Հեքիաթներ են… իրականում Սփյուռքը սպասում է այս իշխանության հեռացմանը. Սփյուռքահայ գործարարներն արձագանքում են

Ներդրումների զուտ հոսքերը պակասել են, մաքուր պաշարները՝ կրճատվել. սա մասնագիտական շրջանակների ահազանգերն են վերջին ամիսներին: Հակառակ սրան՝ Էկոնոմիկայի նախարարը շարունակում է տնտեսության մասին անհավանական, անիրական պատկերներ ներկայացնել:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օրերս վստահեցրել է, օրինակ, որ սփյուռքահայերի 74 տոկոսը պատրաստ է Հայաստանում ներդրումներ անել: Բացի այդ՝ նա հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է ներդրումների ծավալը մինչև 2026թ.-ը հասցնել ՀՆԱ-ի 25 տոկոսի չափին, օտարերկրյա ուղղակի ներդրումներինը` 6 տոկոսին։

Ի դեպ, սփյուռքահայերի ցանկությունների մասին իր հայտարարությունը նախարարն արել էր դեռ հունիսին՝ այդ ցուցանիշը վերագրելով Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ կատարած համատեղ հետազոտությունների արդյունքներին:

Կարդացեք նաև

Մի կողմ թողնենք թվի իսկության մասին տարակուսանքը, և արձանագրենք՝ նախարարը 5 ամիս անց դարձյալ խոսում է սփյուռքահայերի «պատրաստակամության» մասին. ասել է թե՝ ներդրումները դեռ սկսվում և ավարտվում են «պատրաստակամությամբ»:

168.amը փորձել է սփյուռքահայ գործարարներից հետաքրքրվել, թե ի՞նչ դիտարկումներ ունեն նրանք Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հնչեցրած թվերի առնչությամբ:

«Այս խեղկատակն, ի տարբերություն իր մնացած գործընկերների, նման անհեթեթությունները տարածելով՝ իր նկատմամբ ատելություն չի առաջացնում. թերևս, միայն կարեկցանքի զգացում է սերմանում,- նախարարի հայտարարություններին անդրադառնալով՝ նշեց կանադահայ գործարար և համայնքային գործիչ Խորեն Մարդոյանը՝ մանրամասնելով,- Որևէ երկրում ցանկացած ներդրում կատարելու համար յուրաքանչյուր գործարարի համար կա մի պարզ բանաձև, այն է՝ ներդրումային դաշտի կանխատեսելիությունը, տվյալ երկրի կայունությունը և անվտանգությունը: Այս երեք կարևորագույն բաղադրիչների մասին բազմիցս բարձրաձայնվել է մեր երկրի պրոֆեսիոնալ տնտեսագետների կողմից: Եթե չկան վերը նշված կարևոր պայմանները, ներդրումների մասին խոսելն անմտություն է, մնացածը՝ հեքիաթներ են:

Սփյուռքի 74%-ի պատրաստակամության մասին իր հայտարարությամբ էլ նա հավանաբար նկատի ունի այն, որ Սփյուռքն իրոք պատրաստ է ներդրումներ անել՝ պարզապես սպասում է այս իշխանության հեռացմանը։ Այդ մասով դժվար է իր հետ չհամաձայնվել»:

Գործարարը շեշտեց՝ «74%»-ը զուտ մտացածին թիվ է՝ անտեղյակ քաղաքացու մոտ թվի հավաստիության զգացում հարուցելու նպատակ ունի, ապա խորհուրդ տվեց ծանոթանալ պաշտոնական վիճակագրության թվերին:

«Գալով Սփյուռքի գլխավոր հանձնակատար կոչված երևույթի հետ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համագործակցությանը՝ միայն մեկ դիտարկում կանեմ. այսպես կոչված, «Համաշխարհային Համահայկական Գագաթնաժողով» – կլոունադան, որը վերջերս ավարտվեց մասնակցության խայտառակ ցուցանիշով, կարծում եմ, տվել է բոլոր հարցերի պատասխանը: Այնպես որ, սփյուռքահայերի կողմից ներդրումների մասին խոսելն այս պայմաններում՝ պարզապես զառանցանք է»,- հավելեց Խորեն Մարդոյանը:

Գործարար Հրաչ Ջաբրայանը այս հայտարարությունը դիտարկում է իշխանությունների կողմից 4 տարի շարունակ արվող պոպուլիստական հայտարարությունների համատեքստում:

«Եթե ես գամ Հայաստանի Հանրապետություն, 100 ընդդիմադիր ընտրեմ և իրենց հարցումներ տամ ՀՀ ներկա իշխանության մասին, բնականաբար, 100 տոկոս բացասական պատասխան պետք է ստանամ. ճիշտ նույնը Քերոբյանի և այս իշխանության մոտեցումն է՝ Սփյուռքում խոսել են ներկա իշխանության 100 համախոհների հետ, և նրանցից 74-ին ներկայացնում են՝ որպես պատրաստակամ ներդրող: Հեքիաթներ են. որպես սփյուռքահայ, որպես շատ կապեր ունեցող մեկը՝ աշխարհի տարբեր երկրներում, կարող եմ ասել՝ բավական ծիծաղելի է: 4 տարի է՝ մեզ նման թվեր են ներկայացնում, սակայն 4 տարի է՝ փաստում ենք, որ սուտ են, և նրանք հետո ասում են, թե՝ նման բան չենք ասել, կամ դուք եք խեղաթյուրել մեր ասածը: Այսինքն՝ ըստ Նիկոլի, մարտերը դեռ շարունակվում են Շուշիի համար… էլ ինչ ասեմ, մնացյալն ավելորդ է ասել»,- նշեց գործարարը:

Տեսանյութեր

Լրահոս