«Լաչինի միջանցքը միանշանակ պե՛տք է բացվի և բացվելո՛ւ է, ու առանց նախապայմանների»․ ՔՊ-ական պատգամավոր
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ բոլոր հարթություններով բանակցություններ են իրականացվում, որպեսզի Լաչինի միջանցքը բացվի։
Նրա խոսքով՝ մեծ աշխատանք է տարվում նաև Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ միջազգային ճնշումն ուժեղացնելու համար․
«Հարցը կայանում է նրանում, թե այդ միջազգային ճնշումներն արդյոք բավարար կլինե՞ն, որպեսզի Ադրբեջանն իր սադրիչ գործողություններին վերջ տա։ Այս պահի դրությամբ, ցավոք սրտի, ճանապարհը մնում է փակ, և սա առաջացնում է այն իրավիճակը, որ մեր աշխատանքները պետք է ավելի ակտիվ լինեն, պետք է շարունակություն ունենան, որպեսզի ամեն կերպ ուժեղացնենք միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա»։
Հարցին՝ բացառապես այդ կե՞րպ է հնարավոր հասնել հարցի հանգուցալուծմանը, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց, որ մի շարք ուղղություններով են աշխատանքներ իրականացվում, այդ թվում՝ ռուս խաղաղապահների գործառույթների կատարման, և պահանջներ կան նաև ուղղված նրանց, որպեսզի իրենց առջև դրված խնդիրները լուծեն․
«Պարտավո՛ր են, բայց նաև հարց է առաջանում՝ կարողանո՞ւմ են լուծել, թե՞ ոչ, այդ պարտավորությունն ի զորո՞ւ են իրականացնել, թե՞ ոչ։ Կարծում եմ, որ ռուս խաղաղապահներն ի զորու են այդ խնդիրը լուծել, ուղղակի ժամանակի հարց է, և ամեն ինչ արվում է, որպեսզի էսկալացիոն պրոցեսներ չլինեն, այդ իսկ պատճառով որոշակի ժամանակահատված են պահանջում այդ պրոցեսները»։
Դիտարկմանը, որ ռուս խաղաղապահների գործունեության հասցեին քննադատություններ հնչեցին իշխանությունների կողմից, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի, ինչին արձագանքեցին Կրեմլից և ՌԴ ԱԳՆ-ից՝ նշելով, որ նման հայտարարություններն անընդունելի են իրենց համար, Արմեն Խաչատրյանն այսպես արձագանքեց․
«Խաղաղապահ առաքելությանը նախ՝ գնահատական է տալիս Արցախի բնակչությունը, և երկրորդ՝ Հայաստանի Հանրապետությունը։ Հիմա իրենց առջև դրված է կարևորագույն խնդիր՝ Լաչինի միջանցքի անվտանգությունը և ազատ երթևեկն ապահովելու։ Այսօր այդ գործառույթը խաթարվել է, և խաղաղապահները դեռևս չեն կարողանում իրենց ստանձնած պարտավորությունը կատարել։
ՀՀ իշխանությունների կողմից, իհարկե, գնահատական է հնչել, որ խաղաղապահները չեն կարողանում իրենց ստանձնած պարտավորությունները կատարել։ Սա փաստական իրադրության արձանագրում է, ոչ այլ բան։ Բայց մենք հույս ունենք, որ խաղաղապահներն իրենց առջև դրված պարտավորությունները շուտով կկատարեն։ Դրա համար եմ ասում՝ հարց է՝ արդյոք պարտավորությունը կարողանո՞ւմ են կատարել, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ իրենք որոշակի խնդիրներ ունեն, Ռուսաստանն Ադրբեջանի և այլ երկրների ճնշման տակ է, բայց վստահություն ունեմ, որ ռուս խաղաղապահներն իրենց առջև դրված խնդիրը կլուծեն, որովհետև դա իրենց հիմնական առաքելությունն է։
Լաչինի միջանցքը միանշանակ պե՛տք է բացվի և բացվելո՛ւ է, ու առանց նախապայմանների»։
Հարցին՝ պաշտոնական Երևանը Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ ուղիղ բանակցո՞ւմ է պաշտոնական Բաքվի հետ, ՔՊ-ական պատգամավորը բացասական պատասխան տվեց․
«Ո՛չ, բանակցությունները տեղի են ունենում միջնորդների միջոցով, և հիմնականում այս խնդրի ամբողջ առանցքը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերն են, և նրանք են այդ խնդրով հիմնականում զբաղվում, բանակցում ադրբեջանական կողմի հետ»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։