Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում միջնորդել է հարցաքննել Նիկոլ Փաշինյանին

Այսօր Բաքվում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը»։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Վարդանյանը մի քանի միջնորդություն է ներկայացրել։

Դրանցից մեկով նա խնդրել է, որ իր դեմ նախաձեռնված քրեական գործով հարցաքննեն մի շարք անձանց, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին, Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցիչներին։
Նրա պաշտպան Աբրահամ Բերմանը հայտարարել է, որ պաշտպանում է միջնորդությունը:

Այսօր Բաքվում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը»։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Վարդանյանը մի քանի միջնորդություն է ներկայացրել։

Գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե նշված մարդիկ կապ չունեն քննվող գործի հետ, դատախազները խնդրել են դատարանին միջնորդությունը քննության առարկա չդարձնել։ Դատավորների կոլեգիան հայտարարել է, որ միջնորդությունը չի քննվի, սակայն ապագայում Վարդանյանը կարող է կրկին միջնորդություն ներկայացնել։

Ավելի ուշ Ռուբեն Վարդանյանը ևս մեկ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ հայտարարելով, որ ինքը զինվորական չէ, ուստի համաձայն չէ, որ իր դեմ հարուցված գործը քննվի ռազմական դատարանում, սակայն դատարանը մերժել է ներկայացված միջնորդությունը։

Արցախի նախկին պետնախարարը ևս մեկ միջնորդություն է ներկայացրել՝ հայտարարելով, որ ցանկանում է ծանոթանալ իր և իր պաշտպանի կողմից նախորդ դատական նիստերի ընթացքում ներկայացված միջնորդությունների վերաբերյալ որոշումներին, խնդրել է այդ որոշումների վերաբերյալ քաղվածքներ տրամադրել: Նախագահող դատավորը նշել է, որ պայմաններ կստեղծվեն դրանց ծանոթանալու համար:

Իր մեկ այլ միջնորդության մեջ Վարդանյանը հայտարարել է, որ համաձայն չէ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքին: Նա նաև խնդրել է դատարանում հարցաքննել այն անձանց, ովքեր ժամանակին Արցախում ղեկավարել են ռուսական խաղաղապահ զորակազմը։ Դատավորը հայտարարել է, թե ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարները կապ չունեն այս գործի հետ, միջնորդությունը թողնվել է առանց քննության՝ ապագայում կրկին ներկայացնելու հնարավորությամբ:

Այնուհետև ցուցմունք են տվել «տուժողներն» ու «տուժողների իրավահաջորդները»։

Ռուբեն Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը խնդրել է հնարավորություն ընձեռել պաշտպանյալի հետ փակ հանդիպման համար: Դատարանը բավարարել է միջնորդությունը։

Հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերի 23-ին:

Տեսանյութեր

Լրահոս