«Հայության համար Ադրբեջանի կազմում ապագա չկա՝ սա պարզ և ակնհայտ է». Դավիթ Բաբայան
Ադրբեջանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, տարբեր առիթներ օգտագործելով, Հայաստանին անվանել է ոչ կառուցողական։
Եռակողմ հայտարարությունում ներառված պարտավորությունները չկատարելով հանդերձ, մասնավորապես՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին չվերադարձնելով, այդ երկիրը տարբեր պաշտոնյաների մակարդակով շարունակում է մեղադրել Հայաստանին։
168.am–ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ասաց, որ Ադրբեջանում հայատյացությունը պետական, ազգային գաղափարախոսություն է դարձել։ Հետևաբար, եթե այդպես է, Հայաստանը թիրախավորվելու է պատեհ ու ոչ պատեհ առիթներով։
«Մշտապես այսպես է լինելու, որովհետև ժանրն է այդպես, խաղի կանոններն են այդպես»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հայտարարությանը, թե Ադրբեջանում հայ ռազմագերիներ այլևս չկան, և այդ հարցը փակված է, Դավիթ Բաբայանն ասաց, որ Ադրբեջանի այս մոտեցումը ոչ միայն ապակառուցողական քաղաքականություն է, այլև ֆաշիզմ է, ահաբեկչություն, բանդիտիզմ։
«Սրանով Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց է տալիս իր ֆաշիստական քաղաքականությունը, բոլոր հայ ռազմագերիների և ոչ միայն՝ ռազմագերիների, այլև պատանդ պահվող մարդկանց թվաքանակի մասին տվյալները թաքցնում է։ Սա նշանակում է, որ Ադրբեջանն այդ մարդկանց ճակատագրի վերաբերյալ ինչ-որ նպատակներ ունի, ամեն ինչ անում է, որպեսզի ռազմագերիների հստակ թիվ չներկայացնի, քողարկի այդ ամենը։ Սա նացիզմ է, սա միջազգային բոլոր նորմերի ու իրավունքների և առհասարակ բարոյականության կոպիտ խախտում է։ Այս ամենի մասին մենք երբեք չպետք է մոռանանք»,- հավելեց Դավիթ Բաբայանը։
Հարցին՝ հաշվի առնելով Ադրբեջանի այս ապակառուցողական քաղաքականությունն ու ռազմատենչ մոտեցումները, ինչպե՞ս է պատկերացնում Ադրբեջանի հետ համակեցությունը, որի վերաբեյալ ՀՀ իշխանությունները բազմիցս խոսել են, Դավիթ Բաբայանը պատասխանեց՝ թերևս, ճակատագրի բերումով հայն ու ադրբեջանցին ապրում են իրար հետ հարևանությամբ։
«Մենք կարող ենք իրար հետ ապրել, բայց ոչ միասին, այսինքն՝ միայն որպես հարևան։ Տարիներ ու տասնամյակներ են պետք, որպեսզի պատմական ձևով ժողովուրդների միջև հաշտություն կամ նման մթնոլորտ ձևավորվի։ Բայց հայության համար Ադրբեջանի կազմում ապագա չկա, սա պարզ և ակնհայտ է։ Ցանկացած փորձ, լինի չիմացության պատճառով, միջազգային վերլուծությունների տեսական մոտեցում, թե կարող են համատեղ ապրել՝ չի ստացվելու։ Ինչո՞ւ, որովհետև կան օբյեկտիվ պատճառներ, ես դեմ եմ նացիզմին, նացիոնալիզմին, դա հայրենասիրություն չէ, հայրենասիրությունը քո ազգին սիրելն է, այլ ազգի չվնասելով, չատելով ու չքննադատելով։ Ադրբեջանում հայատյացությունը պետական գաղափարախոսություն է, և ադրբեջանական ազգ վերջնականորեն չի ձևավորվել, սա է հիմնական խնդիրը։
Ադրբեջանցիների ձևավորումը սկսվել է վերևից, 1936 թվականին Խորհրդային Միության աշխարհաքաղաքական կարեկտուրան այնպես էր, որ պետք է ստեղծել նոր ազգ, իսկ Ադրբեջանը մինչև 1936 թվականը միակ հանրապետությունն էր, որի անվանումն ածանցյալ չէր ժողովրդից, քանի որ չկար ադրբեջանցի ժողովուրդ։ Ադրբեջանը խայտաբղետ էր, կային Խորհրդային Ադրբեջանի թուրքեր, լեզգիներ, հրեաներ, ռուսներ, հայեր, քրդեր։ Հետագայում այստեղ մահմեդական ժողովուրդները դարձան մեկ ընդհանուր ժողովուրդ՝ ադրբեջանցիներ, որի 51 տոկոսը թուրքական ազգն էր, մնացածը՝ փոքրամասնություն»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով՝ մինչև այսօր մի շարք ազգեր վերջնականապես չեն ձուլվել ադրբեջանցիների՝ լեզգիներ, թալիշներ, ավարներ։ Հետևաբար՝ Ադրբեջանը չի կարող դասական կոնստրուկտիվ քաղաքականություն դրսևորել, որովհետև Արցախի ցանկացած ճանաչում Ադրբեջանը ներսից պայթեցնելու է, ինչը պետք է լավ հասկանալ։
Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «Մեղրիի միջանցքին», որի մասին ակտիվորեն Ադրբեջանն ու Թուրքիան խոսում են, և բազմաթիվ հայ վերլուծաբանների կանխատեսումներին, որ այդ ճանապարհի բացումը ձեռնտու չէ ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանին ու Իրանին, Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ հայկական կողմն իր հարաբերությունները Ռուսաստանի ու Իրանի հետ պետք է կառուցի պրագմատիկ ձևով։
«Պետք է շատ լավ հաշվարկ կատարենք, և կարծում եմ՝ մեծ հնարավորություններ կան այստեղ մեր ազգային շահերը պաշտպանելու համար։ Այդ ամենը պետք է լինի պրոֆեսիոնալ ձևով և հայրենասիրության սկզբունքների վրա»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։