Բաժիններ՝

Սկզբնական շրջանում լուրջ խնդիրներ են լինելու, հարցը կոմպլեքս պետք է լուծել. Փոխադրողների միության նախագահը՝ տրանսպորտի միասնական տոմսային համակարգի մասին

Երևանի քաղաքապետարանը հայտարարել է հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման և ֆինանսական օպերատոր ընտրելու բաց հրապարակային մրցույթ:

Մրցույթի նպատակն է՝  Երևան քաղաքի հասարակական տրանսպորտում տոմսային համակարգի (համաձայն Երևանի քաղաքապետի որոշմամբ հաստատված տեխնիկական պահանջների) ներդրումը, որը նախատեսված է ոլորտի համալիր բարելավման ծրագրով, առանց որի նախատեսվող նոր երթուղային ցանցը հնարավոր չի լինի լիարժեք շահագործել, հասարակական տրանսպորտի ոլորտում ծառայության որակի բարձրացումը, տոմսերի ձեռքբերման և մարման ժամանակին համահունչ և հարմարավետ ծառայության տրամադրումը, տոմսերի վաճառքի, տոմսային հասույթի վերահսկելիության և թափանցիկության ապահովումը, հասարակական տրանսպորտից օգտվողների քանակի ավելացումը, եկամուտների ավելացումը և սպասարկման ծախսերի նվազեցումը, անվտանգության բարձրացման նպատակով ավտոբուսներում տոմսերի վաճառքի բացառումը, կանգառներում տրանսպորտի կայանման ժամանակի նվազեցումը, երթի միջին արագության ավելացումը:

Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը կարծում է, որ որոշումը պետք է լինի համալիր, որը պետք է տա ոչ թե մեկ, այլ մի շարք հարցերի պատասխաններ:

«Հիմա գումարը կանխիկ են վերցնում, մի մասը տանում են տուն, հաց ու պանիր են գնում, մի մասն էլ վճարում են ընկերությանը, որը հոգսերն է հոգում: Եվ եթե եղավ միասնական տոմսային համակարգ, քաղաքապետարանը գումարը փոխանցելու է ընկերությանը, հիմա, թե տվյալ ընկերությունն այդ գումարից ինչքա՞ն կհատկացնի վարորդներին՝ սա մեծ հարց է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հրանտ Եղիազարյանը:

Հարցին՝ գուցե ծրագիր մշակվի, որպեսզի վարորդը հստակ աշխատավա՞րձ ստանա, Փոխադրողների միության նախագահը պատասխանեց.

«Իհարկե, շատ լավ կլինի: Բայց միևնույն է՝ սկզբնական շրջանում լուրջ խնդիրներ են լինելու։ Այսինքն՝ այդ բոլորը նախօրոք պետք է քաղաքապետարանը աներ, թե չէ մի հարցը լուծում են, անցնում են մյուսին: Հարցը կոմպլեքս պետք է լուծել»:

Հրանտ Եղիազարյանը հայտնեց, որ այս պահին տարբեր ընկերություններ տարբեր չափով են գումար վճարում վարորդներին:

«Ամեն ամիս մոտավորապես 200.000 դրամ մնում է վարորդներին»,- ասաց նա:

Փոխադրողների միության նախագահը շեշտեց, որ այստեղ կարևոր է, թե ինչքան աշխատավարձ են ստանալու վարորդները, որովհետև  հակառակ դեպքում նաև վարորդների խնդիր կլինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս