Մեր կարգի երկրները դրսի դոնորների համար վեր են ածվել մեծ «change»-ի. Ատոմ Մարգարյան

Դոլարը գահավիժում է. այսօր՝ հունիսի 24-ին, 1 դոլարը կարելի էր վաճառել նվազագույնը՝ 401 դրամով, առավելագույնը՝ 404 դրամով, գնել՝ 410-413 դրամով: Առկա իրավիճակի վերաբերյալ պաշտոնական ու մասնագիտական շրջանակների պարզաբանումները հաճախ իրարամերժ են:

168.am-ը դոլարի արժեզրկման պատճառների, իրավիճակի հետագա զարգացումների վերաբերյալ դիտարկումներ է լսել ՀՊՏՀ «Նորարարական և ինստիտուցիոնալ հետազոտությունների» լաբորատորիայի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանից:

Անդրադառնալով միջազգային տնտեսական համատեքստին՝ տնտեսագետը հիշեցրեց՝ օրերս ԱՄՆ Ֆեդռեզերվի կողմից շուրջ 0.75 կետով բարձրացվել է հիմնական տոկոսադրույքը:

«Կարելի է ասել՝ ԱՄՆ-ը քանակական խստացման քաղաքականություն է վարում, և բնական է՝ այդ ֆոնին դոլարը թանկանում է, և այն ավելորդ լիկվիդայնությունը, որ պանդեմիայի պայմաններում լցրել է շուկա, հետ է քաշում՝ հիպոթեքային և գանձապետական պարտատոմսերի վաճառքի միջոցով:

Բայց մյուս կողմից տեսնում եք՝ ԱՄՆ կառավարությունը շատ արկածախնդրորեն ֆինանսավորում է ռուս-ուկրաինական պատերազմը՝ հենց ուկրաինական կողմին ֆինանսավորելով տասնյակ-միլիարդավոր դոլարներով, ինչը համարում եմ ավանտյուրա: Այսինքն՝ ներքին շուկայում գնաճը զսպելու նպատակով կատարում է գործողություններ՝ բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, մյուս կողմից՝ փաստորեն, ավելացնում է պատերազմի ֆինանսավորումը, որը, հնարավոր է՝ նույն էֆեկտն ունենա, ինչ 1960-ական թթ. Վիետնամի պատերազմի ֆոնին՝ դոլարի գահավիժումը և դևալվացիան»,- մանրամասնեց նա:

Ատոմ Մարգարյանը թեև կանխատեսումներ անելը համարեց վաղ, սակայն նկատեց, որ առաջիկա տարիների ընթացքում ԱՄՆ-ը կշարունակի վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը՝ մինչև 3-3.5 տոկոս:

Անդրադառնալով Հայաստնում առկա իրավիճակին՝ տնտեսագետն արձանագրեց. «Մեր իրականությունը հիշեցնում է «թղթե տնակների թագավորություն». ֆինանսական, տնտեսական համակարգը, գնաճը և դրամավարկային քաղաքականությունն, ըստ էության, կապ չունեն իրար հետ»:

Նա թեև ՌԴ նկատմամբ պատժամիջոցների, դոլարը որպես վճարամիջոց դուրս մղելու և գործարքներում միայն ռուբլով վճարման պահանջ դնելու ֆոնին դոլարի արժեզրկումն օրինաչափ համարեց, սակայն ուշադրություն հրավիրեց «պարադոքսալ» մի երևույթ վրա՝ փոխանակային կետերում խիստ տարբերվող փոխանակային կուրսերի, ԿԲ ընթացիկ հաշվարկային փոխարժեքի վրա:

«Սար ու ձորի տարբերություն կա. որպես կանոն՝ փոխանակային կետերը շատ ավելի էժան են գնում և ավելի էժան վաճառում, բանկերը շատ ավելի էժան են գնում և ավելի թանկ են վաճառում՝մոտ 10-12 դրամով:

Սա նշանակում է՝ ամբողջ ֆինանսական համակարգը, գործարարների մի ստվար հատվածը, բնակչության մի մասը ներքաշված է սպեկուլյատիվ գործարքների խայտառակ հորձանուտի մեջ, ինչը շեղանկյան սկզբունքով հարվածում է իրական շուկային, գներին և փաստորեն, դառնում գնաճի հավելյալ գործոն:

Տեսնում ենք՝ գնաճը, փաստորեն, կապ չունի արժեշղթաների հետ. հիմնականում միջնորդ, ներկրման գործարքների մեջ մասնագիտացված, խարդախների գերշահույթների և չհիմնավորված եկամուտների աղբյուր է,- նշեց Ատոմ Մարգարյանը և որպես ասվածի ապացույց՝ վկայակոչեց 20-25 տոկոսով արժեզրկված դոլարի պայմաններում ներկրվող էներգակիրների կրկնակի թանկացումը,- Սա ուղղակի տրամաբանությունից դուրս իրավիճակ է: Հիմա եթե նայեք՝ ինչ է կատարվում մայրաքաղաքի և մայրաքաղաքից դուրս գտնվող գազալցակայաններում, մոտավորապես 15-20 տոկոսի գնային տարբերություն կա, և ոչ մեկի պետքն էլ չի՝ հետևել: Նկատենք՝ սահմանին գազի գնի բարձրացում չի եղել:

Մայրաքաղաքում գործում է մոնոպոլ կամ խմբիշխանական վաճառքի համակարգ: Սա ուղղակի խայտառակություն է. գնաճի շղթաների մեջ տրանսպորտային ծախսերը չափազանց մեծ ազդեցություն ունեն, բայց վերահսկող կառույցներն իրենց տեղում չեն՝ ոչ միայն ՏՄՊՊՀ-ն և Շուկայի վերահսկողության տեսչությունը, այլ նաև՝ ՀԾԿՀ-ն: Սա համակարգային խնդիր է. կոլապս է: Փաստորեն, գնաճը բնակչության աղքատ և միջին խավի եկամուտները վերաբաշխել է հօգուտ հարուստ խավի, բիզնես ունեցողների»:

Դիտարկմանը, որ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը վերջերս նշել է, թե Հայաստանը դոլարի հասանելիության խնդիր ունի, մեր զրուցակիցն արձագանքեց.

«Ի՞նչ հասանելիության մասին է խոսքը, երբ մի քանի անգամով կտրուկ ավելացել են մասնավոր քաղաքացիների կողմից տրասֆերտները՝ թե՛ ՌԴ-ից, թե՛ այլ երկրներից, երբ տեսնում ենք խայտառակ փաստ՝ ԱՄՆ կառավարությունը, պարզվում է, 120 միլիոն դոլար դրամաշնորհ է հատկացնում ՀՀ-ում ժողովրդավարության աջակցության և այլ բարեփոխումներին. սա ուղղակի անհեթեթություն է. կարծես թե Հայաստանը մտել էր ժողովրդավարական պարադիգմա. թե՞ այդպես չի, թե՞ մեզ խաբել են՝ մենք դեպի բռնապետութուն ենք գնացել. թող ասե՛ն:

Իսկ իրականում՝ դա դոլար է, որ պետք մտնի երկիր: Այսինքն՝ իրենց կանաչ թուղթը, այդ արժեզրկվող արժույթն այլևայլ ծրագրերի ու տարբեր սխեմաների տակ մտնելու է երկիր: Այս իրավիճակում մեր կարգի երկրները դրսի դոնորների համար վեր են ածվել մեծ «change»-ի:

Ես կարծում եմ՝ որևէ դոլարային մտածողություն, շրջանառություն չպետք է լինի. բոլոր գործարքները, գործառնությունները պետք է արվեն դրամով: Դոլարն ընդհանրապես սահմանի վրա պետք է փոխանակվի»:

Տեսանյութեր

Լրահոս