Հայաստանի վերջին ընտրությունը 

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի խնդիրը ո՛չ գաղափարական է, ո՛չ էլ ծրագրային: Ընդդիմությունները հաջողության հասնելու շանս ունեն միայն այն դեպքում, եթե մարդկանց, պարզ մարդկանց հետ նույնքան պարզ ու անտեսախցիկ շփման ընթացքում կարողանան հիմնավորել ու համոզել, որ հունիսի 7-ին կայանալիքը ոչ թե ընտրություն է, այլ երկընտրանք՝ այդ հասկացության ամենաուղիղ, ամենաթանձր իմաստով:

Այդ օրը ոչ թե բազմազանության ու բազմակարծության որոշման օր է, ինչպես լինում են ընտրությունները նորմալ երկրներում, այլ՝ կամ-կամ, որի մի կողմում ՔՊ-ական իշխանության լինելիության ու Հայաստանի՝ առնվազն բովանդակ պետության չլինելիության կամ-ն է, մյուսում՝ եղածից գոնե ինչ-որ բան պահպանելու ոչ  երաշխավորված, այդուհանդերձ հնարավորությունը:

Սրանում մարդկանց համոզելու համար ո՛չ պահպանողական կամ առաջադեմ, ո՛չ լիբերալ կամ սոցիալիստական գաղափարախոսություններ պետք չեն, ինչպես որ անհրաժեշտ չեն վճարովի հիմունքներով գրված պլպլան ծրագրեր՝ ճռճռան ցուցանիշներ կանխատեսող ճոռոմ խոստումներով:

Հունիսի 7-ի միջոցառումը, որն ընդունվածի համաձայն՝ անվանում են համապետական ընտրություն, իրականում այսօրվա խաղի կանոններով հակապետական միջոցառում է: Որովհետև ընտրությունը՝ դրա դասական իմաստով, հանգեցնելու է պատկերի, որի արդյունքում պետություն չի լինելու:

Կարդացեք նաև

Ընդդիմությունները՝ չփոխելով տեղի ունեցողի ու կատարվելիքի նկատմամբ այս հայեցակարգային մոտեցումը ու խրվելով նախընտրական ղալմաղալների մրցավազքում՝ նպաստում են իշխանության վերարտադրությանն ավելի մեծ նպաստումով, քան ՔՊ-ի մահապարտները՝ միասին վերցրած:

Գաղափարախոսությունները, ծրագրերը, դրանց շուրջ բանավեճերը, որոնք առանձին վերցրած ընդդիմադիրների շրջանում վերածվել են հանիբալիզմի՝ իրար միս ուտելու ամենադիտարժան ու նույնքան զզվելի տեսարաններով, փակուղի են, որում մնալու են բոլորը: Իրար միս ուտողներից մինչև կողքից հետևողներ ու հասարակություն: Դրանից դուրս է գալու միայն ՔՊ-ն ու դուրս է գալու հաղթանակած: Սեփական հասարակությանը հաղթանակած:

Ասվածը չի նշանակում, թե գաղափարախոսություններն ու ծրագրերը կարևոր չեն: Պարզապես դրանք իմաստ կարող են ունենալ միայն այն դեպքում, երբ հասարակությունը հունիսի 7-ի իր անելիքին անվերապահորեն վերաբերվի՝ որպես երկընտրանքում կյանքի ու մահվան մեջ՝ ոչ թե կյանքը, այլ՝ կյանքի աննշմար հնարավորությունն ընտրելու հանձնառության:

Հակառակ դեպքում՝ կենսաթոշակի այսքան տոկոսով բարձրացումը, աշխատավարձերի այլ տոկոսով ավելացումն ու այլ չափելի, թվաբանական խոստումներ հունիսի 7-ի ընդամենը զմռսելու են ՔՊ-ին իշխանությանը՝ անկարևոր դարձնելով, թե ընդդիմադիրներից հատկապես որի ծրագիրն էր ավելի հնչեղ, որինը՝ ավելի խոստումնալից:

ՔՊ-ի իշխանության շարունակության դեպքում բոլոր այդ ծրագրերն առավելագույնը վերածվելու են Հայաստանն այրող խարույկի կրակի կպչանների:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930