
Այս հրեշավոր օպերացիան դեռևս չի ավարտվել. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Որքան հոգևոր են ժողովուրդները, այնքան ավելի ազգային են նրանք, իսկ Փաշինյանն ազգայինի ոխերիմ ախոյանն է:
«Արարատն ընդդեմ Արագածի» արհեստական, հիմարագույն և վտանգավոր հակադրությունը նույնն է, ինչ կռվացնել եղածը կորցրածի հետ:
Եւ սա անթաքույց անբարո է, քանզի երկուսն էլ քոնն են՝ ինչպես չես կարող մոռանալ պատանդ ընկած ավագ որդուդ, հրաժարվել նրանից, չկախել նրա լուսանկարը պատից և դա հիմնավորել կրտսերին սիրելու ցնորքով:
Կարելի է և պետք է սիրել մեկին և չմոռանալ մյուսին, քանզի երկուսն էլ քոնն են:
Հայտնի է, որ պատերազմները ժողովուրդներից ազգ են սարքում: Այսպես եղավ հայերիս հետ Արցախյան առաջին պատերազմի հաղթական ավարտից հետո:
Սակայն ճիշտ է նաև հակառակը. պատերազմները կործանում են ազգերին, և 44-օրյա պատերազմի ողբերգական ավարտից հետո հայ ազգը կրկին ժողովուրդ դարձավ:
Իսկ դրանից հետո մեր դեմ շարունակվող սողացող պատերազմը, Նիկոլի վերարտադրությունը և Արցախի կորուստը մեզ իջեցրին էթնիկ սանդղակի է՛լ ավելի ցածր մակարդակի՝ բնակչության:
Փաշինյանի բոլոր ջանքերը միտված են մեզ՝ որպես էթնիկ խումբ, հենց այս մակարդակում զմռսելուն, թույլ չտալու ինքնության բարձր մակարդակի վերակենդանացում:
Ինչո՞ւ՝ կհարցնեն ոմանք, ո՞րն է դրա նպատակը. պատասխանը մակերեսի վրա է: Դեռևս Սեմուել Հանթինգտոնը փաստել էր, որ ազգային շահերը բխում են ազգային ինքնությունից, և որքան ցածր լինի մեր ինքնության մակարդակը, այնքան պրիմիտիվ կլինեն մեր շահերը, իղձերը, նպատակները, և այդքան հեշտ ու էժան կվաճառի նա մեզ համաշխարհային գեոպոլիտիկ շուկայում:
Արդյունքում՝ ունենք վիճակ, երբ 2018-ին հայ ազգի վարչապետ ցնծությամբ դարձած մարդն այդ նույն ազգին 5 տարվա ընթացքում հասցրեց բնակչության մակարդակի և հեռանալու փոխարեն՝ փորձում է փոխել 4500 տարվա պատմություն ունեցող էթնոսի «ես»-ը:
Այս հրեշավոր օպերացիան դեռևս չի ավարտվել, և զոհը դեռևս փրկվելու և ռենեգատին պատժելու շանս ունի: Համաշխարհային մակարդակի ողբերգություն կլինի, եթե ազգի «կոդերը» փոխելն ավելի հեշտ լինի, քան Փաշինյանին:
Հուդային՝ դավաճանությամբ, իսկ Հերոստրատին՝ անառողջ փառքի տենչանքով հավասարված Նիկոլը վաղուց անհույս է: Իսկ հայ ժողովո՞ւրդը:
(Հատվածներ PostNikol իմ բանտային հոդվածաշարից)»: