Մեր հասանելիությունը ԱՄՆ կանխիկ դոլարների նկատմամբ որոշակի նվազել է. ԿԲ նախագահ
«Ռուսաստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ առաջացել է մի իրավիճակ, երբ կա կանխիկ արտարժույթի շուկա և անկանխիկ արտարժույթի շուկա: Անկանխիկ արտարժույթի շուկայում այս պահին որևէ խնդիր չկա»,- ասուլիսում նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե՝ չնայած երկրում դոլար շատ կա, սակայն բանկերը դժկամորեն են դոլար տալիս:
Մարտին Գալստյանը հավաստիացրեց, որ անկանխիկ եղանակով ստացված տրանսֆերը, որը մուտք է եղել հայկական առևտրային բանկի թղթակցային հաշվին դոլարային տեսքով, այստեղ այն կփոխանցվի արտարժութային դոլարային հաշվի վրա՝ առանց խնդրի, սակայն խնդիրներն առաջանում են այն ժամանակ, երբ քաղաքացին այստեղ ուզում է դա վերցնել՝ որպես կանխիկ դոլար:
«Հիմա ստեղծված իրավիճակում մեր գործընկեր կենտրոնական բանկերը և բանկերը Հայաստանին ավելի մեծ դժկամությամբ են տալիս դոլարներ, որովհետև որոշակի տեսակետ կա, որ կարող է փոխանցվել ռուսական կողմին, ՌԴ քաղաքացիներին: Ուստի, մեր հասանելիությունը ԱՄՆ կանխիկ դոլարների նկատմամբ որոշակի նվազել է, ու դրանով պայմանավորված՝ բանկերը ցուցաբերում են որոշակի վարքագիծ»,- մեկնաբանեց ԿԲ նախագահը:
168.am-ը հետաքրքրվեց՝ այդ հանգամանքո՞վ է նաև պայմանավորված անգամ նույն բանկում անկանխիկ ու կանխիկ գործարքների տեսակից կախված՝ փոխարժեքի զգալի տատանումը:
«Այո, պայմանավորված է ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակով և ՌԴ-ում տիրող իրավիճակով, որովհետև հենց ռուսական շուկայում ստեղծվել է մի իրավիճակ, որ անկանխիկն ու կանխիկն իրարից տարբեր են, ուստի մենք չենք կարող անմասն մնալ այդ պրոցեսներից»,- ի պատասխան՝ նշեց նա: