Մարդու իրավունքների ամենամեծ խնդիրն անվտանգությունն է, ու մենք այդ հարցը պիտի կարողանանք պատշաճ ձևով բարձրացնել. Լարիսա Ալավերդյան
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հանդիպում էր նախաձեռնել մարդու իրավունքների ոլորտում գործող իրավապաշտպաններ, նախկին ու ներկա ՄԻՊ-երի հետ՝ ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող առկա հարցերը քննարկելու նպատակով:
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ այն, ինչ այժմ կատարվում է Հայաստանում, ինչպես, օրինակ, լրագրողների տեղաշարժն ԱԺ-ում սահմանափակելը, Երևանի Ֆիզիկայի ինստիտուտին հարակից՝ «Ֆիզգորոդոկ» անունով Գիտավան թաղամասում նախորդ օրերին քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնությունները, ոչ օրինաչափ գործողությունները կարող են այնպիսի հարված հասցնել պետությանը, որ կարող են տասնյակ տարիներ պահանջվել մարդու իրավունքների ոլորտում մեր երկրում փոքրիկ ձեռքբերումները հետ բերելու համար:
«Ցավոք սրտի, հիմա ոչ թե տեղի են ունենում մարդու իրավունքների պարզ ոտնահարումներ, այլ տեղի է ունենում միջազգային նորմերի ցուցադրական հակադրում: Դա շատ վտանգավոր երևույթ է: Ես դրա մասին միշտ ասում էի Ադրբեջանի մասին խոսելուց ու շատ ցավով եմ հիմա տանում, որ նույն այդ կեցվածքը՝ ցուցադրաբար հակադրվել միջազգային նորմերին, հիմա որդեգրվել է մեր տարբեր մարմինների կամ նրանց ներկայացուցիչների կողմից: Դա նշանակում է, որ, եթե մենք չգտնենք բոլորս միասին պատժելիության սկզբունքի իրացման պատշաճ ձևերը, սա շարունակվելու է: Մենք պետք է հստակեցնենք, որ անպատժելիությունը ծնում է ավելի ծանր հանցագործություններ, և իշխանության համար դա արդյունավետ մեթոդ չի: Ես չգիտեմ՝ որոնք են գլխավոր նպատակները, բայց դա արդյունավետ մեթոդ չէ ցանկացած նպատակի հասնելու համար: Բայց դա շատ մեծ հարված է հասարակության և պետության հանդեպ»,- քննարկման ժամանակ ասաց Լարիսա Ալավերդյանը:
Ալավերդյանի խոսքով՝ 8-րդ գումարման ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ձևավորումից անմիջապես հետո բոլոր հայտնի պառլամենտական դիվանագիտության գործիքների միջոցով փորձել է կարգավորել Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի հարցը:
Նախկին ՄԻՊ-ի խոսքով՝ հաջորդն անհետ կորածների մասին օրենքի ընդունման հարցն է:
«Խայտառակ դաժան վերաբերմունք է կիրառվում մինչև այսօր անհայտ կորածի ընտանիքի հանդեպ, որովհետև այն խոսքը, որ մենք շրջանառության մեջ ենք դրել, որ ընտանիքները պետք է նույն սոցիալական պաշտպանության ներքո լինեն, ինչպեսև զոհվածը, ասում են, թե գնա, դատարանում թող հաստատեն, որ նա զոհվել է: Դա անմարդկային վերաբերմունք է…
Տխուր է, չէ՞, որ մենք ունենք անհայտ կորած, և չկա աշխատող հանձնաժողով, որին հասու են այդ ընտանիքները: Այդ ընտանիքների հետ պետք է աշխատել կետային: Ես չեմ ուզում հիմա վատ բան ասել, բայց ցանկացած պատերազմից հետո ամենացավոտ հարցը մնում է անհայտ կորածների հարցը»,- նշեց Ալավերդյանը:
Մյուս խնդիրը, որն առանձնացրել Ալավերդյանը, Արցախից պատերազմի հետևանքով այստեղ հայտնված քաղաքացիների կարգավիճակի հարցն է:
«Մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, երբ կան օպերատիվ խնդիրներ: Իսկ մարդու իրավունքների ամենամեծ խնդիրը, անշուշտ, անվտանգությունն է: Կյանքի իրավունքն ու մյուս իրավունքները գալիս են անվտանգությունից… Մենք խնդիր ունենք ոչ միայն անձի անվտանգության, այլև ազգային և պետական: Ինչքան էլ տարօրինակ է, բայց դրանք բոլոր դեպքերում տարբեր կատեգորիաներ են, և ես համոզված եմ, անկախ նրանից, թե ինչ այլ խնդիրներ կան, մենք այդ հարցը պիտի կարողանանք պատշաճ ձևով բարձրացնենք և ոչ միայն բարձրացնենք, այլև կարողանանք արդյունավետ ինչ-որ պատասխաններ ստանալ»,- նշեց Ալավերդյանը: