Զարմանալի է, ո՞ւր էին այդ բնապահպանները, երբ Ադրբեջանը ֆոսֆորի ռումբեր էր նետում Արցախի անտառների, բեկորային ռումբեր՝ քաղաքացիական շենքերի, մանկապարտեզների, դպրոցների, հիվանդանոցների վրա. ՀԳՄ

Արդեն 5-րդ օրն է, ինչ մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Այս ամենի վերաբերյալ ի լուր աշխարհի իր ձայնն է բարձրացրել նաև ՀՀ Գրողների միությունը:

Միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դիմել են աշխարհի գրական-մշակութային կազմակերպություններին, գործիչներին և ակնկալում են նրանց արձագանքը, իսկ հայտարարության մեջ գրված է.

«Ադրբեջանցի «բնապահպանները» փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը՝ բնապահպանական հորինովի խնդիրներով, որոնք հետո վերաճեցին քաղաքական պահանջների։ Զարմանալի է, ո՞ւր էին այդ բնապահպանները, երբ Ադրբեջանը ֆոսֆորի ռումբեր էր նետում Լեռնային Ղարաբաղի անտառների, բեկորային ռումբեր էին նետում քաղաքացիական շենքերի, մանկապարտեզների, դպրոցների, հիվանդանոցների վրա։ Երևի այդ ժամանակ սելֆի էին անում Ռամիլ Սաֆարովի հետ։ Բարեբախտաբար աշխարհի բարեսիրտ մարդիկ, օրինասեր միջազգային կազմակերպությունները և երկրները իրենց ձայնն են բարձրացնում այս անմարդկային, ցեղասպան, դարերով մշակված գործողությունների դեմ։ Լեռնային Ղարաբաղում գրողների միության անդամները գտնվում են ծանր սոցիալ-տնտեսական և բարոյա-հոգեբանական վիճակում։ Նրանցից ոմանք ծեր են, հիվանդ և կարիք ունեն բուժօգնության և աջակցության»,- նշեց Գրողների միության նախագահը:

Կարդացեք նաև

Միլիտոնյանը, ի դեպ, այս ընթացքում կատարվողի վերաբերյալ հասցրել է բանաստեղծություն գրել՝ շեշտադրելով նաև, այսպես կոչված, բնապահպանի կողմից ելույթի ընթացքում ձեռքում պահած աղավնուն խեղդելու և սատկացնելու վրա:

Այն ներկայացնում ենք մեր ընթերցողներին։

Ահա հանկարծակի ճանապարհին հայտնվեցին

Խեղճ բնապահպաններ,

Նրանք եկել են Լեռնային Ղարաբաղի անտառները նետված

ֆոսֆորառումբերից

Գոյացած մոխիրը քսեն իրենց

Բարեշնորհ դեմքերին ի նշան բողոքի,

Ընդդեմ ոչ բնասեր Ալիևի։

Բնապահպան կնոջ ձեռքերում աղունիկ է թրթռում։

Նրանք՝ Բաքվի բանտերից փախած բնապահպաններ,

Փակել են ճանապարհը՝

Հանկարծ թե արցախցիք դուրս չգան տներից

Եվ ընկնեն

Պատերազմում մասնագիտացած իրենց դիպուկահարների

կրակոցից։

Աղավնյակի ղունղունն է խլանում ծափերի տարափից։

Էս համառ արցախցիք չեն հասկանում՝

Բնապահպան, մորթե վերարկուներով

Բարետես կանայք ու զինվորական բնապաշտ

Տղամարդիկ եկել են

Աղտոտված, ռմբահարված, արյամբ շաղախված

Բնությունը փրկեն հենց իրենցից՝ արցախցիներից,

Խեղդելով սովի, ցրտի և հիվանդությունների մեջ։

Այդ պահին ելույթ ունեցող բնապաշտպանի

Ձեռքերը օդ նետեցին ճախրելու պատրաստ աղավնի,

Նա ճերմակ էր, սիրունիկ աչքերով…

Եվ հանկարծ քարի պես օդից ընկավ

Բարեսիրտ ձեռքերում խեղդված աղավնին։

Ահա այսպես քնքուշ թաթիկներում

Կանշնչանան բոլոր նրանք, ովքեր

Հոշոտում են օդը, ջուրը, հողը,

Երկինքը։

Հասկացա՞ր, աշխարհ, քո հերթն էլ կգա։

Տեսանյութեր

Լրահոս