Բանալի բառերը՝ գենդեր և ազգային կրթության մերժում. Սորոսի հիմնադրամը դեռ 2018-ին էր գրել կրթական «բարեփոխումների» ծրագիրը
Նախորդ հրապարակմամբ 168.am-ը գրել էր, որ իշխանափոխությունից հետո Բաց հասարակությունների հիմնադրամի (Սորոսի հիմնադրամ) կայքում հրապարակվել է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ (ճանապարհային քարտեզ), որում, ըստ ոլորտների՝ օլիգարխ Ջորջ Սորոսի կողմից ֆինանսավորվող ու մեր երկրում արդեն իսկ խորն արմատներ գցած ու կառավարության մակարդակով հարցեր լուծող հիմնադրամը ներկայացրել էր իր առաջիկա անելիքները:
Առաջին հրապարակմամբ անդրադարձել էինք սորոսականների կողմից դատաիրավական «բարեփոխումների» ներկայացված հայեցակարգին, կետ առ կետ նշել, թե դրանցից որոնք են արդեն ի կատար ածվել, և որոնք են ճանապարհին:
Այսօր կանդրադառնանք կրթական «բարեփոխումների» Սորոսի հիմնադրամի ծրագրին, որ գրել են դեռևս 2018թ.:
«Կրթության ոլորտը, առավել քան որևէ այլ հանրային ոլորտ, տարիներ շարունակ եղել է նախկին իշխանությունների տնտեսական և քաղաքական շահերի զավթյալ պատանդը՝ ի վնաս կրթության որակի և բարեվարքության: Վերջին գրեթե 15 տարիների ընթացքում գործադիր իշխանության և այն վերահսկող քաղաքական ուժի կողմից կրթական համակարգի զավթումը հանգեցրել է համակարգի կառավարման նկատմամբ բացարձակ վերահսկողության հաստատման և կրթության որակի ու բովանդակության խեղաթյուրման: Համակարգի նկատմամբ բացարձակ վերահսկողությունը պարբերաբար ծառայել է ընտրական գործընթացներում համակարգի վարչական ռեսուրսի շահագործմամբ իշխանության վերարտադրման գործիք: Հանրային ռեսուրսները, այդ թվում՝ միջազգային զարգացման բանկերից ստացված վարկային միջոցները, փոշիացվել են ի շահ իշխող վարչակարգի պահպանման և վերարտադրության: Ներհայաստանյան և միջազգային ստուգատեսներում հայաստանյան սովորողների կրթական արդյունքները պարբերաբար կեղծվել և խեղաթյուրվել են՝ քողարկելու համար կրթության որակի իրական պատկերն ու սովորողների գրագիտության շարունակական անկումը»,- կարդում ենք հայեցակարգ կոչվածի՝ կրթությանը վերաբերող հատվածի ամենասկզբում:
Ձեռագիրը նույնն է. ահասարսուռ ձևակերպումներով մարդկանց գիտակցության մեջ սերմանել ավերակ ոլորտի պատկեր՝ դրանով հիմք դնելով հետագա իրենց ծրագրերի մշակմանն ու իրագործմանը:
Որպես հետևանք, սորոսականների պնդմամբ, ներկայիս իշխանությունները ժառանգել են խորապես վարկաբեկված հանրակրթության համակարգ՝ հետևյալ առանցքային խնդիրներով.
- Կրթության բովանդակության անբարեվարքություն (դասագրքերի և կրթական այլ նյութերի բովանդակության խեղաթյուրում կամ նենգափոխում, ուսուցիչների մասնագիտական կարողությունների, հմտությունների և ուսուցման ժամանակակից ու երեխայակենտրոն մեթոդների բացակայություն, ոչ ժողովրդավարական արժեքների վրա հիմնված կրթական համակարգ, կրթօջախներում քաղքենիական ենթամշակույթի զարգացում, կառավարման համակարգի կուսակցականացվածություն),
- Կրթության կառավարման անբարեվարքություն (կոռուպցիա և հովանավորչություն, բոլոր մակարդակներում շահերի բախման բազմաշերտ դրսևորումներ, ֆինանսական չարաշահում և հիմնական կարիքների ապահովման համար ֆինանսավորման անբավարարություն),
- Հավասարություն և որակյալ կրթության հասանելիության բացակայություն բնակչության տարբեր, առավել խոցելի խավերի համար (խտրականություն աղքատ և գյուղաբնակ երեխաների նկատմամբ, խտրական մոտեցումներ աղջիկների, ազգային, էթնիկ, կրոնական և այլ փոքրամասնությունների նկատմամբ):
Նկատենք, որ կրթության ոլորտի՝ իբր նախկին իշխանությունների կողմից 15 տարի (առանձին քննարկման թեմա է, թե ինչո՞ւ հենց 15 տարի) «զավթյալ պատանդի» կարգավիճակում խոսում են նրանք, ովքեր իշխանության են բերել մի քաղաքական ուժի, որն անխտիր կուսակցականացրել է հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտը, երբ, օրինակ, հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդներում ընդգրկված են բացառապես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ:
Ի դեպ, այս մասին 168.am-ը հանդես է եկել առանձին հրապարակմամբ:
Ինչ վերաբերում է նրան, որ «Ներհայաստանյան և միջազգային ստուգատեսներում հայաստանյան սովորողների կրթական արդյունքները պարբերաբար կեղծվել և խեղաթյուրվել են՝ քողարկելու համար կրթության որակի իրական պատկերն ու սովորողների գրագիտության շարունակական անկումը», ապա նշենք, որ այնքան էլ չենք պատկերացնում, թե իշխանություններն ինչպե՞ս պետք է ազդեին, օրինակ, Եվրոպայում կամ Ամերիկյան կիսագնդում անցկացվող առարկայական միջազգային օլիմպիադաների արդյունքների վրա:
Ու պարզ է, թե առանց որևէ փաստ ներկայացնելու՝ նման կեղծ պնդում անելն ինչ հեռահար նպատակներ է հետապնդում:
Հատկանշական է, որ Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջում մենք հետևյալ գրառումը տեսանք, ուր գրաֆիկական պատկերով ներկայացված էին մեր աշակերտների նվաճումները առարկայական միջազգային օլիմպիադաներում մինչև իր պաշտոնավարման ավարտը՝ 2015թ.:
Ի դեպ, փաստ է, ու այն դեռ ոչ ոք չի հերքել, որ այդ տարիներին հայ աշակերտներն ավելի շատ մեդալներ էին բերում միջազգային օլիմպիադաներից, քան հարևան Վրաստանի ու Ադրբեջանի աշակերտները՝ միասին վերցրած:
Հանրակրթության ոլորտի կառավարման և ղեկավարման խնդիրներ
Բաց հասարակությունների հիմնադրամը (Սորոսի հիմնադրամ) իր այդ հայեցակարգով առաջարկում է.
- Բարեփոխել հանրակրթական ուսումնական հաստատությունների (ՀՈՒՀ) կառավարման մարմնի՝ Խորհրդի կազմն ու լիազորությունների շրջանակը, սահմանել այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան ծնողներին և մանկավարժական համակազմին գործուն և արդյունավետ ազդեցություն ունենալ որոշումների կայացման, այդ թվում՝ տնօրենի ընտրության, վրա: Բացառել շահերի բախումը ՀՈՒՀ Խորհրդի կազմում:
- Սահմանափակել գործադիր իշխանության և տեղական կառավարման մարմինների մասնակցությունը և անդամությունը ՀՈՒՀ Խորհուրդներում՝ միայն խորհրդակցական ձայնի իրավունքով:
- Բացառել Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների և ԿԳՆ միջամտությունը ՀՈՒՀ ներքին կառավարման, տնօրենի ընտրության և ֆինանսական ռեսուրսների բաշխման ու տնօրինման հարցերին:
- Բարելավել ՀՈՒՀ տնօրենի մրցույթի անցկացման և ընտրության ընթացակարգերը:
- Սահմանել խելամիտ ժամկետներ և ընթացակարգեր, որոնք հնարավորություն կտան տնօրենի պաշտոնի հավակնորդներին նախքան մրցույթի կայացումը ծանոթանալ ՀՈՒՀ ֆինանսական, կառավարման և կրթական որակին առնչվող խնդիրներին, հանդիպումներ և քննարկումներ ունենալ ծնողական, աշակերտական և մանկավարժական խորհուրդների հետ, մշակել արդյունավետ և իրատեսական զարգացման ծրագրեր:
- Բացառել մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի և ԿԳՆ միջամտությունը և հովանավորչությունը ՀՈՒՀ տնօրենի ընտրության գործընթացում:
- Ապահովել ծնողական, աշակերտական և մանկավարժական խորհուրդների անկախությունն ու ինքնավարությունը:
- Օրենքով ամրագրել վարչական և քրեական պատասխանատվության միջոցներ և մեխանիզմներ՝ կրթական գործընթացներում տնօրենների, ուսուցիչների և այլ սուբյեկտների իրավախախտ գործողությունների վերաբերյալ արդյունավետ վարույթներ հարուցելու և հետաքննություններ իրականացնելու համար:
- Մասնավորապես, սահմանել քաղաքական, կուսակցական կամ կրոնական քարոզչության, երեխաների նկատմամբ վատ վերաբերմունքի, խտրականության կամ բռնության, գնահատականների միջոցով ծնողների և/կամ աշակերտների նկատմամբ ճնշումների գործադրման, անօրինական դրամահավաքների կանխման, ինչպես նաև ուսուցիչների աշխատանքային իրավունքների պաշտպանության արդյունավետ իրավական մեխանիզմներ:
Հանրակրթության որակին առնչվող խնդիրներ
«Իշխող քաղաքական ուժի ծայրահեղ ազգայնական և պահպանողական գաղափարախոսության քարոզչությունը հանգեցրել է կրթական բովանդակության նենգափոխմանը ոչ միայն ժողովրդավարական և հանդուրժողականության արժեհամակարգի տեսանկյունից, այլև գիտական մեթոդները խեղաթյուրելու տեսանկյունից: Բովանդակության խեղաթյուրումները տեղի են ունեցել ոչ միայն հումանիտար առարկաների և պատմության դասավանդման առումով, այլ նաև բնագիտական առարկաների շարքում: Նման խեղաթյուրումներ առկա էին նաև սովետական շրջանում, սակայն ոչ բնագիտական առարկաների մասով: Անցած տարիներին կրթական համակարգում աստիճանաբար սահմանափակվել է քննական, քննադատական և քննողական մտքի զարգացումը: Գենդերային կարծրատիպերի և կանխակալ մոտեցումների, խտրականության, անհանդուրժողականության և այլատյացության սերմանումը դարձել է մի շարք նոր դասագրքերի բովանդակության գաղափարական բաղադրիչը՝ ամուր ամրապնդվելով նաև դասավանդողների վարքագծի, աշակերտների նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի, արմատացած բուլինգի (ֆիզիկահոգեբանական հալածանքի) և ուսուցանման մեթոդների մեջ»,- սա ևս կարդում ենք Բաց հասարակությունների հիմնադրամի (Սորոսի հիմնադրամ) վերոնշյալ հայեցակարգում:
Այսօր, երբ բուռն քննարկումներ են տեղի ունենում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների առարկայական նոր չափորոշիչների մշակման շուրջ, երբ ՀՀ բոլոր բուհերի հայագիտական ամբիոններն ու ֆակուլտետները դատապարտել են նոր չափորոշիչներն ու կոչ արել դրանք հանել շրջանառությունից, մենք տեսնում ենք, որ դրանց բովանդակությունը լիովին տեղավորվում է սորոսականների ծրագրերի մեջ: Այսինքն՝ մեր նոր իշխանությունները հետևողականորեն իրականացնում են Սորոսի հիմնադրամի գլոբալիստական, ապազգային ծրագրերը՝ խորն արմատներ գցելով արդեն իսկ կրթական համակարգի մեջ:
Իսկ երբ խոսում են այն մասին, որ «գենդերային կարծրատիպերի և կանխակալ մոտեցումների, խտրականության, անհանդուրժողականության և այլատյացության սերմանումը դարձել է մի շարք նոր դասագրքերի բովանդակության գաղափարական բաղադրիչը», հարց է առաջանում՝ այդ ի՞նչ այլատյացության սերմանման մասին է խոսքը, և ինչո՞ւ են մեզ հետևողականորեն ներկայացնում այլատյաց ու անհանդուրժող: Վստահաբար խոսքը թուրքերի մասին է, և, փաստորեն, բոլորովին պատահական չէ, որ «Հայոց պատմության»՝ ներկայացված առարկայական նոր չափորոշիչը սարսափահար է արել բազմավաստակ մասնագետներին ու գիտնականներին, հասարակական ամենատարբեր շերտերի ու ներկայացուցիչների: Իսկ նոր դասագրքերում, ասենք, չի հիշատակվում Ապրիլյան քառօրյա հաղթական պատերազմը, որ թուրք քոչվոր ցեղերը հանկարծ չվիրավորվեն կամ չնեղվեն…
Բաց հասարակությունների հիմնադրամը (Սորոսի հիմնադրամ) իր այդ հայեցակարգով այս դեպքում առաջարկում է.
- Հաշվառել ֆունկցիոնալ գրագիտության ցածր մակարդակ ունեցող հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-11-րդ դասարաններում սովորողներին, ինչպես նաև բուհի 1-4 կուրսերում սովորող ուսանողներին, և նրանց 59 գիտելիքների բացը (առնվազն մաթեմատիկա և հայոց լեզու առարկաների կտրվածքով) լրացնելու համար անհրաժեշտ ներդրման (թե՛ ֆինանսական, թե՛ մարդկային ռեսուրսի, և թե՛ ժամանակի) ծավալը: (անցումային հրատապ միջոցառում)
- Մշակել հավելյալ/արտաժամյա ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ՝ ելնելով տարբեր խմբերի պատկանող երեխաների կարիքներից: Հատկացնել անհրաժեշտ ռեսուրսներ նշված կարիքների անհապաղ բավարարման համար: (անցումային հրատապ միջոցառում)
- Վերանայել հանրակրթության չափորոշիչը, կրթական ծրագրերն ու դասագրքերը՝ երեխաների զարգացման տարիքային առանձնահատկություններից, միջառարկայական կապերի ամրապնդման, գենդերային կարծրատիպերի և խտրական բովանդակության բացառման, հանդուրժողականության, մարդու իրավունքների և ժողովրդավարության արժեհամակարգի ամրապնդման, քննողական ու քննադատական մտքի խթանման և կայուն զարգացման տեսանկյուններից:
- Ավելացնել հանրակրթության ոլորտին ուղղվող պետական բյուջեի և միջազգային զարգացման կառույցների կողմից ֆինանսավորվող ծրագրերի ֆինանսական ռեսուրսների ծավալն ու օգտագործման/բաշխման արդյունավետությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:
- Ռեսուրսներ հատկացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակառուցվածքների վերականգնման և բարելավման համար:
- Աշխարհի առաջավոր փորձի և Հայաստանյան կրթական համակարգի կարիքների հիման վրա, մասնակցային մեխանիզմով մշակել և հանրակրթության ոլորտում ներդնել հակաբուլինգային քաղաքականություն, որը կարող է ներառել վարքականոններ, ուսուցումներ սովորողների և դասավանդողների համար, պատասխանատվության մեխանիզմներ և այլն:
- Բարելավել դասագրքերի մշակման և չափորոշաստեղծ աշխատանքների իրականացման համար հայտարարվող մրցույթների անցկացման կարգերի թափանցիկությունն ու արդյունավետությունը:
- Համապատասխանեցնել հանրակրթական ծրագրերը Հանրակրթության մասին օրենքի 2017թ.-ի փոփոխություններին (2017թ.-ից ՀՀ-ում 12-ամյան դարձել է պարտադիր, բայց ծրագրերն ու դասագրքերը չեն փոխվել, բովանդակությունը՝ նույնպես):
Սորոսականների պնդմամբ և ձևակերպմամբ՝ «Ուսուցիչների գենդերային կարծրատիպերը էապես անդրադառնում են աղջիկների կրթության վրա»:
Առհասարակ աչքի է զարնում, որ «հայեցակարգի»՝ հատկապես կրթությանը վերաբերող հատվածում հաճախ է գործածվում «գենդեր» բառը, ինչը շատ ընդունված է մեր ներկայիս՝ փաշինյանական իշխանությունների համար:
«Կրթության մեջ սոցիալական արդարության և հավասարության վերականգնման համար անհրաժեշտ ենք համարում անցումային և համակարգային քայլերի իրականացումը»,- ասում են սորոսականներն ու ներկայացնում իրենց «առաջարկները»:
Առաջարկներ
- 2019-2020թթ. ուսումնական պլանով համահարթեցնել ավագ մակարդակի կրթության ուսումնական պլանները՝ անկախ հաստատության տեսակից և գտնվելու վայրից (քաղաքային ավագ դպրոց, կամ գյուղական միջնակարգ դպրոց):
- Վերանայել ՀՈՒՀ ֆինանսավորման բանաձևը և սահմանել համարժեք գործակիցներ հանրակրթության ավագ մակարդակում ուսուցման կազմակերպման համար՝ անկախ հաստատության տեսակից և գտնվելու վայրից: (անցումային հրատապ միջոցառում)
- Արմատական փոփոխություններ կատարել ուսուցիչների մասնագիտական և վերապատրաստման ծրագրերում՝ շեշտադրելով գենդերային հավասարության, հակախտրականության, հանդուրժողականության, մարդու իրավունքների և ժողովրդավարության, կայուն զարգացման արժեքների ուսուցանումը, ինչպես նաև մասնագիտացումների 21-րդ դարի համար անհրաժեշտ շրջանակի դասավանդումը:
- Մասնագիտական քննարկումների արդյունքում վերամշակել դպրոցների ֆինանսավորման բանաձևը:
- Լրամշակված բանաձևում ապահովել սովորողների գնահատված կարիքներից բխող քանակական և որակական ցուցանիշների ներառումը, որոնք կերաշխավորեն որակյալ 12-ամյա անվճար հանրակրթության, այդ թվում՝ ավագ դպրոցի մակարդակում հոսքային և ենթահոսքային կրթության համընդհանուր հասանելիությունն ու մատչելիությունը բոլոր երեխաների համար:
- Մասնակցային քննարկումների արդյունքում ընդունել Կրթության զարգացման ռազմավարական ծրագիրը՝ սոցիալական արդարության, հավասարության, հանդուրժողականության, հակախտրականության և ներառականության սկզբունքներն ամրագրելով որպես հենքային առաջնահերթություններ:
- Կրթության զարգացման տեսլականը կառուցել հիշյալ սկզբունքների հիման վրա:
- Կրթության զարգացման ռազմավարական ծրագրերի մշակման հիմքում որպես սկզբունք որդեգրել փաստերի և հետազոտությունների, ինչպես նաև ազգային և միջազգային մակարդակում հայաստանյան կրթական ձեռքբերումների և արդյունքների համակողմանի վերլուծության վրա հիմնված որոշումների կայացումը:
Բարձրագույն կրթություն
Խոսելով այն մասին, որ Հայաստանում բարձրագույն կրթության բարեփոխումները սկսվեցին 2005թ.-ին՝ Բոլոնյան գործընթացին միանալով, որը խոստումնալից քայլ էր, սորոսականները հավելում են «Ցավոք, Բոլոնյան բարեփոխումները կարծեցյալ էին, և արդյունքում, համալսարանները դրվեցին գործադիր իշխանության բացարձակ վերահսկողության տակ: Ակադեմիական ազատությունը և ավելին՝ ակադեմիական բարեվարքությունը՝ ներառյալ ուսումնասիրությունների ու հետազոտությունների գործընթացը, ամբողջովին ոտնահարվեցին»:
Եվս մեկ անգամ շեշտենք, որ համալսարանները նախորդ իշխանությունների կողմից գործադիր իշխանության բացարձակ վերահսկողության տակ դնելու մասին խոսում են նրանք, ում անմիջական ջանքերով իշխանության եկած քաղաքական ուժը, օրինակ, օգոստոսի 9-ին հաստատել է Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը, որի անդամներից 9-ը գործադիրի ներկայացուցիչներ են:
Նույն պատկերն է նաև մյուս բուհերում:
«Խնդրահարույց է նաև հավասարությունը բուհերում: Բարձրագույն կրթությունը հասանելի չէ սոցիալական բոլոր խավերին, իսկ գենդերային հավասարությունն աղավաղված է. կանայք արտաքսված են բնական գիտությունների ոլորտից, բարձր դիրք ունեցող գիտական կամ ղեկավար պաշտոններից: Հաշվի առնելով այս ամենը՝ անհապաղ է դառնում բազմակողմանի, բոլոր շերտերն ընդգրկող համակարգի աուդիտը՝ որակի, համապատասխանության ու որակյալ կադրերի տեսանկյունից»,- գրված է այդ «հայեցակարգում», ու չի նշվում, թե, ասենք, ո՞վ է կանանց արտաքսել բնական գիտությունների ոլորտից:
Բաց հասարակությունների հիմնադրամն (Սորոսի հիմնադրամ) առաջարկում է.
Ղեկավարման և կառավարման ոլորտ.
- Բարձրագույն կրթության օրենքի փոփոխություն՝ կառավարման բարեվարքության ապահովման ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրագրման տեսանկյունից:
- Օրենքով ամրագրել բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների մասնակցության իրական և արդյունավետ մեխանիզմներ բուհերի կառավարման գործընթացներում:
- Օրենսդրական կարգավորման առարկա դարձնել նաև ֆինանսական մեխանիզմների հարցերը: Քաղաքականության մակարդակում մշակել և իրականացնել կառավարման աուդիտ՝ ամրագրելու այն իրավիճակը, որը այս պահին հանդիսանում է օբյեկտիվ իրականություն:
- Վերանայել հանրային բուհերի կառավարման կամ հոգաբարձուների խորհուրդների կազմը և դադարեցնել Հիմնադիր և Լիազոր մարմնի կողմից խորհրդի կազմի ներկայացուցչությունը, այդ թվում՝ քաղաքական պաշտոնյաների և մարզպետների: Սա կնպաստի հանրային բուհերի ինստիտուցիոնալ ինքնավարության մակարդակի բարձրացմանը:
- ՀՀ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) հոգաբարձուների խորհուրդը պետք է լինի անկախ, մինչդեռ խորհրդի կազմում ընդգրկված են քաղաքական կուսակցության անդամներ և առ այս պահը՝ նախկին Կառավարության ներկայացուցիչներ: Ըստ Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի չափանիշների՝ բուհերը և նրանց հավատարմագրման գործակալությունները պետք է լինեն անկախ և գործեն ինքնուրույն՝ առանց երրորդ կողմի ազդեցության, այդ թվում՝ Կառավարության:
- Այսպիսով, առաջարկվում է դադարեցնել ՈԱԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի ներկայիս գործունեությունը և նշանակել նոր կազմ՝ բացառելով Կառավարության և որևէ քաղաքական կուսակցության ներկայացուցչության ներգրավվածությունը:
- Բացի այդ, շահերի բախման տեսանկյունից՝ պետք է դադարեցնել և բացառել նաև ՀՀ հանրային բուհերի ղեկավար մարմինների ներկայացվածությունը ՈԱԱԿ-ի հոգաբարձուների խորհրդում:
Եվ վերջում՝ նշենք այն կազմակերպությունների անունները, որոնք ստորագրել են վերոբերյալ փաստաթղթի տակ՝
«Ասպարեզ» ժուռնալիստների ակումբ
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Իրազեկ քաղաքացիների միավորում
Հայաստանի հելսինկյան կոմիտե
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ