
Հնդկաստանը շահագրգռված է ԵԱՏՄ-ի հետ առևտրի ընդլայնմամբ․ ԵՏՀ նախարար

Հնդկաստանը շահագրգռված է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ առևտրի զարգացմամբ, այդ շահագրգռվածությունը երկկողմանի է։ Այս հայտարարությունն արել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։
«Իհարկե, հնդիկ գործընկերները կցանկանային ավելի շատ ապրանքներ մատակարարել մեր շուկա։ Դա համապատասխանում է նաև մեր շահերին։ Մենք նույնպես կցանկանայինք հնդկական ապրանքներ ավելի շատ տեսնել մեր շուկայում: Մեր գլխավոր խնդիրն է, որ մեր եվրասիական ապրանքները նույնպես ավելի շատ լինեն Հնդկաստանի շուկայում»,-ասել է Սլեպնյովը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարարը երեկ մեկնել է Հնդկաստան և արդեն բանակցել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի հետ:
«Մենք, իհարկե, խոսել ենք այն խոչընդոտների մասին, որոնք խանգարում են առևտրին, խանգարում են բիզնեսին։ Հնդկական կողմը առաջ է քաշել իր հարցերը, մենք էլ մեր կողմից հարցերի որոշակի շարք ունենք, որոնք պետք է լուծվեն. հենց դա է բանակցությունների թեման։ Կարևոր է, որ այն քաղաքական ազդակը, որը տվել են պետությունների ղեկավարները, մեր բանակցային թիմերը վերցնեն, և որ դա արտահայտվի արդեն կոնկրետ ապրանքախմբերի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններով»,-նշել է նա։
Միջազգային առևտրի կենտրոնի (Առևտրի համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի համատեղ գործակալության) տվյալներով՝ ԵԱՏՄ երկրների և Հնդկաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականին կազմել է 69 միլիարդ դոլար՝ 2023 թվականի համեմատ աճելով 7 տոկոսով: