«Այնպես է պետք անել, որ փոքր երկրների շահերը չդառնան մեծ խաղացողների առևտրի առարկա». ի՞նչ են պայմանավորվել Էրդողանն ու Պուտինը
Մինչ Հայաստանում օր օրի խորանում են Արցախի կարգավիճակի հարցի շուրջ ներքաղաքական կրքերը, շարունակվում են բրյուսելյան հարթակում Ադրբեջանի հետ բանակցությունները, և ընթանում է հայ-թուրքական երկխոսությունը, Ուկրաինայում շարունակվող պատերազմի ֆոնին Թուրքիան շարունակում է ցայտուն չեզոքություն պահպանել Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Սա, մեղմ ասած, դուր չի գալիս Արևմուտքին:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հերթական անգամ է հայտարարել, որ Անկարան մտադիր չէ միանալ հակառուսական տնտեսական պատժամիջոցներին։ Նա նշել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ազդել են նաև Թուրքիայի վրա։
«Մեր դիրքորոշումը հասկանալի է, և այն պետք է հասկանալի լինի այն միջնորդական դերի պատճառով, որ մենք զբաղեցնում ենք։ Մեր դիրքորոշումը պարզ է, մենք չենք կապում և թույլ չենք տա, որ դա արվի մեր միջոցով»,- ասել է նա։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էլ հայտարարել էր, որ Թուրքիան չի միանա «Ուկրաինայի շոուին», և հրաժարվել էր փչացնել Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները։ «Մենք հստակ և խիզախորեն Ռուսաստանին հայտնել ենք մեր դիրքորոշումը Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ։ Բայց մենք մտադիր չենք ներքաշվել այս շոուի մեջ, Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակվում են բոլոր հարթություններում»,- ընդգծել էր Թուրքիայի նախագահը։
Մեկ այլ հետաքրքրական դրվագ է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության հայտերի շուրջ Թուրքիա-հավաքական Արևմուտք լարվածությունը:
Պատերազմից հետո Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիացած Թուրքիան, ի տարբերություն դաշինքի մյուս անդամների, բացահայտ դեմ է, որ Ռուսաստանի սկանդինավյան հարևանները, որոնք երկար տարիներ չեզոքություն էին պահպանում, համալրեն դաշինքի շարքերը։
Անկարան, ընդդիմանալով ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, կոնկրետ քայլեր է ակնկալում անվտանգության վերաբերյալ իր մտահոգությունները փարատելու հարցում: Ստոկհոլմն ու Հելսինկին բանագնացներ են ուղարկում Անկարա, փորձում համոզել Էրդողանին, արևմտյան պաշտոնյաները կոշտ հայտարարություններով են հանդես գալիս, և Արևմուտքը հույս ունի, որ Անկարային համոզելու համար Ստոկհոլմն ու Հելսինկին մինչև հունիսի վերջին Մադրիդում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը ժամանակ ունեն։ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 30 երկրների համաձայնության դեպքում միայն անդամակցության հայտ ներկայացրած երկրները կարող են համալրել ռազմական դաշինքի շարքերը՝ ստանալով հավաքական անվտանգության երաշխիքներ: Մոսկվան, իր հերթին՝ դեմ է՝ դա որակելով մեծ սխալ, Ռուսաստանի ղեկավարության տեսանկյունից՝ դաշինքի ռազմական ենթակառուցվածքների ընդլայնումն ուղղակի սպառնալիք է երկրի համար և անխուսափելիորեն պատասխան կբերի։ Թուրքիան զուգահեռաբար բանակցություններ է վարում Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահների հետ և ակնկալում, որ Անկարայում կհյուրընկալի Պուտինին ու Զելենսկիին:
Նշենք, որ Էրդողան-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը ոչ միայն Ուկրաինայում, այլև Սիրիայում, որի վերաբերյալ, պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, Էրդողանն ընդգծել է, որ անհրաժեշտ է «անվտանգ գոտի» ստեղծել Սիրիայում՝ թուրքական սահմանի մոտ։
Անկարան վերջերս հարձակվել էր նաև Հյուսիսային Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դիրքերի վրա։ Այս գործողությունը թուրքական իշխանությունների կողմից դիտվում է՝ իբրև կանխարգելիչ, որը կոչված է կանխելու PKK-ի առաջխաղացումը դեպի թուրքական տարածք։ Այժմ Էրդողանը հայտարարել է Սիրիայի տարածքում հնարավոր նոր անդրսահմանային գործողության մասին՝ 30 կմ խորությամբ հարավային սահմանների մոտ անվտանգության գոտու ստեղծումն ավարտին հասցնելու համար։ Ի դեպ, Ղարաբաղյան հակամարտության գոտու շուրջ իրավիճակը որևէ կերպ չի քննարկվել, ըստ պաշտոնական հաղորդագրությունների:
Այս օրերին ուշագրավ էր հետևել նաև տեղեկատվական դաշտում լուրը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Պուտինին զանգահարելու մասին: Արևմտյան մամուլն այս օրերին ակտիվորեն քննադատում է նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնին ու Գերմանիայի կանցլեր Շոլցին՝ Պուտինին զանգահարելու և նրա հետ բանակցելու համար, նրանց համարելով Ուկրաինայի չեզոքության կողմնակիցներ:
Արևմտյան արմատական գործիչներն ու վերլուծաբանները գտնում են, որ Պուտինի հետ բանակցել չի կարելի, քանի որ այդ բանակցությունները նրան ամրացնում են:
168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Սոսո Ցինցաձեն ասաց, որ ռուս-թուրքական հարաբերություններն ունեն ինչպես՝ իրենց բարդությունները, այնպես էլ՝ ճկունությունը, որը հենց ուկրաինական պատերազմի ֆոնին լավագույնս դրսևորվում է:
Ըստ նրա, հարցն այն է, որ Ռուսաստանն ունի իր խնդիրներն Ուկրաինայում, իսկ Էրդողանի խնդիրները ներկայումս Մերձավոր Արևելքում և այլ գոտիներում են: Ռուսաստանի և Թուրքիայի, ինչպես նաև մնացած այլ խաղացողների համար, վերլուծաբանի խոսքով, սա խաղատախտակ է, որի վրա տեղափոխություններով լուծվում են մեծ հարցեր:
«Պուտին-Էրդողան վերջին հեռախոսազրույցի բովանդակությունն այդ առումով ուշագրավ էր, պատահական չէր ամենևին, որ քննարկվել էր իրավիճակը Սիրիայում, քանի որ Թուրքիան ունի խնդիրներ լուծելու Սիրիայում և ունի հստակ ակնկալիքներ Ռուսաստանից: Այդ ակնկալիքները միայն Սիրիայով չեն սահմանափակվում, հենց դրանով էլ պայմանավորված է ռուս-թուրքական խաղը, որն ամենևին էլ տնտեսական հենք չունի, այլ զուտ աշխարհաքաղաքական: Ու դա անընդհատ փոփոխվող քաղաքականություն է, երբ անհրաժեշտ է, առաջին պլան են գալիս կտրուկ հայտարարությունները, երբ ոչ՝ ընդհակառակը:
Սակայն, որքան էլ ռեգիոնները միմյանցից հեռու են, թվում է՝ այդ ռեգիոնների խնդիրները կապված չեն, սակայն փաստը, որը ռեգիոններում կան նույն խաղացողները, մոտեցնում է այդ խնդիրները, քանի որ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների ընդհանուր կոնտեքստը չափազանց կարևոր է թե Հայաստանի, թե նաև Վրաստանի համար: Ռուսաստանի խնդիրը Թուրքիային ՆԱՏՕ-ի հովանուց հանելն է, թե դա ինչպես կստացվի՝ հարց է, սակայն այդ ճանապարհին, այդ թվում՝ ուկրաինական պատերազմի ընթացքում, անընդհատ փոփոխություններ են տեղի ունենում, մի ռեգիոնի հաշվին՝ զիջում մեկ այլ ռեգիոնում, քանի որ շահերը շատ են: Այդ կոնտեքստում կարևոր է փոքր երկրների համար այնպես անել, որ փոքր երկրների շահերը չդառնան մեծ խաղացողների առևտրի առարկա, հատկապես, երբ կան ակտիվ բանակցային գործընթացներ»,- ասաց վերլուծաբանը՝ նկատի ունենալով նաև Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրները:
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանը համարվում է ՌԴ ռազմավարական գործընկերը և վարում է բանակցություններ Թուրքիայի, Ադրբեջանի հետ:
«Այն, որ տարածաշրջանում համաձայնությունները հեշտ չեն լինելու նաև արտաքին միջնորդների ու խաղացողների պատճառով, միանշանակ է, քանի որ իրավիճակը միայն տարածաշրջանային երկրներով, ցավոք, չի սահմանափակվում և իրավիճակն ազդվում է ռուս-թուրքական, ՌԴ-Արևմուտք և Արևմուտք-Թուրքիա հարաբերություններից: Բայց ինչպես երևում է, ռուս-թուրքական լայն օրակարգով հեռակա բանակցությունների նոր փուլ է սկսվելու, քանի դեռ Ուկրաինան չի բեկել պատերազմի ընթացքը դեպի իր կողմ»,- ասաց նա: