«Փաշինյանն ու թիմը Տեր-Պետրոսյանի սիգարետի մոխիրի չափ բան արե՞լ են էս երկրի համար». Հարութ Ուլոյան

Հրապարակախոս Հարութ Ուլոյանն այն կարծիքին է, որ Արարատ լեռան պատկերը ՀՀ պետական սահմանահատման կնիքի վրայից հեռացնելու կառավարության որոշումը գործող իշխանության կողմից Թուրքիային հաճոյանալու հերթական քայլերից է:

«Ենթադրենք՝ նման պահանջ կա Թուրքիայից, որ Արարատի պատկերը մեր կողմից օգտագործելը սպառնալիք է իրենց համար, ուզում եմ հասկանալ, թե այս շղթան մինչև ուր է գնալու: Այս շղթան հաստատ չի ավարտվելու սրանով: Դասագրքերից, մեր մշակութային ստեղծագործություններից Արարատի վերաբերյալ ամեն բան դո՞ւրս է գալու, եթե իրենք դա պայմանավորում են «իրական Հայաստանի» գաղափարախոսությամբ: Եղիշե Չարենցի հայտնի բանաստեղծությունը պետք է դպրոցական ծրագրից դուրս գա՞, պատկերասրահներից Արարատի նկարները պետք է հանվե՞ն: Տրամաբանությունը հուշում է, որ հենց այդ ուղով էլ գնալու են… Առնվազն Արարատի բարձրությամբ պետք է պատ շարեն, որ ոչ ոք դա չտեսնի և չոգեշնչվի դրանով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Ըստ նրա՝ Փաշինյանի քաղաքականությունը տանում է ազգի բովանդակազրկման. «Մեզ վերջում դարձնելու է անկարող, իմպոտենտ ազգ: Իր արածն այդ տրամաբանության մեջ է… Մենք զիջում ենք՝ դիմացը ոչինչ չստանալով: Թե՛ տարածքներ ենք զիջում, թե՛ ֆորմալ փաստաթղթերից ենք հրաժարվում, Մինսկի խումբն ենք լուծարում: Օգոստոսի 8-ի հռչակագրում գրվածը կեղծում են իշխանությունները: Հռչակագրի երրորդ կետով benefit բառը չգիտեմ՝ ոնց են թարգանել առավելություն, և ներկայացնում են՝ փոխադարձ առավելություններ: Իսկ այնտեղ նշված է փոխադարձ օգուտներ, որը ոչ թե Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհին է վերաբերում, այլ մեր կողմից Ադրբեջանի տրամադրվելիք ճանապարհի վերաբերյալ է»:

Կարդացեք նաև

Հարութ Ուլոյանի խոսքով՝ ոչ թե հավաքական ընդդիմությունն է պատերազմի մասին խոսում, այլ հենց Փաշինյանն է ամեն քայլ իրականացնելիս թե՛ ընդդիմությանը, թե՛ ժողովրդին վախեցնում պատերազմով. «Նոյեմբերի 9-ը ստորագրեց, ասաց՝ եթե հրաժարվենք, կստանանք պատերազմ: Այդ օրակարգով 2021-ի ընտրություններն իրականացրեց: Հետո նշաձողի իջեցումը դրանով պայմանավորեց, հետո 4 գյուղ հանձնեց Ադրբեջանին՝ ասելով, որ եթե չհանձնենք, պատերազմ կլինի: Հիմա էլ են ասում՝ եթե սա չանենք՝ պատերազմ կլինի: Արդեն անցել է առաջ և ապագա սահմանադրական փոփոխություններն է հիմնավորում՝ ասելով, որ եթե ժողովուրդը զգա, որ դա խոչընդոտ է խաղաղության հաստատմանը, հաստատ կողմ կքվեարկի: Այնպես որ, ոչ թե ընդդիմությունն է պատերազմ ուզում, այլ ինքն է պատերազմի վտանգով անընդհատ վախեցնում: Իրենց օրակարգերը բերում են, ասում են՝ եթե սա չանենք, կլինի պատերազմ: Ես չգիտեմ՝ ընդդիմությունն ի՞նչն է սխալ ասում, երբ նշում է, որ պատերազմի վտանգը դուրս չի գալիս: Պատերազմի վտանգը հենց Փաշինյանն է. նա է իր բոլոր քայլերն իրականացնում պատերազմի վտանգի ներքո»:

Հրապարակախոսի համար զարմանալի է, թե ինչպես է երբեմնի «ոչմիթիզական» ժողովուրդը հիմա կուլ տալիս ազգային արժեքների, ազգային ինքնության ոտնահարումները. «Կա՛մ նախկին իրենց այդ տրամադրություններն էին կեղծ, կա՛մ Փաշինյանի պրոպագանդան այն կարգի է, որ մարդկանց ուղղակի հիասթափեցրել է, չգիտեմ… Ես դժվար եմ ընկալում սա: Կան մարդիկ, որ ամեն ինչ հասկանում են, բայց գուցե սպասում են ընդդիմությանը կամ նոր ուժերի ձևավորմանը, որ կարողանան իրենք էլ արտահայտվեն»:

Անդրադառնալով ՔՊ-ականների և Փաշինյանի կողմից Առաջին նախագահի զգուշացումներին ի պատասխան հնչեցրած վիրավորանքներին, նա նշեց. «Թե՛ Փաշինյանը, թե՛ մյուսներն այս պետության համար Տեր-Պետրոսյանի սիգարետի մոխրի չափ բան արե՞լ են: Ի՞նչ են արել այս երկրի համար, որ իրենց իրավունք են վերապահում Տեր-Պետրոսյանի կամ թեկուզ մյուս նախկին նախագահների մասին այդ տոնով խոսել կամ ինչ-որ մեղադրանքներ ներկայացնել: Փաշինյանը մի քանի անգամ խոստովանեց, որ 2020-ից առաջ հենց ինքն է նախաձեռնել ոչմիթիզականությունը, իմացել է, որ պետք է տանի պատերազմի, որ Ղարաբաղը պետք է կորցնենք, որ մենք նոր ձեռք բերենք անկախություն, ինքնիշխանություն և այլն: Դա իմ մեկնաբանությունը չէ, այս տարվա օգոստոսի 23-ի իր ուղերձում է նշել, ով չի հավատում՝ թող գնա կարդա, բառացի այդ մարդը նման բան է գրել: Այդտեղ նախկին ղեկավարներն ի՞նչ կապ ունեն: Նրանք իրականացրել են քաղաքականություն, որն ուղղված է եղել Արցախը պահելուն»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս