Ադրբեջանը Թուրքիային, Իսրայելին ու Պակիստանին մեծ պարտք ունի վերադարձնելու՝ Ղարաբաղյան հարցն իրենց օգտին լուծելու համար. Վիտալի Մանգասարյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Պրահայի հայտնի պայմանավորվածությունից հետո Ադրբեջանի ձեռքերն արձակվեցին, Արցախը մոտ մեկ տարի պահեցին բլոկադայի մեջ, սեղմեցին օղակը Հայաստանի շուրջ, չեզոքացրեցին ռիսկերը։ Այդ ընթացքում նրանք իրականացնում էին տարբեր տեսակի զորավարժություններ, քաղաքային մարտերի պլանավորում, այսինքն՝ իրագործում էին իրենց պլան Բ-ն։
- Փաստացի Նիկոլ Փաշինյանը Գրանադայում իր ստորագրությունը դնելով՝ նույն իրավիճակն է ստեղծում, ինչը ստեղծվեց Պրահայից հետո Արցախի համար։ Ադրբեջանին ժամանակ է պետք իր քանակական կորուստները վերականգնելու ու քաղաքական իմաստով նոր հարձակման համար հիմքեր ստեղծելու համար։ Հաջորդիվ կիրականացվի ռազմական հարձակում Տիգրանաշենի և Տավուշի ուղղությամբ։ Սադրանք կանեն, մի թեթև լարվածություն կստեղծեն ու կխփեն գյուղերին։ Իրենց համար շատ կարևոր են այդ ճանապարհները։ Ադրբեջանն ուզում է ուժով վերցնել այդ գյուղերը, որ ճնշումն էլ ավելի մեծ լինի Հայաստանի վրա։ Կսկսեն Տավուշյան ուղղությունից, գործողություններ կիրականացնեն Արարատի՝ Տիգրանաշենի ուղղությամբ։ Բայց միայն այդ գյուղը վերցնելով չի ավարտվելու։ Էդ երկու գյուղը դառնալու է 12 գյուղ, էնպես չի լինելու, որ ասեն՝ դե լավ, 2 գյուղ կտանք, կպրծնենք։ Ներկայումս 4 Էջմիածնի չափ տարածք ադրբեջանցիներն օկուպացրել են՝ 160 քկմ տարածք։ Ի՞նչն է նրանց խանգարելու ավելին ստանալ։ Թշնամին ՀՀ սուվերեն տարածքում է՝ 160 քկմ:
- Ադրբեջանի հիմնական առաջնային նպատակն այս փուլում Արցախի պաշտպանության բանակը շարքից հանելն էր։ Իրենք հիմար չէին, որ Սյունիքի ուղղությամբ հարձակում ձեռնարկեին՝ նկատի չունենալով, որ թիկունքից կարող են հարված ստանալ։ Իրենք քայլ առ քայլ գնացին այս խնդրի լուծմանը։ ՀՀ իշխանությունն էլ էր լավ հասկանում, որ Ադրբեջանը չի գնա Սյունիքի նկատմամբ լայնածավալ հարձակում գործելու ճանապարհով, բայց ժողովրդի ուշադրությունը հենց Սյունիքի ուղղությամբ էին շեղում։
- Արցախում 10 ամիս սոված-ծարավ ապրած ժողովուրդը սեպտեմբերի 19-ի մարտերին կենաց-մահու պայքար է մղել։ Պաշտպանության բանակը մեն-մենակ կատաղի կռիվ է տվել թուրք-ադրբեջանական-պակիստանյան զորքերի դեմ։ Ադրբեջանը ծանր կորուստներ է ունեցել։
- Ադրբեջանում հստակ հասկանում են, որ եթե այս փուլում կարողանան մեր ճանապարհների նկատմամբ վերահսկողություն ստեղծել, հետո, պայմանական 10 տարուց եթե լարվածություն լինի, իրենք մեկնարկային առավելություն են ստանում մեր նկատմամբ։
- Այս փուլում Արծվաշենը մեզ համար այնքան կարևոր չէ, որքան 8 գյուղերի կորուստը։ Դա այս փուլում պրոբլեմներ է բերելու։ Բայց համոզված եմ՝ Ալիևը դա էլ է փորձելու չտալ։
- Ադրբեջանը գրագետ մանևրելու քաղաքականություն է վարում։ Ես համաձայն եմ, որ Նիկոլ Փաշինյանի՝ Գրանադա չգնալը կարող էր դիտվել ոչ կառուցողական, բայց մենք պետք է հաշվարկած լինեինք, որ եթե Ադրբեջանը Արցախի նկատմամբ ռազմական գործողությունը պլանավորել էր, հարմար պահի պատճառ պետք է գտներ ու հրաժարվեր այդ հանդիպումից։ Ալիևը հաշվարկել էր, որ Նիկոլ Փաշինյանը, այսպես թե այնպես, ստորագրելու է, հիմա ժամանակ է ձգում դիրքերն ամրապնդելու համար։
- Ալիևը մեր ձեռքով փորձեց էլ ավելի վատթարացնել ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները, մղեց դեպի Արևմուտքի երախը։ ԵՄ-ն Ալիևից էներգետիկ կախվածություն ունի, և պարզ է, որ Ադրբեջանի համար ավելի հեշտ էր բանակցել այն մարդկանց հետ, ովքեր իրենից կախվածության մեջ են։
- Իրանը շատ լավ գիտի Ադրբեջանի և Թուրքիայի նպատակները։ Իր «հայամետ» հայտարարություններով Իրանն ավելի շատ Հայաստանին է ինչ-որ բաներ հասկացնում, որովհետև չի վստահում հայկական կողմին։ Իրանը տեսնում է, որ այս մարդն անընդհատ հակասական հայտարարություններ է անում, և իրենց խոսույթով բավականին հաճախ Հայաստանին են զգուշացնում։
- Երկրի գործող ղեկավարությունը մեղադրում է ընդդիմությանը՝ նախկին իշխանություններին, որ նրանց գործողությունների արդյունքում ինչ-որ ձախողումներ են եղել։ Սա իմ ուղեղի մեջ չի տեղավորվում։ Այս տրամաբանությունն անլրջության գագաթնակետն է։
- Ինձ մոտ տպավորություն է, որ մեր երկրի վրա փորձարկումներ են անում, տեսնեն՝ ինչքան կդիմանա։ Սկսեցին մի քանի ԳՇ պետ, ԱԱԾ տնօրեն ու այլ առանցքային պաշտոնյաներ փոխելուց, հիմա հասել են Արտաքին հետախուզական ծառայությանը։
- Ադրբեջանը Թուրքիային, Իսրայելին ու Պակիստանին մեծ պարտք ունի վերադարձնելու՝ Ղարաբաղյան հարցն իրենց օգտին լուծելու համար։ Դա հո Ադրբեջանի սիրուն աչքերի համար չե՞ն արել։ 2020թ․ պատերազմից հետո Ադրբեջանն առաջին քայլով սկսեց կառուցել Ֆիզուլիի և Զանգելանի օդանավակայանները, հիմա Լաչինում է պատրաստվում կառուցել։ Սրանով Ադրբեջանը վերադարձնում է Իսրայելի պարտքերը, որ Իրանի դեմ Իսրայելի հնարավոր հարձակման դեպքում իսրայելական հարվածային օդուժը կարողանա այդտեղից հարվածել Իրանին։
- Ո՞վ էր երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից հայտարարել, որ Իրանն ավտորիտար պետություն է. ՔՊ խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը։ Իրանում սա լուռ արձանագրել են։ Այդ հայտարարությունից հետո տեղի ունեցան 2021թ․ ընտրությունները, ու Կոնջորյանը դարձավ խմբակցության ղեկավար։ Այսինքն՝ Իրանում տեսան, որ այդ արտահայտություն անողը պաշտոնի բարձրացում ստացավ։ Իրանում շատ լավ հասկանում են՝ դա ինչ է նշանակում։
- Եթե Ֆրանսիայից զենք գար, մենք առնվազն զորավարժություն պիտի անեինք, որ մեր անձնակազմը դրան հնարավորինս լավ տիրապետեր։ Դա մեծ գործընթաց է, եթե տեղի ունենար, դրա մասին և իշխանությունները կհայտարարեին, և մենք տեղյակ կլինեինք այս կամ այն դեպքում։
- Սյունիքով ոչ միայն Ֆրանսիան է հետաքրքրված, այլև աշխարհի այլ շատ մեծ տերություններ։
- Ռուսաստանը խնդիր ունի այս փուլում Ադրբեջանի հետ էլ ավելի բարիդրացիական հարաբերություններ ունենալ, որ իր գազն Ադրբեջանով գնա Եվրոպա։ Այդ նույն բանը գիտի Եվրոպան, բայց աչք է փակում դրա վրա։
- Այս իշխանությունը 2018թ.-ից ինչ ասում է , հակառակն է անում՝ սկսած ռազմական դոկտրինից։
- Գլխավոր հարցը հետևյալն է՝ Արշակ Կարապետյանը ե՞րբ հասկացավ, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, կամ լավ, որ հասկացավ, ինչո՞ւ որևէ հայտարարություն չարեց այդ մասին։ Ինձ թվում է՝ Արշակ Կարապետյանը ցուցակ էլ կունենա, թե Նիկոլ Փաշինյանն ում, ինչ հանձնարարություններ է տվել։ Նա պատահական մարդ չի եղել, ներքին խոհանոցի մարդ է եղել. դատախազությունն ու ԱԱԾ-ն այստեղ անելիք պիտի ունենային։
- Եթե մենք մեր հարցերը Արայիկ Հարությունյանի հետ չենք կարողացել լուծել, չի կարելի ուրախանալ, որ դա անում է Ադրբեջանը։ Սարսափելի է, որ հայ մարդը կարող է ուրախանալ՝ այդ կադրերը տեսնելով։
Մանրամասները՝ տեսանյութում։