության ընթացքում երբեք կադաստրի վկայական չի ունեցել: Եթե մենք այն, ինչ ուզում ենք անել, ստացվի, մենք պատմության մեջ առաջին անգամ կստանանք կդաստրի վկայական, սեփականատեր կլինենք ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե, հասկանո՞ւմ եք:
Մենք ապրում ենք մի տեղ, որտեղ աշխարհում առնվազն մի քանի պետություն կա, որը մտածում է, որ երբ ուզի՝ կասի մի հատ հավաքվեք այստեղից դուրս եկեք, և մենք այդ ժամանակ չենք կարող ասել՝ հլա մի րոպե, կադաստրի վկայական, որ ասենք՝ կասեն՝ մի հատ կարո՞ղ ես ցույց տալ՝ ո՞ւր է կադաստրի վկայականը, և մենք կասենք՝ գիտեք, երբ 864թ. և այլն, և այլն: Եվ ավելին, եթե դա ստացվի, ԼՂ-ի հայության իրավունքների և անվտանգության հարցով ինստիտուցիոնալ բանակցային պրոցես… Այո, այս պահին մենք ոչ մի բան չենք ստացել, շանս ենք ստացել, որ կարող ենք ստանալ ինչ-որ բան, բայց մենք շարունակում ենք մնալ այդ ռեժիմում՝ առանց կադաստրի վկայականի: Ուզում ենք հաղթահարել տնվորի մեր կարգավիճակը, ուզում ենք ունենալ կադաստրի վկայական, որի անունն է պետություն, միջազգայնորեն ճանաչված դեմարկացված և դելիմիտցված սահմաններով»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում