«Մեծ հանրահավաք էլ ենք կազմակերպելու». Ծառուկյան
Խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկին ընդառաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը սկսել է հանդիպումների շարք՝ կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների պատասխանատուների հետ: Առաջին հանդիպումը Կոտայքի մարզի ակտիվի հետ էր:
Ծառուկյանի հանձնարարությամբ ամռան ամիսներին կուսակցության ներկայացուցիչները շրջել են մարզի համայնքներում, գույքագրել ժողովրդին հուզող խնդիրները:
«Հանձնարարել էի, որ հանդիպեք ժողովրդի հետ, լսեք նրանց խնդիրներն ու պրոբլեմները, և այսօր ես պատրաստ եմ այդ հարցերին պատասխանելու: Սեպտեմբերին առաջին նիստն է լինելու խորհրդարանի, այդ խնդիրները բարձրաձայնելու ենք, ներկայացնելու ենք դրանց լուծումները: Այսօր խնդիր չկա, որ լուծում չունենա, միայն հարկավոր է լիարժեք տիրապետել այդ խնդրին և լուծումներ տալ՝ ըստ մեր պետության հնարավորության սահմանում: Ես ինչ-որ ամպագոռգոռ բաներ չեմ ասում, բոլորդ գիտեք, որ տիրապետում եմ, գիտեմ, ոչ թե ամպագոռգոռ ճոխ բառեր, այլ իրականությունը, որ ճիշտ նպատակային ծառայի, օգտակար լինի, որ հանրությունն ըստ ոլորտների դրանք զգան իրենց կյանքում»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
Անդրադառնալով ուսանողների բարձրացրած հարցին, որ պարտադրում են մինչև սեպտեմբերի 15-ը ուսման վարձավճարները վճարել, Ծառուկյանն ասաց, որ վարձավճարների գոնե մի մասը պետք է պետությունը սուբսիդավորի:
«Մեր ապագան մեր երիտասարդությունն է, ուսանողը 2-րդ, 3-րդ կուրսում է, իսկ այսօր արտակարգ իրավիճակ է, մարդիկ լիարժեք չեն աշխատում՝ տանը նստած են: Պետությունը պետք է քայլ կատարի և գոնե 50 տոկոսը սուբսիդավորի, մարդիկ 6 ամիս չեն աշխատել: Դասախոսներն իրենց դասավանդումները իրարժեք կատարել են և պետք է իրենց գումարները ստանան: 300 միլիարդ, որը նախատեսված է բյուջեում, մինչև այսօր 12 միլիարդն է ծախսվել կապիտալ շինարարության համար: Հա, թող այս տարի կապիտալ շինարարության համար չծախսվի, բայց այդ գումարները լիարժեք իր ժողովրդին՝ ծառայողին, ուսանողին, թոշակառուին, մշակույթին պետք է տրամադրվի, մինչև այս վիճակից կարողանանք դուրս գալ: Այդ հարցը նույնպես կբարձրացնենք, որ դա անարդարացի է: Այսօր տնտեսությունը հիմնականում զարգանում է գիտության հիման վրա, էժան աշխատուժի վրա չի կայանում, պետք է մեր ուսանողներին տեր կանգնենք, որ չհիասթափվեն, չկոտրվեն, մնան իրենց երկրում և իրենց հնարավորությունն օգտագործեն ի օգուտ երկրի, ժողովրդի»,- ասաց ԲՀԿ ղեկավարը:
Ծառուկյանի խոսքով՝ կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչներին հանձնարարել էր նաև, որ բնակչությունից հետաքրքրվեն, թե ի՞նչ կարծիք ունեն կրթական ծրագրերի մասին՝ Հայ եկեղեցու պատմությունը՝ որպես առանձին առարկա, հանելու, դպրոցներում սեռական դաստիարակության ուսուցման վերաբերյալ: Հարցումների արդյունքում պարզվել է, որ բնակչության 95 տոկոսը դեմ է կրթական նոր փոփոխություններին:
«Մենք հայ, քրիստոնյա ազգ ենք, դա մեր մեծությունն է, մեր ճանաչումն է, մեր հպարտությունն է, մենք դրանով հպարտանում ենք, եկեղեցի, ընտանիք, առաջին քրիստոնյա ազգն ենք: Հարցումներից պարզվեց, որ 90-95 տոկոսը դեմ են դրան, չեն ընդունում: Ասել ենք, որ արդեն ընդունել են այդ ծրագիրը, որն անընդունելի մեզ համար, հայության համար: Մենք ստորագրություն էլ ենք հավաքելու և մեծ հանրահավաք էլ ենք կազմակերպելու, ով դրան դեմ է, ով չի ուզում, որ եկեղեցու դասընթացները հանվի, սեռական դասընթացներ անցկացվի, Հայ գրականությունը հանվի, Հայոց պատմությունը հանվի, մենք դա չենք կարող թույլ տալ, մեր երեխաները պետք է կրթվեն և դաստիարակվեն Հայ գրականությամբ, Հայոց պատմությամբ: Թող մտածեն՝ մենք հետամնաց ենք, Հայաստանն այսօր դրան չի գնա, հայ ժողովուրդը թույլ չի տա, հարցը կբարձրացնենք, մեծ հանրահավաք էլ կկազմակերպենք, ժողովուրդն իր ձայնը կասի, որ լսելի լինի բոլորին»,- ասաց Ծառուկյանը:
Նա նաև անդրադարձավ այս տարի բարձր բալեր հավաքած, բայց բուհեր չընդունված դիմորդների խնդրին.
«Ոչ մի երկրում չես կարող տեսնել, որ ծնողն իր երեխային տա պարապելու, երեխան քննություն հանձնի, ստանա 18 բալ և դուրս մնա, ում ասում ես, չեն հավատում: Չի՛ կարելի ծնողներին հիասթափեցնել, երեխաներին կոտրել, 7 բալն ընդունվել է, 18 բալը չի ընդունվել: Սա այն է, ինչ արդեն ասել եմ, որ կառավարության անդամները ոչ փորձառու են, նրանք մտածված չեն արել, այլ փորձ չունեն, չեն գիտակցել, ճիշտ չեն ծրագրավորել, ո՞նց կարող է երեխան 18 բալ ստանա և դուրս մնա: Իրենք իրենց սխալը պետք է ընդունեն, արագ կարգով կազմակերպեն և բոլոր ուսանողներին ոչ թե կոտրեն, այլ ասեն՝ կներեք, մենք ճիշտ չենք ծրագրավորել, մեր ծրագրավորումը սխալ է եղել, 1000 անգամ ներողություն, երեխաներ, եկեք ձեր ուսումը շարունակեք: Սա է լուծման ձևը, մարդը սխալվել է, ամոթ չէ, որ ասի՝ մենք փորձ չունենք, սխալվել ենք»:
Ծառուկյանն անփորձ կառավարման հետևանք համարեց նաև դպրոցներում աշակերտների պարտադիր դիմակներով դասերին մասնակցելու որոշումը.
«Շատ ցավալի հարց է, որ մարդիկ հայտարարություն են անում նույնպես ոչ արդյունավետ, փորձ չունենալով: Մեր բալիկները, թոռնիկները գնում են դասի, և ամբողջ ժամանակահատվածում դասամիջոց չպետք է լինի, դիմակներ պետք է կրեն, եթե ցանկանում են զուգարան գնալ, ուսուցիչը պետք է ուղեկցի, բա երեխաների հետ ո՞վ է մնալու: Կամ, եթե նրանք թույլատրում են, որ մարդիկ իրենց միջոցառումները կարող են 40 հոգով անել, և տարբեր մարդիկ են հավաքվում, այդ ո՞նց կարելի է 40 հոգին իրար հետ հավաքվել, միջոցառում անել, բայց 20 բալիկ առանց դիմակի չեն կարող դաս անել: Ոչ մի ծնող իր բալիկին չի՛ տանի դպրոց, թույլ չի տա, որ դիմակը դրած՝ մասնակցի դասերին: Սա ևս մեկ անգամ ապացուցում է իմ ասածները, ինչ որ ես ասել եմ, որ այսօր ցանկանալը շատ քիչ է, մարդը պետք է փորձ ունենա, կատարած գործ ունենա, արդյունավետ աշխատած լինի, իր ոլորտը տիրապետի, որ արդյունավետ ցույց տա, մարդիկ էլ տեսնեն: Սիրտս ցավում է, հասկանում եմ, տեսնում եմ, որ ամեն ինչ էլ հնարավոր է, չլուծվող խնդիր չկա, պետք է արդյունավետ կերպով, ինչ հնարավորություն, որ մեր պետությունն այսօր ունի, նպատակային օգտագործվի, որ մարդիկ կարողանան այս վիճակից դուրս գալ: Մարդիկ, որոնք պետություն պահողն են, կերակրողն են, սահման պահողն են, նրանց սնանկացնել, որ մարդիկ այս վիճակին հասնեն: Ով խոսում է տվյալ ոլորտից, կխնդրեմ՝ համարձակություն ունենա, դուրս գա մարզեր, հանրության հետ զրուցի և իր արածները ներկայացնի ժողովրդին, ժողովուրդը դրա պատասխանը լիարժեք իրեն կտա»: