Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն ու Վահան Քերոբյանը չեն արձագանքում
Պաշտոնական ցուցանիշները դեռ չհրապարակված, Նիկոլ Փաշինյանն ու էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հաճախ են հայտարարություններ անում տնտեսության տարբեր ոլորտում իշխանությունների արձանագրած «հաջողությունների» վերաբերյալ։ Ամեն ամիս աշխատատեղերի ու աշխատավարձերի իրենց հասանելի ցուցանիշներ են հրապարակում, առևտրի շրջանառությունների, հարկային եկամուտների գերակատարումներից ու տնտեսության աճերից են խոսում։
Կան ոչ պակաս, գուցե նաև ավելի կարևոր ցուցանիշներ, որոնց, սակայն, մոտ չեն գալիս։
Տևական ժամանակ է, ինչ հրապարակվել է ներդրումների վիճակագրությունը, բայց ո՛չ Նիկոլ Փաշինյանն է արձագանքում, և ո՛չ էլ Վահան Քերոբյանը։
Թե ինչո՞ւ, հավանաբար կռահեցիք՝ դրանք բոլորովին էլ իրենց օգտին չեն։ Դրա համար կառավարության նիստերին հատուկ շոուներ չեն կազմակերպվում այդ թեմայով, հայտարարություններ չեն արվում, նույնիսկ Ֆեյսբուքում գրառումներ չեն թողնում։ Չնայած այնպես չէ, որ ներդրումները և հատկապես օտարերկրյա ներդրումները պակաս կարևոր են, քան այն թեմաները, որոնք պարբերաբար շրջանառում են իշխանությունները՝ հասարակության ականջը շոյելու համար։ Ու քանի որ իրենք խուսափում են դա անել, փորձենք մենք անդրադառնալ։ Ճիշտ է, ներդրումների վերաբերյալ առկա ամենաթարմ տվյալները վերաբերում են տարվա առաջին երեք ամիսներին։ Տարին կիսվել է, նոր պաշտոնական վիճակագրությունն առաջին եռամսյակի տվյալներ է հրապարակում։
Իհարկե, նախկինում էլ էին ներդրումների ցուցանիշներն ուշ հրապարակվում, բայց դա առնվազն մեկ ամիս ավելի շուտ էր լինում։ Հիմա ընդհանրապես են ուշանում։
Բավարարվենք նրանով, ինչ կա, ու տեսնենք, թե ի՞նչ ունենք ներդրումների ոլորտում այս տարի։ Ներդրումներ, որոնցից մեծապես կախված են մեր տնտեսության ապագան, տեխնիկական վերազինումն ու արտադրողականության բարձրացումը։ Մեր տնտեսության արտադրողականությունը շատ ցածր է, ու այն բարձրացնելու միակ տարբերակը հնարավորինս շատ ներդրումներ ներգրավելն է ու տեխնիկապես վերազինելը։
Թե մինչև հիմա ինչքանո՞վ է դա հաջողվել անել Հայաստանին ներդրումային հրաշքներ խոստացող այս իշխանություններին, նախորդ տարիներին արդեն տեսել ենք։ Այս տարին ևս չի փայլում իր ներդրումային առաջընթացով։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ տարեսկզբի առաջին երեք ամիսներին օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել են ընդամենը 26,9 մլրդ դրամ։
Ի դեպ, սրա վրա չկա դոլարի ու եվրոյի էժանացման ազդեցությունը։ Ընդհակառակը՝ փոխարժեքի շուկան այն ժամանակ մի բան էլ նպաստավոր էր, որպեսզի ներդրումների ցուցանիշները դրամով արտահայտված ավելի ճոխ երևային։
Բայց, ինչպես տեսնում ենք, ունենք շատ տխուր պատկեր։ Երեք ամսվա ընթացքում Հայաստանում իրականացված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել են, կոպիտ հաշվարկով, հազիվ 54-55 մլն դոլար։
Նախորդ տարվա համեմատ բացարձակ փոփոխությունը գրեթե 50 մլրդ դրամ է կամ ավելի քան 100 մլն դոլար։ Այդքանով զուտ հոսքերի նվազում ունենք։
Բայց, որ ավելի վատ է, նվազել են նաև ուղղակի ներդրումները։ Նախորդ տարի զուտ հոսքերը եղել էին 34,8 մլրդ դրամ, այս տարի՝ 22,4 միլիարդ։ Այս դեպքում էլ բացասական փոփոխությունը 12,4 միլիարդ է կամ առնվազն 25 մլն դոլար։
Ինչպես ընդհանրապես, այնպես էլ ուղղակի ներդրումների կենտրոնացվածությունը շատ բարձր է։
Դրսից մեր տնտեսության մեջ մտած կապիտալի հիմնական մասը ռուսական է. 26,9 մլրդ դրամ ընդհանուր ներդրումներից՝ գրեթե 19,8 միլիարդը, և 22,4 մլրդ դրամ ուղղակի ներդրումներից՝ 16 միլիարդը։ Գումարը գնացել է հիմնականում 2 ոլորտ՝ հանքարդյունաբերություն և էներգետիկա։
Ինչպես հայտնի է, անցած տարի իշխանությունների ճնշումների ու անհայտ գործարքների արդյունքում Հայաստանի ամենախոշոր հանքարդյունաբերական ձեռնարկությունը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», անցավ ռուսական ընկերության վերահսկողության տակ։ Դա էլ, ըստ էության, բերել է ոլորտում ռուսական կապիտալի մուտքերի ավելացմանը։
Փոխարենը՝ բազմաթիվ երկրներից ունենք ներդրումային հոսքերի կրճատումներ։ Բայց կարևորը ոչ այնքան երկրների աշխարհագրությունն է, թեև դա էլ ունի իր նշանակությունը, որքան ներդրումների իրական ծավալները։ Պաշտոնական հրապարակումները վկայում են, որ այս առումով վերջին տարիներին իշխանություններին այդպես էլ չհաջողվեց որևէ էական առաջընթաց արձանագրել։ Պատկերացնելու համար բերենք նախորդ մի քանի տարիների տվյալները։
2018թ. առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել էին 33,2 մլրդ դրամ։ Ուղղակի ներդրումների պարագայում ցուցանիշներն ավելի բարձր էին՝ 40,3 մլրդ դրամ։ Բացարձակ տարբերությունը նախորդ տարվա համեմատ մի դեպքում՝ կազմել էր շուրջ 26,8 միլիարդ, մյուս դեպքում՝ 20,6 մլրդ դրամ։
Սա այն ժամանակահատվածն է, որ Հայաստանում իշխանությունը դեռ չէր փոխվել։ Բայց արդեն սկսվել էր պրոցեսը, և դա ևս հավանաբար իր ազդեցությունը թողել է այս ցուցանիշների վրա։ Դրանով հանդերձ, ունեինք ներդրումների դրական վիճակագրություն։
Իշխանափոխությանը հաջորդած տարում, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը Հայաստանին ներդրումային սարեր էին խոստանում, առաջին եռամսյակում ունեցել ենք օտարերկրյա ներդրումների 56,5 մլրդ դրամի զուտ հոսքեր։ Ուղղակի ներդրումների զուտ հոսքերը նույն ժամանակ կազմել էին ընդամենը 9,5 մլրդ դրամ։ 2020թ. տարեսկզբին ներդրումների զուտ հոսքերը կրկին բացասական են եղել. ընդամենը ներդրումները -17,1 միլիարդ էին, ուղղակի ներդրումները՝ -11,3 միլիարդ։
Ընդ որում, այս ցուցանիշների վրա գրեթե չկար համավարակի ազդեցությունը։ Բայց անգամ այդ պայմաններում ունեցել ենք այսպիսի տխուր իրավիճակ։ Դրան հաջորդող տարում օտարերկրյա ընդամենը ներդրումների զուտ հոսքերն առաջին եռամսյակում եղել են 55,9 միլիարդ, իսկ ուղղակի ներդրումները՝ 22,7 մլրդ դրամ։ Այս տարվա մասին էլ արդեն խոսեցինք։
Սա այն ներդրումային իրավիճակն է, որին մեր տնտեսությունն առնչվել է այս իշխանությունների գործունեության տարիներին։ Այն, ինչ ունենք օտարերկրյա կապիտալի հոսքերի առումով, ոչ մի կերպ չի կարող գոհացուցիչ համարվել։ Թեև առանց այդ ցուցանիշների էլ տեսնում ենք, թե իշխանությունների հայտարարած միլիարդավոր դոլարների ներդրումային ծրագրերն ինչքանով են իրականություն դառնում։ Դեռ 2018թ. էին խոսում մինչև 5 միլիարդի ներդրումների մասին։ Բայց այդ ներդրումներն ու ներդրումային ծրագրերն այդպես էլ չտեսանք։ Որոշներն էլ բացվելուց կարճ ժամանակ հետո փակվեցին, որովհետև հիմնված էին քաղաքական փոփոխությունների, չհիմնավորված լավատեսության, և ոչ թե՝ բիզնես հաշվարկների վրա։
Հայաստանը միշտ էլ չի առանձնացել ներդրումային գրավչությամբ։ Բայց ղարաբաղյան պատերազմից ու անվտանգային խնդիրներից հետո, ներդրումային ռիսկայնությունն ավելի է մեծացել, ինչն էլ իր հետևանքն է թողնում օտարերկրյա հնարավոր ներդրողների մտադրությունների վրա։ Ոչ մի ներդրողի համար հաճելի չէ ռիսկի տակ դնել իր կապիտալը։ Չհաշված այն խնդիրները, որոնք վերջին տարիներին իշխանությունները մշտապես հարուցել են՝ ինչպես տեղական, այնպես էլ՝ դրսից եկած կապիտալի համար։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ