Նրանք ճամփորդում են «հանուն հայրենիքի» (փրկության)

Ընդդիմադիր որոշ շրջանակների ամենասիրելի զբաղմունքներից մեկը սեփական անհաջողությունների, Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնել չկարողանալու մեջ հասարակությանը մեղադրելն է։ Ընդ որում, որքան ավելի ցածր է առանձին վերցրած  ընդդիմադիրի ՕԳԳ-ն այդ գործում, այնքան ավելի բարձր  է նրա ձայնի դեցիբելը՝ հասարակությանը մեղադրելու պարագային։

Այն, որ հասարակությունն ունի մեղավորության, պատասխանատվության բաժին, անվիճելի է։ Բայց մյուս կողմից, հասարակությունը՝ որպես վարքագծային կողմնորոշիչներ, առաջնորդվում է նաև նրանով, ինչ տեսնում ու լսում է։ Օրինակ, մեղավոր հասարակության շարքային անդամը կարդում է պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ ընդդիմության կողմից «դավաճան» որակվող իշխանության երկրորդ դեմքի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ այսինչ պատվիրակությունն է մեկնել եվրոպական այնինչ երկիր, որի կազմում է այդ նույն ընդդիմության պատգամավոր այսինչ այնինչյանը։ Ի՞նչ հետևություն պետք է ու կարող է անել հասարակության ընթերցասեր շարքային անդամը՝ ընդդիմության ճամփորդասեր անդամի վարքագծի մասին տեղեկանալով։

Վերը նշվածը, իհարկե, չի վերաբերում բոլոր այցերին։ Օրինակ, երբ խոսքը ԵԽԽՎ-ի կամ այլ կարևոր նիստերի մասին է, ընդդիմության մասնակցությունը նույնիսկ պարտադիր է։ Սակայն, կրկնում ենք, երբ, ասենք, Ալեն Սիմոնյանն իր զբոսաշրջային հաճույքների համար մեկնում է որևէ երկիր ու այդ պատվիրակությունում ընդգրկում է մի խրոխտ ընդդիմադիրի, վերջինիս մասնակցությունը, մեղմ ասած, հարցեր է առաջացնում։

Ընդ որում, ինչպես բնորոշ է այսօր շատ-շատերին, հնարավոր է՝ ընթերցասեր շարքայինը ոչ միայն ընթերցասեր է, այլ նաև սկզբունքային, և այդ թվում՝ ընդդիմության գնահատականներին հավատալով՝ դադարեցրել է շփումն իր մանկական ընկերոջ կամ հարևանի հետ, ով այսօր մաս է կազմում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Այն դեպքում, երբ տեսախցիկների առաջ իշխանությանը «դավաճան» որակողների առնվազն մի մասը հաճույքով ճամփորդում է այդ նույն իշխանության ներկայացուցիչների հետ՝ նրանց իսկ գլխավորած պատվիրակություններում։

Կարդացեք նաև

Ընդ որում, բոլոր նման քաղաքական զբոսաշրջիկներն ունեն պողպատյա արդարացում՝ մեկնում են արտասահման, որպեսզի «միջազգային գործընկերներին ներկայացնեն իշխանության տեսակետից տարբերվող դիրքորոշում»։ Դրանք, իհարկե, հիմնականում էժան արդարացումներ են, որովհետև նախ՝ կոմունիկացիաների ժամանակակից հնարավորությունները թույլ են տալիս ցանկացած միջազգային գործընկերոջ ներկայացնել ցանկացած տեսակետ, և բացի այդ՝ տարբեր երկրներում հայ պատգամավորներին հյուրընկալող միջազգային գործընկերները՝ անգամ իրարամերժ տեսակետներ լսելով, արձանագրում են, թե որքան ժողովրդավարական երկիր է Հայաստանը, որի իշխանությունն իր հետ եվրոպաներ է տանում հակաիշխանական գործիչներին։

Իսկ թե ում է նպաստում «միջազգային գործընկերների» շրջանում նման կարծիքի արմատավորումը, լավագույնս կիմանան ՔՊ-ականների հետ ճամփորդող ընդդիմադիրները, որոնց հակաիշխանականությունը Հայաստանից դուրս լավագույն դեպքում կարող է արտահայտվել երեկոյան փարթիին Նիկոլ Փաշինյանի կենացը ոչ թե հոտընկայս, այլ նստած և դեմքի անհաշտ արտահայտությամբ խմելով։

Հարցին, թե ո՞ւմ է ձեռնտու Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ավելի հաճախ հնչող պատասխանների թվում առաջին հերթին՝ ՔՊ-ականների, հետո՝ օլիգարխների կամ այլոց անուններն են։ Այդ շահառուների թվում, քաղաքավարությունից ելնելով, չեն արտաբերվում բոլոր նրանց անունները, ովքեր Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ «պայքարում են»՝ իրենց ճամփորդական ցանկություններին հագուրդ տալու նպատակով։ Բայց հասարակությունը նրանց ճանաչում է անուն առ անուն։ Չճանաչողներն էլ կարող են արագ ծանոթանալ՝ ընթերցելով գոնե ԱԺ-ի կայքում տեղադրված բազմաթիվ հաղորդագրությունները։

Հարություն Ավետիսյան  

Տեսանյութեր

Լրահոս