Ադրբեջանցի փախստականների վերադարձով տրվելու է Հայաստանի կիպրոսացման մեկնարկը. իսկ թշնամուց գազ գնել չի՛ կարելի. Դավիթ Անանյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար Դավիթ Անանյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Պետական բյուջեն ինքն իրենով նաև քաղաքական մեսիջներ պարունակող շատ կարևոր փաստաթուղթ է։
- Բյուջետային գործընթացի մեկնարկին նախորդող Նիկոլ Փաշինյանի ուղերձն ավելի շատ պարունակում էր քաղաքական ուղերձներ։
- Նախորդ տարվա բյուջետային նախագծում «Արցախ» և «Արցախի Հանրապետություն» բառերն օգտագործվել են 17 անգամ, այս տարի՝ 0։ Այս տարվա բյուջեում կա «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը 7 անգամ, այն էլ՝ սոսկ սոցիալական համատեքստում։ Կարող ենք արձանագրել, որ պետական բյուջեում արտացոլված չեն 2023թ․ սեպտեմբերի 19-ից հետո տեղի ունեցած իրադարձությունների թե կարճաժամկետ, և թե երկարաժամկետ մարտահրավերները։
- Պետական բյուջեն այն փաստաթուղթը չէ, որով կարելի է ասել, թե պաշտպանական ոլորտի համար ինչ առաջնահերթություններ են սահմանված, որովհետև պաշտպանական ոլորտն ամեն դեպքում գաղտնիություն է ենթադրում։
- Խոշոր առումով կարող ենք ասել, որ այս բյուջեն ՔՊ-ի համար իր էլեկտորատը պահելու համար նախատեսված բյուջե է։ Ամբողջ ծախսերի 41,7%-ը բաժին է ընկնում սոցիալական ոլորտին։ Սա սոցիալական ուղղվածություն ունեցող բյուջե է։ Սովորաբար այդպիսի բյուջեները եղել են նախընտրական և ընտրական տարիների համար։
- Կենսաթոշակի՝ նույնիսկ մի քանի հազար դրամով բարձրացումը գնաճի պայմաններում որևէ սոցիալական հարց չի լուծում։
- Աշխարհաքաղաքական վերջին իրադարձություններով պայմանավորված՝ ժամանակին բավականին լավ զարգացած բանկային համակարգ ունեցող Հայաստանն այսօր դառնում է ֆինանսական ծառայություններ արտահանող երկիր։
- 8 ամսում Հայաստանից ավելի քան 2 մլրդ 586 մլն դոլար դուրս գալու մասին
(գրեթե 1,1 միլիարդով ավելի շատ գումար է գնացել Հայաստանից, քան անցած տարի). կապիտալի արտահոսք կարող է տեղի ունենալ՝ նաև պայմանավորված արտագաղթով, բայց ֆինանսների շարժը, կարծում եմ, բազմաթիվ շերտեր է պարունակում։ Ով հնարավորություն ունի դիվերսիֆիկացնել իր եկամուտը, անվտանգությունից ելնելով՝ հենց այդպես էլ անում է՝ տեղափոխում է այլ երկրներ։
- Հայաստանը դարձել է մի երկիր, որի պետականությունը վտանգված է, և սա բոլորը գիտեն, բոլորը հասկանում են։ Այդ ռիսկը կա, ու այն հաշվարկելի է։ Այդ ռիսկերը խորացել են, բայց անվտանգության բարձիկներն իսպառ բացակայում են։
- Ադրբեջանի ԱԳՆ-ն վերջնագրի ձևով Հայաստանից պահանջում է 8 գյուղ, խոսքը 8, այսպես կոչված՝ անկլավային գյուղերի մասին է Տավուշի և Արարատի մարզերում:
Ադրբեջանական կողմի նշած՝ 8, այսպես կոչված, անկլավների մեջ կան բնակատեղիներ, արոտավայրեր և այլ տարածքներ։ 8 գյուղ տալով՝ չենք պրծնում։ Դրանք մեր անվտանգության հետ կապված լուրջ ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ են։ Այդ տարածքներից մի քանիսը, օրինակ, հարում են մեր միջպետական ճանապարհին, որը մեզ կապում է Վրաստանի հետ: Խոսքը Տավուշի մարզի մասին է: Հետևաբար, եթե այդ տարածքները հանձնում ենք Ադրբեջանին, բնականաբար, նաև այդ տարածքներին որոշակի հասանելիություն ապահովելու համար պետք է միջանցքներ էլ տրամադրենք: Եվ աշխարհագրական ռելիեֆը շատ դեպքերում այնպիսին է, որ մենք, հնարավոր է, չկարողանանք անգամ ճանապարհը փոխենք, որպեսզի Տավուշի մարզից հասանելիություն ունենանք, օրինակ, դեպի Վրաստան: Այսինքն, այդպիսով վտանգում ենք նաև այդ ճանապարհը: Այդ գյուղերը, բնակավայրերը, տարածքներն իրենց աշխարհագրական դիրքով Հայաստանի համար ունեն խիստ ռազմավարական, անվտանգային նշանակություն: Կրկնում եմ՝ եթե ՀՀ իշխանություններն այդ 8 անկլավները, գյուղերը, այդ տարածքները հանձնում են՝ առնվազն վտանգում են Վրաստանի հետ մեր կապը:
Բացի այդ, այդ տարածքները հանձնելով՝ թշնամուն ռազմավարական նշանակության այնպիսի դիտակետեր, այնպիսի բարձունքներ ենք տրամադրում Տավուշի մասով, որ, ըստ էության, մենք հայտնվում ենք, այսպես ասած, մեկ ափի մեջ: Իսկ եթե խոսքը գնում է նաև Հայաստանում հարյուր-հազարավոր ադրբեջանցիների վերաբնակեցման մասին (ավելի քան 237 գյուղերում, մարզերում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում), ապա դա ըստ էության Հայաստանի կիպրոսացման մեկնարկն է: Որովհետև դրան որոշ ժամանակ հետո հաջորդելու է նաև իրենց ազգակիցների անվտանգությունը պահպանելու տեսանկյունից Հայաստանի Հանրապետություն ադրբեջանցիների ներխուժման ծրագիրը, որի արդյունքում Հայաստանը մասնատվելու է ինչ-որ մասերի:
- Արցախի պետական ինստիտուտները պետք է պահպանվեն Հայաստանում։ Եթե իշխանությունն ասում է, որ դա Հայաստանի անվտանգության համար ռիսկեր է առաջացնում, ուրեմն թուրքական ցանկացած պահանջի չկատարում նշանակելու է Հայաստանի անվտանգությանը սպառնացող վտանգ։
- Այս իշխանությունները ոչինչ չեն անում ծնկած դիրքից կանգնելու համար։
- Երբ խոսում ենք էներգետիկ անվտանգության մասին, պետք է հասկանանք՝ գազն ինքնին քաղաքականություն է, անվտանգային հարց է։ Կարծում եմ՝ փոխնախարարը, ով հայտարարել է Ադրբեջանից գազ գնելու մասին, կատարել է հանձնարարություն։ Նպատակն էժան հակառուսական ռևերանսներ անելն է, հաթաթաներ տալը։ Ադրբեջանից գազ գնել նախ այս պահին հնարավոր չէ, բացի դրանից, ուղղակի չի՛ կարելի։ Երբ դու գազ արտահանող երկիր չես, այլ սպառող, ու կենցաղային մակարդակում ունես մոտ 97 % գազիֆիկացիա, քո հայտարարություններում առնվազն պիտի զուսպ լինես։ Այսօր անգամ Եվրոպայում են «Գազպրոմի» պես գիգանտի հետ հաշվի նստում։ Եթե անգամ ուզում ես հրաժարվել ռուսական գազից, ինչպե՞ս ես բերելու, եթե բոլոր գազատարները պատկանում են «Գազպրոմ Արմենիային»։ Վստահ եմ՝ կարող են հակափաստարկ բերել՝ ասելով՝ կպետականացնենք «Գազպրոմ Արմենիան»։
- Գազը քաղաքականություն է, և եթե ասում ես՝ թշնամուց գազ կառնեմ, առնվազն ուզում ես դառնալ Ադրբեջանի գաղութ:
- Ատոմակայանը Հայաստանին արտաքին խաղացողի դիրքավորում, կարգավիճակ է շնորհել։ Մենք ՄԱԳԱՏԷ-ի անդամ ենք։ Իսկ ատոմակայանն աշխատում է ռուսական վառելիքով։
- Էներգետիկ առումով Հայաստանը, համենայն դեպս, մոտ ապագայում ինքնաբավ չի դառնա։
- Եթե մենք «Խաղաղության խաչմերուկի» վրա լոգիստիկ առումով որևէ հետաքրքրություն չունենք, մենք առնվազն սուտ ենք խոսում, երբ ասում ենք, որ այն տարածաշրջանային նշանակություն ունի։
- Իրանի համար Հայաստանի իշխանություններն անհասկանալի են: Ստիպված է լինում անընդհատ հայտարարել իր կարմիր գծերի մասին:
- Հասկանալի է, թե ինչու է Իրանը մեղմացնում իր հռետորաբանությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ։
- Երբ Փաշինյանը խոսում է Զանգեզուրի միջանցքի հայկական վերահսկողության մասին՝ առանց երրորդ երկրի, այդպիսով ինքը հայտարարում է Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության փաստաթղթից միակողմանի դուրս գալու մասին։ Ուղիղ տեքստով նա ասում է՝ Ռուսաստան, դու այստեղ անելիք չունես։
- Եթե Մեղրիի միջանցքը տանք, ու թուրքական աքցանը սեղմի մեզ, իսկ 8 անկլավները տալուց հետո արևմտյան սահմանն է փակվում, մնում է միայն Բավրայի սահմանը, և, այո՛, Հայաստանը դառնում է անկլավ։
- Ուկրաինայի հետ կատարվողը պետք է լուրջ ազդակներ պարունակի մեզ համար, պետք է հետևություններ անենք:
- Եթե իշխանությունը ևս մեկ ընտրություններով վերարտադրվի, դա կլինի մեր գոյութենական վերջի սկիզբը։ Եթե ժողովուրդը հանդուրժում է նման իշխանության գոյությունը, նշանակում է մենք խորը արժեքաբանական ճգնաժամի մեջ ենք։ Այդ դեպքում մենք մեր հայրենիք ասվածի տարածքում չենք կարող գոյատևել՝ որպես պետություն։
Մանրամասները՝ տեսանյութում։