Թուրքիան և Բրազիլիան կնքել են ռազմարդյունաբերական համագործակցության 5-ամյա համաձայնագիր

Բրազիլիայի Կոնգրեսը պաշտոնապես հաստատել է Թուրքիայի հետ ռազմարդյունաբերության ոլորտում 5-ամյա համագործակցության համաձայնագիրը, որը հրապարակվել է երկրի գլխավոր պաշտոնաթերթում։ Փաստաթուղթը ներառում է համատեղ արտադրություն, հետազոտություն, արդիականացում, ինչպես նաև երրորդ երկրներին համատեղ վաճառքների հնարավորություններ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ համաձայնագրի՝ թուրքական ռազմարդյունաբերական ընկերություններին կտրվեն նոր հնարավորություններ բրազիլական շուկայում, իսկ Բրազիլիան կկարողանա օգտվել տեխնոլոգիական հնարավորություններից և արտադրական ներուժի զարգացման ծրագրերից։

Թուրքական ընկերությունները վերջին տարիներին ակտիվորեն ներգրավված են Բրազիլիայի ռազմարդյունաբերության մեջ։ Օրինակ՝ «Otokar» ընկերության «TULPAR» զրահամեքենան ընդգրկվել է Բրազիլիայի պաշտպանության նախարարության կողմից հայտարարված մրցույթի ցուցակում, «Kale» ընկերության «KTJ-3200» շարժիչը դիտարկվում է նոր հրթիռային ծրագրի համար, իսկ «Canik» ընկերությունը հաղթել է ծանր գնդացիրների մատակարարման մրցույթում։

Բրազիլիան նաև ուսումնասիրում է թուրքական անօդաչու թռչող սարքերի՝ մասնավորապես «Bayraktar TB2»-ի կիրառման հնարավորությունը։

Տեսանյութեր

Լրահոս