Մեր հայրենիք, թշվառ, անտեր․․․

Զարհուրանքի հասնող տարակուսանքը՝ ինչո՞ւ է հայ հասարակությունն այսչափ անտարբեր պետության հետ տեղի ունեցողի, պետության փաստացի փլուզման նկատմամբ, արդարացի է ու հիմնավոր։ Բայց այնպես չէ, որ դա նորահայտ ֆենոմեն է, և այսօր է մեր հասարակությունը սկսել այդչափ չգնահատել ու չարժևորել պետությունը։ Դա տարիների, տասնամյակների հետևողական քաղաքաքարոզչական աշխատանքի հետևանք է, որում ավելի կամ պակաս չափով իրենց մեղավորությունն ունեն բոլոր քաղաքականությամբ զբաղվողներն ու դրանց մերձ շրջանակները, բայց առավելապես՝ բոլոր ժամանակների իշխանություններն ու ընդդիմությունները։

Նորանկախ Հայաստանի բոլոր իշխանություններն իրենց նույնացրել են պետության հետ, հանրային գիտակցության ու հոգեբանության մեջ պահի իշխանությունն ու պետությունն ընկալվել են՝ որպես իդենտիկ սուբստանցիաներ։ Բոլոր իշխանություններն առաջնորդվել են «պետությունը ես եմ» լյուդովիկոսյան սկզբունքով, ինչը մասամբ պայմանավորված է եղել ու է՛ նաև պետական ու պետութենական ավանդույթների բացակայությամբ։ Այն դեպքում, երբ պետության ու պետականության կայացման համար յուրաքանչյուր քաղաքացի պետք է դառնար «պետությունը ես եմ» մտածողության կրողը։

Բայց Հայաստանում տեղի է ունեցել հակառակը, և պահի իշխանությունն ամեն ինչ արել է քաղաքացուն պետությունից հեռացնելու, պետության ու քաղաքացու նույնականացումը թույլ չտալու համար։ Իսկ երբ հասարակությունը գիտակցական ու ենթագիտակցական մակարդակում պետությունն իրենը չի համարում, հեշտությամբ կարող է համակերպվել իրեն չպատկանողի կորստի հետ։ Արդյունքում՝ այսօրվա իշխանությունն արդեն բառի բուն իմաստով իրականություն է դարձնում ֆիզիկապես թշվառ ու հոգեբանորեն անտեր հայրենիքի մասին թեզը, որը ողբերգական ճակատագրականությամբ դրված է Հայաստանի օրհներգի առաջին տողերում։

Իշխանության ու պետության նույնականացմանը նպաստել են նաև բոլոր ժամանակների ընդդիմությունները, որոնք՝ գիտացված կամ ոչ, ոչինչ չեն արել իշխանության դեմ իրենց պայքարը պետությունից տարանջատելու համար։

Տարիների, տասնամյակների ընթացքում հակաիշխանական պայքարը գրեթե հավասարվել է պետության դեմ պայքարին, քանի որ քարոզչական հարթությունում մարդկանց գիտակցության մեջ սերմանվել է «վատ իշխանություն-վատ պետություն» կաղապարը։ Նաև դրա արդյունքում այս կամ այն իշխանության նկատմամբ ատելությունը հանրությունը պրոյեկտել է պետության վրա, և որքան էլ ցավալի է, մենք ունեցել ենք տարբեր ժամանակներում պետությունն այս կամ այն չափով ատող հասարակություն։

Տարբեր ժամանակների իշխանություններն ու ընդդիմությունները պետության դեմ չհայտարարված պայքարում գործել են գրեթե սինքրոն։ Մարդիկ տեսել ու հասկացել են, որ պահի իշխանությունն իրացնում է ոչ թե հանուն պետության, այլ՝ այդ նույն իշխանության պահպանման։ Նույն կերպ մարդկանց համար ակնհայտ է դարձել, որ ընդդիմություններն իշխանության դեմ պայքարում են ոչ թե իշխանության գալու միջոցով հանուն պետության գործելու, այլ ուղղակի իշխանության գալու համար։

Պետությունը՝ որպես արժեք, դուրս է եղել ու է՛ հայկական քաղաքականությունից, դրա տեղն ամբողջությամբ զբաղեցրել է իշխանությունը, որի պահպանումն ու որի համար պայքարը, որպես կանոն, ընթացել է պետության հաշվին։

Հասարակության արժեքային համակարգում պետության դերի ու նշանակության նվազմանն էապես նպաստել է նաև, այսպես կոչված, քաղաքացիականության ինստիտուտը։

Քաղաքացիականությունը, իհարկե, ցանկացած պետության, հատկապես՝ ժողովրդավարական հասարակության կարևորագույն հիմնասյունն է։ Բայց Հայաստանում քաղաքացիականությունը կայացել է ոչ թե պետականության կայացմանը զուգահեռ, այլ ի հաշիվ պետության ու պետականության։ Կրկին հանրային գիտակցության մեջ քաղաքացիականությունն ու քաղաքացու իրավունքը սերմանվել են՝ որպես պետությունից գերակա արժեք։

Դրա գագաթնակետը դարձավ 2018 թվականը, երբ փողոցային քաղաքացիականությունը՝ սերտաճելով հակապետական պսևդոքաղաքականության հետ, հասավ իշխանության։ 2018 թվականին ու դրան հաջորդած երեք տարիներին պետությունը հայ հասարակության համար վերջնականապես կորցրեց իմաստն ու նշանակությունը, քանի որ իշխանությունն առավել քան երբևէ իրացվեց ոչ թե՝ հանուն, այլ՝ ի հաշիվ պետության։

Պետության կորստի սպառնալիքի նկատմամբ հասարակության այսօրվա գրեթե տոտալ անտարբերությունը պետության արժեզրկման երկարատև ու անտեսանելի գործընթացի տրամաբանական հետևանքն է։ Այս փաստի առթիվ տարակուսել ու զարհուրել, իհարկե, կարելի է, բայց մեծ հաշվով դա գործառութային նշանակություն չունի։

Պետության նկատմամբ հանրության վերաբերմունքը գոնե տեսականորեն կարող է փոխվել միայն այն դեպքում, երբ պետությունն ու պետականությունը՝ որպես մարդու կյանքից հետո կամ դրան հավասար բարձրագույն արժեք, տեղ գտնեն հայկական քաղաքական օրակարգում։

Առաջիկա ընտրություններով այդ հարցը ոչ միայն չի լուծվելու, այլև դրանք մեզ ավելի են հեռացնելու պետությունից, քանի որ հիմա ընթանում է բուռն պայքար հանուն իշխանության։ Արդեն ոչ թե պետության ու պետականության, այլ դրա վերջին մնացուկների հաշվին։

Տեսանյութեր

Լրահոս