
«Ալռոսա»-ից գողացված ադամանդների ու Խաչատուր Սուքիասյանի կապի հետքերով. Ինչո՞ւ է լռում դատախազությունը

Այս տարվա հունիսի 23-ին ՌԴ ԱԴԾ-ն հրապարակել էր տեղեկատվություն, ըստ որի «Ալռոսա»-ից գողացված ադամանդները մաքսանենգ ճանապարհով հասել են Հայաստան ու հանձնվել են մի ընկերության, որի շահառուն գործարար, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է։
Հենց նույն օրը՝ հունիսի 23-ին միջազգային այս սկանդալի վերաբերյալ Panorama.am-ը գրավոր հարցում էր ուղղել Գլխավոր դատախազությանը՝ հետաքրքրվելով.
1. Մինչ այս հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունը ՌԴ իրավապահ մարմնի կողմից տեղեկացվե՞լ է այս դեպքի մասին։
2. Հաղորդագրության տարածումից հետո ի՞նչ քայլեր է ձեռնարկել ՀՀ գլխավոր դատախազությունը։
3. Այս պահին ի՞նչ է հայտնի դատախազությանը՝ ադամանդի ի՞նչ քանակի մասին է խոսքը, քանի՞ ՀՀ քաղաքացի է ընդգրկված հանցավոր խմբում, խափանման ի՞նչ միջոցներ կան ընտրված վերջինների նկատմամբ։
4. Հնարավո՞ր է, այս հանցագործութունը դառնա հիմք, որպեսզի Խ. Սուքիասյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնեք ԱԺ-ին։
3 ամիս շարունակ Գլխավոր դատախազությունը, խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ժամկետները, որևէ կերպ չի պատասխանել հարցերին։
Օրեր առաջ Դատախազության հանրային կապերի բաժնից Panorama.am-ին հայտնեցին, որ հունիսի 23-ի հրապարակման հիման վրա ուսումնասիրություն են սկսել՝ խոստանալով, որ արդյունքների մասին կտեղեկացնեն։