
Այսօր, երբ մի ամբողջ ժողովուրդ, որոնցից 30.000-ից ավելին՝ երեխա, պատանդ են անարդար ու անիրավ ձևով, աշխարհը լռում է, ի՞նչն է պատճառը. Արսեն Գրիգորյան

«Ամեն ոք պետք է իր բաժին աշխատանքն անի: Ես մասնակցում եմ բողոքի ակցիաներին՝ ընդդեմ Ադրբեջանի, քանի որ տեսնում եմ՝ խնդիր կա իմ ժողովրդի անվտանգության հետ կապված»,- 168.am-ի հետ զրույցում ասաց հայ ժողովրդական երգերի մեկնաբան Արսեն Գրիգորյանը (Մրո):
Նա անդրադարձավ նաև աշխարհի շարունակվող լռությանը՝ նշելով. «Եթե ուշադրություն դարձնենք, նույնիսկ, եթե անգամ Աֆրիկայի որևէ գյուղ խնդիր է ունենում, այսպես կոչված, քաղաքակիրթ երկրների միջազգային կազմակերպությունները՝ ՄԱԿ-ից սկսած, վերջացրած մյուս կազմակերպություններով, սկսում են այդ վիճակի մասին խոսել, բայց այսօր, երբ մի ամբողջ ժողովուրդ, որոնցից 30.000-ից ավելին՝ երեխա, պատանդ են անարդար ու անիրավ ձևով, աշխարհը լռում է: Միջազգային կազմակերպությունների դրդապատճառները քաղաքական, տնտեսական նպատակներո՞վ են գուցե, որ ձայն չեն հանում: Ի՞նչն է պատճառը, քանի օր է՝ ես դրա մասին եմ մտածում ու որևէ պատճառ չեմ գտնում»:
Հիշեցնենք՝ վեց օր է, ինչ ադրբեջանցի, այսպես կոչված, բնապահպանները, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Դեկտեմբերի 13-ի երեկոյից ադրբեջանական կողմը խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը, որը վերականգնվեց դեկտեմբերի 16-ին: