Ինչ է տեղի ունենում արժութային շուկայում. մինչև ո՞ւր կհասնի դոլարի էժանացումը
Վերջին օրերին արժութային շուկայում նոր միտումներ են նկատվում։ Տևական ժամանակ արժեզրկվելուց հետո՝ դրամը սկսել է արժևորվել։ Նվազել է ինչպես դոլարի, այնպես էլ՝ եվրոյի ու ռուբլու փոխարժեքը։
Այդ երևույթն ի հայտ եկավ ընտրություններից անմիջապես առաջ, սակայն ավելի արագացավ հատկապես ընտրություններից հետո։ Մի քանի օրվա ընթացքում դոլարն ուղղակի գահավիժեց։ Ամերիկյան արժույթի գինը նվազեց նույնիսկ 500 դրամից, որը հատել էր դեռևս անցած տարվա վերջին։
Հիմա արդեն դոլարի գինը 490-497 դրամի միջակայքում է։ Մինչ այդ, այն տատանվում էր 520-522 դրամի շրջանակներում։
Վերջին դրսևորումներից հետո դոլարի գնման ու վաճառքի միջև բավական մեծ լագ է ձևավորվել, ինչը վկայում է շուկայում ի հայտ եկած անորոշության մասին։
Ձևավորված փոխարժեքները հիմք են տալիս ասելու, որ շուկայի սպասումները դոլարի թուլացման ուղղությամբ դեռևս պահպանվում են։ Այլ հարց, թե դրանք մինչև ուր կհասնեն։ Ճիշտ է, շուկայի մասնակիցների սպասումներն անկման ուղղությամբ են, բայց ենթադրվում է, որ անկումը շուտով կանգ կառնի։
Թե դոլարի արժեզրկումն ինչպիսի կախվածություն է ունեցել ընտրություններից, դժվար է միանշանակ գնահատել։ Սակայն այն փաստը, որ այդ միտումները նկատվեցին ընտրություններից անմիջապես առաջ և խորացան ընտրություններից հետո, այդպես մտածելու համար որոշակի հիմքեր տալիս է։ Ընտրությունների ժամանակ սովորաբար բավական մեծ միջոցներ են ծախսվում։ Խոսքն ընտրական հիմնադրամներից դուրս ծախսվող միջոցների մասին է։ Ու այդ հանգամանքը կարող էր որոշակի ազդեցություն ունենալ փոխարժեքների վրա։
Դոլարի արժեզրկումը նշանակում է, որ արժութային շուկայում խախտվել է առաջարկ-պահանջարկի նախկինում եղած հարաբերակցությունը։ Դա կարող էր լինել՝ ինչպես տարադրամային հոսքերի ավելացման, այնպես էլ՝ դրամի զանգվածի կրճատման հետևանքով։
Այս երկու գործոններն էլ, ըստ ամենայնի, իրենց ազդեցությունն են ունեցել արժութային շուկայի վերջին դրսևորումների վրա։
Տնտեսական միջավայրից թելադրված ազդեցությունները կարող էին լինել նախ զբոսաշրջության ոլորտից։ Ի տարբերություն նախորդ տարվա, այս հատվածում վերջին 2-3 ամիսներին որոշակի տեղաշարժ կա։ Նախկին միտումները շատ հեռու են վերականգնվելուց, բայց տարեսկզբի համեմատ առաջընթաց նկատվում է։ Ապրիլ-մայիսին Հայաստան է եկել շուրջ 100 հազար զբոսաշրջիկ։ Ենթադրվում է, որ հոսքեր են եղել նաև հունիսին։
Զբոսաշրջությունը ներքին շուկայում տարադրամային միջոցների ապահովման հիմնական ուղղություններից մեկն է։
Մյուս ուղղությունը, որը կարող էր ազդել փոխարժեքի շուկայի վրա, մասնավոր տրանսֆերտներն են։
Անցած տարվա նվազումից հետո, այս տարի տրանսֆերտային հոսքերի աճ է նկատվում։ Բավական մեծ թվով քաղաքացիներ մեկնել են արտագնա աշխատանքի և սկսել են գումարներ ուղարկել իրենց հարազատներին։
Իհարկե, տրանսֆերտային շուկայում վերջին շրջանում որոշակի վերադասավորումներ են նկատվում՝ կապված հատկապես Միացյալ Նահանգներից նկատվող հոսքերի ավելացման հետ։
Ի տարբերություն նշված 2 գործոնների, այս ընթացքում տնտեսության մյուս հատվածներից թելադրված ազդեցություններն այնքան էլ էական չեն։ Արտահանման որոշակի աճ կա, բայց դա այն չէ, որ կարող էր արժութային շուկայում եղանակ փոխել։
Տարադրամային հոսքերի վրա ազդող մյուս գործոնը ներդրումներն են։ Բայց ներդրումների առումով ակտիվության առանձնակի հիմքեր չեն եղել։ Առավել ևս, եթե հաշվի առնենք ընտրական գործընթացները, որոնք ամենևին էլ նախընտրելի չեն ներդրողների համար։
Սրանք տնտեսական միջավայրից թելադրված այն հիմնական ուղղություններն են, որոնք սովորաբար ազդում են տարադրամային հոսքերի և փոխարժեքների շուկայի վրա։ Դրանց վերջին շրջանում ավելացել է նաև Կենտրոնական բանկի կողմից իրականացվող փողի թանկացման քաղաքականությունը։
Ներքին շուկայում ձևավորված բարձր գնաճը մեղմելու նպատակով անցած կես տարում ԿԲ-ն փողի գինը բարձրացրել է ավելի քան 2 տոկոսային կետով։ Հիմա արդեն Կենտրոնական բանկից դուրս եկող փողը 6,5 տոկոս է։
Փողի թանկացումը շրջանառության մեջ առկա դրամի զանգվածը զսպող գործոն է։ Վերջին 1 շաբաթվա ընթացքում փողի բազան կրճատվել է գրեթե 50 մլրդ դրամով։ Այդ նույն ժամանակահատվածում շուրջ 16 մլրդ դրամով սեղմվել է նաև Կենտրոնական բանկից դուրս գտնվող կանխիկի քանակը։
Սրանք գործոններ են, որոնք ազդում են փոխարժեքների վրա։ Սակայն ակնհայտ է, որ տնտեսական միջավայրում չեն եղել այնպիսի էական փոփոխություններ, որոնք կարող էին ֆինանսական շուկայում այսպիսի տեղաշարժերի հանգեցնել։
Իհարկե, չի բացառվում, որ դոլարի արժեզրկումը կամ դրամի նկատվող ամրապնդումը կապված լինի նաև Կենտրոնական բանկի մեկ այլ գործողության, մասնավորապես՝ տարադրամային ներարկումների իրականացման հետ։ Թեև դրա հավանականությունը մեծ չէ։ Ամեն դեպքում՝ հաշվի առնելով բարձր գնաճը, Կենտրոնական բանկը կարող էր գնալ նման քայլի։ Հատկապես որ, առաջիկայում գնաճային ճնշման ակտիվություն է կանխատեսում՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին հատվածից։
Հիշեցնենք, որ տարվա առաջին 4 ամիսներին Կենտրոնական բանկը ավելի քան 156 մլն դոլար է վաճառել և ոչ մի անգամ տարադրամ չի գնել։ Մայիսի-հունիսի տվյալները հայտնի չեն։
Տարադրամի գինը կարևոր դեր ունի գնաճի գործում։ Մեր սպառողական շուկան հիմնականում նստած է դրսից ներկրումների վրա։ Ուստի տարադրամի թանկացումն ազդում է սպառողական գների վրա։
Մինչև վերջերս նաև դրանով էր բացատրվում գնաճի այն բարձր տեմպը, որը ձևավորվել է Հայաստանում։ Հիմա տարադրամը, մասնավորապես՝ դոլարը և եվրոն էժանանում են, բայց ապրանքների գների նվազում չի նկատվում։
Ի՞նչ է մտածում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, հայտնի չէ։
Հանձնաժողովն առայժմ չի արձագանքել այն հարցին, թե ինչո՞ւ դոլարի և եվրոյի էժանացումը չի հանգեցնում գների նվազեցման, երբ գների բարձրացումը, այլ գործոնների թվում, ժամանակին կապվում էր նաև ազգային արժույթի արժեզրկման հետ։ Ազգային արժույթը հիմա արժևորվում է, դոլարը և եվրոն՝ արժեզրկվում, բայց գները շարունակում են մնալ նույնքան բարձր, որքան մինչ այդ էին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ