Երկար փակ չեն կարող պահել ճանապարհը, որովհետև այդ ռեսուրսն Ադրբեջանը չունի. ադրբեջանագետ

«Ալիևը հասկացրել էր, որ եթե չլինի «Զանգեզուրի միջանցքը», կփակեմ Բերձորի միջանցքը: Փորձեց անել, բայց հավաստիացնում եմ, այն շուտով բացվելու է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:

Նրա խոսքով՝ ադրբեջանցիները, նաև գեներալ Վոլկովի նկատմամբ  ցուցաբերած վերաբերմունքից  հետո, արդեն գիտեն, թե այս ամենն ինչով է վերջանալու:

«Երկար փակ չեն կարող պահել ճանապարհը, որովհետև այդ ռեսուրսն Ադրբեջանը չունի: Եթե հիմա Ադրբեջանը հետ չկանգնի՝ իր համար այս ամենն արյան ծովով է վերջանալու: Նման փորձեր թշնամին էլի կարող է  անել, քանի դեռ Ռուսաստանի վիճակն Ուկրաինայում վատ լինի»,- նշեց ադրբեջանագետը՝ ընդգծելով, որ մեր կողմից համապատասխան գործողություններ պետք է  արվեն:

«Արցախի պետնախարարի խորհրդական  Արտակ Բեգլարյանը բողոքի ակցիա է կազմակերպել ՄԱԿ-ի դիմաց. Առողջական խնդիրներ չլինեին՝ ես ևս կմիանայի նրան: Ամենակարևորը՝ պետք է փորձենք զարգացնել մեր բանակը, որպեսզի Ադրբեջանի նպատակն իրականություն չդառնա»,- եզրափակեց նա:

Կարդացեք նաև

Ավելի վաղ մեզ հետ զրույցում, այսպես կոչված, «բնապահպանների» ակցիային անդրադարձել էր նաև Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ ասելով. «Զարմանալի է, ո՞ւր էին այդ բնապահպանները, երբ Ադրբեջանը ֆոսֆորի ռումբեր էր նետում Լեռնային Ղարաբաղի անտառների, բեկորային ռումբեր էին նետում քաղաքացիական շենքերի, մանկապարտեզների, դպրոցների, հիվանդանոցների վրա։ Երևի այդ ժամանակ սելֆի էին անում Ռամիլ Սաֆարովի հետ»:

Հայ ժողովրդական երգերի մեկնաբան Արսեն Գրիգորյանն (Մրո) էլ խոսել էր աշխարհի շարունակվող լռության մասին՝ նկատելով. «Եթե ուշադրություն դարձնենք, նույնիսկ, եթե անգամ Աֆրիկայի որևէ գյուղ խնդիր է ունենում, այսպես կոչված, քաղաքակիրթ երկրների միջազգային կազմակերպությունները՝ ՄԱԿ-ից սկսած, վերջացրած մյուս կազմակերպություններով, սկսում են այդ վիճակի մասին խոսել, բայց այսօր, երբ մի ամբողջ ժողովուրդ, որոնցից 30.000-ից ավելին՝ երեխա, պատանդ են անարդար ու անիրավ ձևով, աշխարհը լռում է: Միջազգային կազմակերպությունների դրդապատճառները քաղաքական, տնտեսական նպատակներով են գուցե, որ ձայն չեն հանում: Ի՞նչն է պատճառը, քանի օր է՝ ես դրա մասին եմ մտածում ու որևէ պատճառ չեմ գտնում»:

Հիշեցնենք՝  8 օր է, ինչ ադրբեջանցի, այսպես կոչված, «բնապահպանները», փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Դեկտեմբերի 13-ի երեկոյից ադրբեջանական կողմը խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը, որը վերականգնվեց դեկտեմբերի 16-ին:

Հավելենք, որ դեռևս 2022թ. նոյեմբերի 8-ին թշնամի երկրի ղեկավարն ասել է՝ «Զանգեզուրի միջանցքը Հայաստանի պարտավորությունն է, որը ստանձնել է: Երկու տարի է՝ մենք ձեռք չենք տալիս Լաչինի ճանապարհով Հայաստանից Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ երթևեկող մեքենաներին։ Մենք պարտավորություն ենք վերցրել և կատարում ենք այն։ Հայաստանը նույնպես պարտավորություն է ստանձնել, որպեսզի ճանապարհային կապ լինի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Անցել է երկու տարի, չկա տեխնիկատնտեսական հիմնավորում, գործողություն, երկաթգիծ, ճանապարհ։ Որքա՞ն պետք է սպասենք»:

Տեսանյութեր

Լրահոս