Ափսոս էր երեխան
Պատմությունը «եթե»-ներ չի սիրում ու չի հանդուրժում։ Բայց քաղաքականության մեջ անցյալի թեական մոդելավորումն օգնում է գոնե մոտավոր շեղմամբ վեր հանել ներկայի արատներն ու գալիքի սպառնալիքները։ Հարցադրումը՝ ի՞նչ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանը հավատարիմ մնար 2018 թվականին Հայաստանի փողոցներում ու Երևանի հրապարակներում հնչեցվող «սիրո ու հանդուժողականության» կարգախոսին, առնվազն գոյության լեգիտիմ իրավունք ունի։ Որովհետև, թեև չկան չափման մեթոդներ ու գործակիցներ, այդուհանդերձ կարող է տեղ ունենալ նաև պնդումը, որ հարյուր-հազարավոր քաղաքացիներից շատերը հրապարակներում էին նաև ու հատկապես, հատկապես ու հաստատապես՝ հանուն «սիրո ու հանդուրժողականության»։
Բայց Հանրապետության հրապարակի ներքնամասից նույն հրապարակի խոյակերտ վարչապետական աշխատասենյակ տեղափոխվելուց անմիջապես հետո սերը փոխակերպվեց ատելության, հանդուրժողականությունն էլ՝ մերժման ու հետապնդման մոլուցքի։ Հնարավոր է՝ դա պատմական ու քաղաքական զարգացումների օրինաչափ հետևանք էր, հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանի անձնային հատկանիշներով պայմանավորված այլակերպում։ Բայց կյանքը ցույց տվեց, որ սիրելը շատ ավելի դժվար էր, քան ատելությունը, ավելի բարդ էր հանդուրժելը, քան բազմակողմ ցեխարձակումը։ Երևի որովհետև սերն ավելի աննյութ մատերիա է ու պահանջում է գիտակցության ու ենթագիտակցության առավել բարձր որակներ, քան համեմատության մեջ ավելի շոշափելի ատելությունն ու մաղձը։ Ու երևի նաև այն պատճառով, որ սիրելիս երբեմն նաև տալիս են, իսկ որպես կանոն՝ ավելի շատ են տալիս, քան ստանում, մինչդեռ ատելության պարագային ստանալիքն ավելի շոշափելի է ու ավելի հողեղեն։
Բայց եղածն արդեն եղած է, սերը՝ մսխված, հանդուրժողականությունն էլ՝ անարգված ու արհամարհված։ Արդյունքում՝ հանրային, պետական, քաղաքական վերնախավային էներգիան ու էներգետիկան մսխվում է բացասական լիցքերի կուտակման վրա, որը ո՛չ պետությանը, ո՛չ էլ ու առավել ևս՝ հասարակությանը որևէ օգուտ չի տալիս։ Բացի ցածրարժեք տեսարաններից, բնականաբար։
Բայց քանի որ հարցադրումը՝ ի՞նչ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանը հավատարիմ մնար 2018 թվականին Հայաստանի փողոցներում ու Երևանի հրապարակներում հնչեցվող «սիրո ու հանդուժողականության» կարգախոսին, առնվազն գոյության լեգիտիմ իրավունք ունի, նշանակում է՝ ապրելու իրավունք ունի նաև վարկածը, որ այդ դեպքում Հայաստանը կլիներ ավելի բարի ու մարդասեր, պակաս թշնամական ու անմաղձ, ու հանրային միտքն ու ձիրքը ոչ թե կմսխվեր աննպատակ պայքարների, այլ արարումի ու ստեղծումի վրա, և տեսանելի կլիներ այն Հայաստանը, որի մասին երկուսուկես տարի առաջ հանրապետության փողոցներում ու Երևանի հրապարակներում ազդարարում էր Նիկոլ Փաշինյանը։
Սիրո ու հանդուրժողականության՝ ամիսներ անց դևալվացվելիք խրոխտ ու հուզախառն կարգախոսի ներքո։
Հարություն Ավետիսյան