«Հայաստանում դատավճիռները կախված են մի անձի կամքից». Սերժ Սարգսյանը՝ Դավիթ Համբարձումյանի վճռի մասին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր գործով հերթական դատական նիստից առաջ կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ։

Մասնավորապես, 168.am-ի խնդրանքով Երրորդ նախագահն արձագանքեց Մասիսի համայնքապետ, իմպիչմենտով վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի կալանավորմանը։

«Մենք այդ առիթով հայտարարություն ենք տարածել, որտեղ մեկ անգամ ևս ընդգծել ենք, որ ՀՀ դատական համակարգը քաղաքականացված է, և դատավճիռները, այսպես ասեմ՝ կախված են մեկ անձի կամքից։ Ակնհայտ է, որ ամբողջ դատավարության ընթացքում որևէ լուրջ ապացույց չի ներկայացվել՝ կապված Դավիթի կողմից հանցավոր գործունեության հետ։ Բացի դրանից, այդ հոդվածով աննախադեպ ժամկետ է կիրառվել։ Բնականաբար, այդ ժամկետը կիրառվել է, որպեսզի որևէ կերպ համաներումը չազդի այդ պատժամիջոցի վրա»,- նշեց Սերժ Սարգսյանը։
Ինչ վերաբերում է այս ամենի նկատմամբ արևմտյան կառույցների լռությանը, Երրորդ նախագահը նկատեց՝ ամեն ինչ շատ պարզ է, որովհետև նրանք սատարում են այսօրվա իշխանություններին։

«Նրանք շարժվում են ոչ թե սկզբունքներով, այլ շարժվում են շահով»,- շեշտեց Երրորդ նախագահը։

Կարդացեք նաև

Ճշտող հարցին՝ երբ ժամանակին այդ կառույցների ներկայացուցիչների հետ շփվում էր, սա՞ էր նրանց պատկերացրած ժողովրդավարությունը, Սերժ Սարգսյանը պատասխանեց՝ ոչ։

Նշենք, որ Դավիթ Համբարձումյանը կալանավորվեց երեկ երեկոյան՝ «Զվարթնոց» օդանավակայանում, նրան իրավապահները նույնիսկ թույլ չտվեցին տեսնել անչափահաս երեխաներին, որոնք նրան սպասում էին օդանավակայանի սպասասրահում։

Հիշեցնենք, որ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը հոկտեմբերի 23-ին ազատազրկման է դատապարտվել 6 տարի 3 ամիս ժամկետով։ Նա «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածուն է։
Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու և ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։ Համբարձումյանը կալանավորվել էր, հետո 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել: ՔԿ-ն 2019 թվականին հանցակազմի բացակայության պատճառով դադարեցրել էր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը զանգվածային անկարգությունների մասով։ Նա շարունակում էր մեղադրյալ մնալ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հոդվածով:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս