Սորոսի հիմնադրամը քայլ-քայլ իրականացնում է երկու տարի առաջ իր հրապարակած ծրագիրը

Իշխանափոխությունից հետո Բաց հասարակությունների հիմնադրամի (Սորոսի հիմնադրամ) կայքում հրապարակվեց ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ (ճանապարհային քարտեզ), որում, ըստ ոլորտների՝ օլիգարխ Ջորջ Սորոսի կողմից ֆինանսավորվող ու մեր երկրում արդեն իսկ խորն արմատներ գցած ու կառավարության մակարդակով հարցեր լուծող հիմնադրամը ներկայացրել էր իր առաջիկա անելիքները:

Հայեցակարգի վերնագիրն ինքնին արդեն զարհուրելի է, և երբ ոլորտ առ ոլորտ ուսումնասիրում ես այդ հայեցակարգ կոչվածը, հասկանում ես, որ կոնկրետ ուժեր, լրջագույն ֆինանսական, մարդկային ու այլ ռեսուրսների ներդրումների արդյունքում, քայլ առ քայլ իրականացնում են այն, ինչի համար աջակցել են 2018-ի իշխանափոխությանը և ինչի երաշխիքները ստացել են:

Կարճ ասած՝ եկել է քարերը հավաքելու ժամանակը:

Այս հրապարակմամբ կանդրադառնանք իրավապահ համակարգի նկատմամբ ունեցած՝ Սորոսի հիմնադրամի նկրտումներին:

Դատական իշխանության մասին

«Տարիներ շարունակ պետության զավթման հիմնական գործիքներից և բնութագրիչներից է եղել իշխանության երրորդ ճյուղի՝ դատարանների նկատմամբ ոչ իրավաչափ հսկողությունը: Դատավորների նկատմամբ վերահսկումն իրականացվել է նրանց նշանակման պահից: Չնայած նրան, որ տարբեր ժամանակաշրջաններում գործել են դատավորների նշանակման տարբեր մեխանիզմներ, դրանք բոլորը մշակված են եղել այնպես, որպեսզի իշխող վարչախումբը կամ կուսակցությունը (նախկինում՝ նախագահի անունից, իսկ հետո՝ ձայների մեծամասնություն ունեցող կուսակցության) որոշի դատարանների կազմը: Քաղաքական որոշումներով ընտրված և իրենց առաջխաղացման, ազատման և պատասխանատվության ենթարկվելու առումով խոցելի դատավորները մշտապես սպասարկել են իշխող ուժի շահերը, ի վիճակի չեն եղել իրականացնել արդարադատություն և անաչառ կերպով պաշտպանելու մարդու, այդ թվում՝ իրենց սեփական իրավունքները՝ իշխանության և դրան փոխկապակցված անձանց ոտնձգություններից: Կոռուպցիայի բարձր մակարդակը դատարաններում նպաստել է հանրության կողմից այդ ինստիտուտի նկատմամբ հանրության վստահության անկմանը»,- որպես նախաբան՝ նշված է համապատասխան գլխի սկզբում:

Հետայսու ընթերցողը «պետության զավթում» բառակապակցությունը կտեսնի շարունակ, և հենց սա է այս հայեցակարգը մշակողների ու նրանց ֆինանսավորողների հիմնավորման մեխը:

2 տարի առաջ գրված հայեցակարգից հետո 2 տարի անց, այսօր էլ Բաց հասարակությունների հիմնադրամից սնվող իրապաշտպանների ճնշող մեծամասնությունն օգտագործում է «պետության զավթում» արտահայտությունը՝ այսպիսով ուղիղ ասելով, որ իրենց ծրագիրը դեռ լիովին իրագործված չէ:

Հոգեցունց «բացահայտումներ» անելուց հետո այն մասին, որ հեղափոխությունը վերջապես տարանջատեց ու անկախություն նվիրեց իշխանության բոլոր ճյուղերին, հայեցակարգի հեղինակները նշում են՝ «Փաստորեն, հենց հեղափոխության շնորհիվ իշխանության  առանձին ճյուղի իրական կարգավիճակ ստացած դատական իշխանությունը չի ձևավորվել ոչ ժողովրդի և ոչ էլ ժողովրդի կողմից ձևավորված մարմինների կողմից»:

Այս ձևակերպմամբ հիմք է դրվում հետագա պետականաքանդ գործունեությունն արդարացնելու փորձերին:

«Եթե Հայաստանում գոյություն ունենար դատական իշխանություն, ապա չէին կեղծվի ընտրությունները, ինչը հանցագործություն է, այն կոծկելու նպատակով չէին կատարվի նոր հանցագործություններ՝ ընդդիմության նկատմամբ հետապնդումներ, ճնշումներ և հալածանքներ, այդ թվում՝ սպանություններ, և, վերջապես, չէին կայացվի դատարանների ապօրինի ակտեր՝ նախորդող հանցագործությունները պարտակելու նպատակով (այս, մասնավորապես՝ 2008թ.-ի մարտի 1-ի դատական ակտերի ապօրինության պատճառով արդեն կան Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռներ): Հայաստանի հասարակության մեջ չկա գեթ մեկ անձ, որը կարող է պնդել, որ, եթե 2008թ.-ին գործող իշխանությունները 100 տոկոսանոց համոզմունք չունենային, որ ՀՀ Սահմանադրական դատարանը ճանաչելու է ընտրության արդյունքները, նրանք կկեղծեին ընտրությունները»,- գրված է սորոսականների հրապարակած հայեցակարգում:

Նկատենք, որ առ այսօր չկա դատական որևէ վճիռ, որ ընտրություն է կեղծվել, սակայն արդեն այս հատվածում մենք տեսնում ենք Սահմանադրական դատարանի (ՍԴ) հետ կապված նրանց նպատակները, ինչը և 2 տարի անց ահռելի ջանքերի գնով ու պետական ապարատի ողջ ներգրավվածությամբ ու օրենքների շրջանցմամբ, շատերի պնդմամբ՝ հանցագործություն կատարելու գնով՝ հաջողությամբ իրականացրին:

Իսկ թե ինչո՞վ էր ՍԴ-ի այս կազմը խանգարում հայտնի հիմնադրամին, կարծում ենք՝ գաղտնիք չէ. այս ՍԴ-ն ամուր պատնեշ է նրանց նպատակների իրականացման ճանապարհին:

Հաջորդիվ ներկայացվում են դատական բարեփոխումների մասով առաջարկները՝

  • «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխություն՝ սահմանադրական անհրաժեշտ փոփոխություններով հանդերձ (հետագայում՝ նոր Սահմանադրության հետ միասին ընդունում)` ԲԴԽ-ի ընտրության կարգի, նոր դատարանների վերաբերյալ, անցումային դրույթների ընդունում` այն մասին, որ.
  • Ընդհանուր իրավասության դատարանների, վերաքննիչ, Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների լիազորությունները դադարում են, օրինակ՝ 2019թ.-ի սեպտեմբերի 1-ից:
  • Կոռուպցիոն գործերով դատարանի մասին Դատական օրենսգրքի դրույթները ուժի մեջ են մտնում 2019թ.-ի սեպտեմբերի 1-ից. ստեղծվում է Կոռուպցիոն հանցագործությունների գործերով դատարան (որը և դատական վերահսկողություն է իրականացնում մինչդատական վարույթի նկատմամբ, և արդարադատություն):
  • Ստեղծվում է ՀՀ Գերագույն դատարան ՝ որպես մեկ միասնական բարձրագույն դատական ատյան՝ առանց սահմանադրական արդարադատության հարցերով բարձրագույն դատական ատյանի արհեստական առանձնացման, քանի որ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և դրա նորմերը, գործելով անմիջականորեն, հանդիսանում են քրեական, քաղաքացիական և վարչական գործերով վարույթները կարգավորող օրենսդրության անքակտելի աղբյուրը (այս մարմնի անվանումները կարող են տարբեր լինել՝ Գերագույն դատարան, Սահմանադրական դատարան, Սահմանադրական Գերագույն դատարան, և այլն):
  • Վերաքննիչ դատարանում ստեղծվում է երկու պալատ՝ տեղական դատարանի որոշումների և առաջին ատյանի դատարանի դատավճիռների և որոշումների դեմ բերված բողոքների քննություն իրականացնելու համար:
  • Դատական օրենսգրքի այս դրույթներն ուժի մեջ են մտնում 2019թ.-ի սեպտեմբերի 1-ից:
  • Առաջին ատյանի և տեղական դատարանների մասին Դատական օրենսգրքի դրույթներն ուժի մեջ են մտնում 2019թ.-ի սեպտեմբերի 1-ից. ստեղծվում է ընդհանուր իրավասության դատարանի երկօղակ համակարգ, որտեղ՝ 1-ին օղակը՝ տեղական դատարանը, իրականացնում է դատական վերահսկողություն, այն է՝ քննում է բնակարանի խուզարկության, կալանավորման և այլ միջնորդությունները, քննիչների/դատախազների որոշումների և գործողությունների/անգործության դեմ բերված բողոքները, ինչպես նաև՝ ըստ էության՝ ոչ ծանր, այն է՝ առավելագույնը 5 տարվա ազատազրկմամբ պատժվող հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 2-րդ օղակը՝ առաջին ատյանի դատարանը, միայն իրականացնում է արդարադատություն (գործի ըստ էության քննություն) ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով (5+)՝ բացառությամբ Կոռուպցիոն հանցագործությունների գործերով դատարանին ընդդատյա գործերի:

Ուշադրություն՝ ըստ այդ հայեցակարգի՝ ձևավորվում է նոր Բարձրագույն դատական խորհուրդ դրա լեգիտիմության ապահովման նպատակով, ինչը և հաջողությամբ արեցին:

Բոլոր նկարագրված գործողությունների համար որպես վերջնաժամկետ սահմանվում է 2020թ. հունվարի 1-ը:

Նկատենք, որ նշված ծրագրի իրականացումը սրա հեղինակների համար հեշտ լուծելի հարց է թվացել, որովհետև 2020թ. հունվարի 1-ից բավականին ժամանակ է անցել, իսկ դրանցից շատերը դեռ իրագործված չեն, թեպետ իշխանությունների գործողությունների հաջորդականությունն ու հետևողականությունն այդ ծրագիրն ամեն կերպ կյանքի կոչելու մասին է խոսում:

Քրեակատարողական համակարգի վերաբերյալ

Ինչպես և ակնկալվում էր, քրեակատարողական համակարգի խնդիրներին անդրադառնալիս կարևորություն է տրվել սոցիալական կոնկրետ որոշակի խմբի շահերի պաշտպանությանը:

«Խնդիրներն առավել զգալի են ԼԳԲՏ մարդկանց և այլ խոցելի խմբերի համար, որոնք քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) ենթարկվում են մեկուսացման և ստորացումների»,- նշված է այդ հայեցակարգում:

Ի թիվս այլ միջոցների՝ Բաց հասարակությունների հիմնադրամում վստահ են, որ անհրաժեշտ է.

  • Դադարեցնել մի շարք ՔԿՀ-ների, այդ թվում՝ «Նուբարաշեն», «Գորիս», շահագործումը, որոնց շենքային պայմանները հակամարդկային են, և դրանք այլևս հնարավոր չէ բարելավել վերանորոգմամբ:
  • Բարձրացնել ՔԿՀ-ների բուժսպասարկման որակն ու հասանելիությունը՝ ապահովելով բժիշկների անկախությունը, բուժսպասարկման որակը հավասարեցնելով քաղաքացիական բուժհաստատություններում տրամադրվող բժշկական ծառայությունների չափորոշիչներին և միաժամանակ սկսելով ՔԿՀ-ների բուժանձնակազմը ՀՀ առողջապահության նախարարության ենթակայությանը փոխանցելու գործընթացը:
  • Զարգացնել վաղաժամկետ ազատման մեխանիզմը, որպեսզի ապահովվի վերջինիս արդյունավետ կիրառումը ցմահ ազատազրկված և մյուս դատապարտյալների համար: Այս նպատակով ՔԿՀ-ներում ներդնել սոցիալական ծառայությունների և անձի անհատական գնահատման համակարգ:
  • Կամայական մոտեցումներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է պրոբացիոն ծառայությունը դարձնել միակ մարմինը, որը դատապարտյալի ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի հիման վրա դատարան կներկայացնի դատապարտյալին վաղաժամկետ ազատման նպատակահարմարության առթիվ իր խորհրդատվական զեկույցը, իսկ ՔԿՀ-ի եզրակացությունը (կամ տեղեկանքը) լինի պրոբացիոն ծառայության կողմից այդ գնահատումն իրականացնելու աղբյուրներից մեկը:
  • Վերացնել ՔԿՀ-ներում տիրող քրեական ենթամշակույթը և ազատազրկվածների հիերարխիկ հարաբերությունները, վերականգնել օրենքի գերակայությունը և վարչակազմի վերահսկողությունը բանտերում:
  • Անցկացնել բազմակողմանի և օբյեկտիվ քննություն քրեակատարողական հաստատություններում յուրաքանչյուր սպանության, ինքնասպանության, ինքնավնասման կամ մահվան գործով, ուսումնասիրել դրանց խորքային պատճառներն ու ներդնել վաղ կանխարգելման արդյունավետ մեխանիզմներ:
  • Փոխանցել պատժի կրման նկատմամբ հսկողության գործառույթը դատախազությունից դատարանների վերահսկողությանը:

Առհասարակ երկրում ընթացող դատաիրավական գործընթացին փոքրիշատե հետևող ցանկացած անձ ինքը կարող է տեսնել, թե նպատակներն ուր են տանում, և դրանցից որին է տրվել առաջնահերթություն իրականացման հրատապության տեսանկյունից:

Ոստիկանություն

Հայեցակարգի հեղինակների կարծիքով՝ ոստիկանությունը դուրս է մնացել հանրային վերահսկողության ոլորտից, սակայն քաղաքացիական հասարակությունը բազմիցս բարձրաձայնել է, որ հենց ոստիկանությունում է, որ անձինք ենթարկվում են խոշտանգման կամ այլ վատ վերաբերմունքի, կամ խախտվում են նրանց անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության և այլ հիմնարար իրավունքներ:

«Հենց ոստիկանությունն է, որ խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ բազմիցս կիրառել է անիրավաչափ և ոչ համարժեք ուժ կամ հատուկ միջոցներ՝ անձանց կյանքին ու առողջությանը վնաս պատճառելով, սակայն ղեկավարությունը երբևէ պատիժ չի կրել, պատասխանատվության չի ենթարկվել: Ոստիկանությունում է նաև, որ պատշաճ արձագանք չի տրվում խոցելի խմբերի դեմ իրականացված հանցագործություններին»,- կարդում ենք այդ հայեցակարգում:

Փաստորեն, հիմա հակառակ իրավիճակն ունենք, երբ խոցելի խմբերը՝ նույնասեռականները, իրենք են մտնում ոստիկանություն ու, նրանց լուռ համաձայնությամբ՝ ջարդում ոստիկանական բաժանմունք, ծեծում ոստիկաններին, սպառնում ու հանգիստ հեռանում:

Խոսքը տրանսգենդեր անձանց կողմից Կենտրոնի բաժնի վրա հարձակման մասին է, որից հետո այն ժամանակվա ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը բավականին սուր հաղորդագրություն տարածեց, որը, սակայն, շատ արագ հեռացվեց՝ հավանաբար հենց այդ խոցելի խմբի պաշտպանության ջատագով ներքոստորագրյալ անձանց համառ ջանքերի ու միջամտության արդյունքում:

Առաջարկներ

Սորոսի հիմնադրամի նշյալ փաստաթղթում առաջարկվում է.

  • Հանել ոստիկանությունը վարչապետի անմիջական ենթակայությունից՝ տալով կառույցին նախարարության կարգավիճակ և ապահովելով Ազգային ժողովին նրա հաշվետվողականությունը՝ խորհրդարանական վերահսկողության հստակ գործիքների սահմանմամբ և կիրառմամբ:
  • Զարգացնել ոստիկանության համակարգի աշխատակիցների կարողությունները՝ կենտրոնանալով հատկապես հավաքների ազատության իրավունքի ապահովման համատեքստում ոչ բռնի մեթոդներով դրա մասնակիցների և հասարակության մյուս անդամների անվտանգության ապահովման, հարցաքննության ոչ բռնի մեթոդների կիրառման, ինչպես նաև գենդերային զգայունության հարցերի վրա:
  • Գնահատել համայնքային ոստիկանություն կազմակերպելու ուղղությամբ իրականացված գործունեությունը՝ վերհանելով ձախողումները, ձեռնարկել արդյունավետ միջոցներ և հստակ ու հաշվետու քայլեր համայնքային ոստիկանության ինստիտուտը գործնականում աշխատեցնելու ուղղությամբ:
  • Ապահովել ոստիկանության բաժանմունքներում ձայնա- և տեսագրության միջոցների տեղադրման պիլոտային ծրագրի պատշաճ իրականացումը, ինչպես նաև նման համակարգի ներդրումը ոստիկանության բոլոր բաժանմունքներում:
  • Ձեռնարկել քայլեր, որպեսզի փոքրամասնությունների, սոցիալապես և այլ խոցելի խմբերի դեմ իրականացված հանցագործություններին տրվի պատշաճ արձագանք, այդ թվում՝ զարգացնելով իրավապահ մարմինների աշխատակիցների համապատասխան կարողությունները:
  • Ապահովել ոստիկանությանը տրվող բյուջետային հատկացումների և անձնակազմի թվաքանակի տվյալների թափանցիկությունը:
  • Ապահովել ոստիկանության նկատմամբ հասարակական վերահսկողությունը՝ երաշխավորելով ոստիկանությունում հասարակական դիտորդական խմբի աշխատանքը:
  • Վերացնել կամ վերակազմավորել Ոստիկանության ներքին զորքերը, այն հիմքով, որ Հայաստանը ներքին թշնամիներ չունի:

Դատախազություն և քննչական մարմիններ

Նշյալ փաստաթղթում առաջարկվում է.

  • Ազգային ժողովի կողմից Գլխավոր դատախազի թեկնածուի առաջադրման և ընտրության ընթացակարգում նախատեսել մասնագիտական, ապաքաղաքական անկախ գնահատման անցկացում:

(Նկատենք, որ չի հստակեցվում, թե ինչ շրջանակներ պետք է իրականացնեն անկախ գնահատումը):

  • Ապահովել Հատուկ քննչական ծառայության պետի և ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարի ընտրությունն Ազգային ժողովի որակյալ մեծամասնությամբ, իսկ նրանց տեղակալների նշանակումը՝ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովներում թեկնածուների շուրջ խորհրդակցություններ անցկացնելուց հետո:
  • Սահմանել քննչական մարմինների կողմից իրենց գործունեության վերաբերյալ Ազգային ժողովին տարեկան հաշվետվությունների ներկայացման պարտավորությունը և այդ հաշվետվության՝ Ազգային ժողովում քննարկման ընթացակարգը: Կարելի է քննարկել դատախազության և (կամ) քննչական մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողության քաղաքականապես անկախ մեխանիզմների (տեսչություններ) վերաբերյալ և մշակել համապատասխան մոդելի ներդրման հեռանկարն ու հնարավորությունը Հայաստանի համար:
  • Վերանայել Դատախազության գործառույթներն ու դերը ՀՀ պետական համակարգում ինչպես քրեական արդարադատության համատեքստում, այնպես էլ դրանից դուրս:
  • Սահմանել ողջամիտ և բավարար գործառույթներ և դրանց իրականացման մեխանիզմներ՝ քրեական արդարադատության նպատակներին հասնելու համար:
  • Օրենսդրությամբ հստակ սահմանել «պետական շահ» հասկացությունը, դատախազի կողմից դրա պաշտպանության համար դատարան հայց ներկայացնելու դեպքերը և գործողությունները: Միևնույն ժամանակ ապահովել կամայականությունների դեմ երաշխիքներ: Նման երաշխիքներից կարող է լինել այն, որ դատախազի որոշումները ենթարկվեն դատական ստուգման: ՀՔԾ-ին և ՀՀ քննչական կոմիտեին վերապահել քննչական ենթակայությունը բոլոր ոլորտներում՝ այդ թվում՝ անվտանգության, հարկային, մաքսային:
  • Հստակ սահմանել այն չափանիշները, որոնցով պետք է առաջնորդվի դատախազը՝ գործը նախաքննության մի մարմնից մյուսին հանձնելիս:
  • Սահմանել ՀՔԾ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու լիազորություն:
  • Սահմանել Ոստիկանության կողմից Ոստիկանության հսկողության ներքո գտնվող անձանց կամ նրանց մոտ լուրջ վնասվածքների առկայության վերաբերյալ ՀՔԾ-ին հայտնելու պարտադիր պահանջ:
  • Օրենսդրությամբ և գործնականում ապահովել ՀՔԾ-ի մատչելիությունը՝ ստեղծելով ՀՔԾ-ի տարածքային ստորաբաժանումներ, ինչպես ՀՀ քննչական կոմիտեի դեպքում է, որպեսզի ապահովվի իրավապահ մարմինների և պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերով ՀՔԾ-ին քաղաքացիների բողոքներ, դիմումներ ներկայացնելու մատչելիությունը:
  • Բոլոր գերատեսչություններում գործող քննչական մարմինները միավորել քննչական կոմիտեի կազմի մեջ:

Վերջին կետի մասին, ի դեպ, բավականին տևական ժամանակ խոսում են, նույնիսկ կարծես թե մեխանիզմներ են մշակվում դրա իրականացման ուղղությամբ, բայց այս պահին դեռ քննչական մարմիններն առանձին են գործում:

Ազգային անվտանգության մարմիններ, Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ)

Առաջարկվում է.

  • Ապահովել օրենսդրությամբ և գործնականում, որ Անվտանգության մարմինների գործառույթները սահմանվեն և ծառայեն անվտանգության ապահովման իրենց առաքելությանը:
  • Սահմանել, թե ԱԱԾ որ մարմինը և որ ստորաբաժանումն է պատասխանատու իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Ապառազմականացնել ԱԱԾ-ն՝ այստեղ զինվորական ծառայությունը փոխարինելով հատուկ քաղաքացիական ծառայությամբ:
  • Օրենսդրության մեջ հստակ սահմանել տեղեկատվության՝ այդ թվում՝ անձնական տվյալների, պետական և ծառայողական գաղտնիքի, անվտանգությանը վերաբերող տեղեկատվության պահպանման, հասանելիության, և դրա սահմանափակման չափանիշները, հիմքերը և ընթացակարգերը՝ Ցվանե սկզբունքների (Tshwane Principles, 2013) և միջազգային լավագույն պրակտիկայի հիման վրա:
  • Ապահովել խորհրդարանական, քաղաքացիական (այդ թվում՝ ԱԱԾ ձերբակալվածներին պահելու վայրերի վերահսկողության համար ստեղծել հասարակական դիտորդական խումբ) և դատական վերահսկողություն անվտանգության մարմինների գործունեության նկատմամբ, դարձնել այն ավելի թափանցիկ և հաշվետու:
  • Հստակ սահմանել խորհրդարանական վերահսկողություն Անվտանգության մարմինների գործունեության նկատմամբ՝ չսահմանափակվելով միայն պատգամավորների կողմից տեղեկություններ ստանալով:
  • Սահմանել ԱԱԾ կողմից Ազգային ժողովին տարեկան հաշվետվությունների ներկայացման պարտավորություն և դրանց քննարկման ընթացակարգը:
  • Ապահովել, որպեսզի անվտանգության մարմինների նկատմամբ խորհրդարանը՝ այդ թվում՝ համապատասխան հանձնաժողովը, իրականացնի ժողովրդավարական վերահսկողության այնպիսի լիազորություններ, ինչպիսիք են.

ա) տեղեկատվություն ստանալ և հասանելիություն ունենալ պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկություններին և վայրերին,

բ) իրավունք ունենալ հավաքել փաստեր՝ ներառյալ այցելելով և ստուգելով գաղտնի վայրերը, հավաքել ցուցմունքներ, գնահատել փաստաթղթերը՝ անհրաժեշտության դեպքում նույնիսկ օպերատիվ տեղեկատվությունը,

գ) իրավունք ունենալ պահանջել, նախաձեռնել կամ իրականացնել պաշտոնական հարցումներ, քննություններ և անկախ ստուգումներ պաշտոնական դիրքի չարաշահումների դեպքում,

  • դ) իրավունք ունենալ հրապարակել եզրակացություններ և առաջարկություններ՝ առանց վտանգելու ազգային անվտանգությունը:
  • Ազգային անվտանգության ծառայության կազմից հանել քննչական ստորաբաժանումը և տեղափոխել քննչական կոմիտեի կազմի մեջ:

Ուշադրություն պետք է դարձնել հատկապես առաջարկների վերջին հատվածին ու դրա հեռահար նպատակներին:

Առաջին հայացքից թվում է, թե ոչ մի արտառոց բան չկա, որ Խորհրդարանն ունենա վերահսկողական գործառույթներ ԱԱԾ-ի նկատմամբ, թեպետ դրա սահմաններն ու իրականացման ձևերը բավականին վիճելի են հենց ազգային անվտանգության տեսանկյունից: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ շրջանակներ են այսօր տեղ գտել մեր Ազգային ժողովում, կարծում ենք, առանց մեկնաբանելու էլ հասկանալի է, որ այդ շրջանակներին պետական գաղտնիք հանդիսացող փաստաթղթերին հասանելիություն տալն ինչ ռիսկեր է պարունակում իր մեջ:

Օպերատիվ-հետախուզական գործունեություն (ՕՀԳ)

Առաջարկվում է.

  • Ամբողջությամբ վերանայել «Օպերատիվ-հետախուզական գործողությունների մասին» ՀՀ օրենքը և համապատասխանեցնել այն Եվրոպայի խորհրդի սկզբունքներին և չափանիշներին: Համապատասխան փոփոխություններ կատարել նաև ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում:
  • Օրենսդրությունում հստակ սահմանել և գործնականում ապահովել ՕՀԳ-ի ենթակա սուբյեկտների շրջանակը և կիրառման չափանիշները:
  • Ապահովել օրենսդրությամբ և գործնականում օպերատիվ հետախուզական գործողությունների նկատմամբ դատական և դատախազական վերահսկողություն և գործողությունների իրավական գնահատում, գործողությունների սուբյեկտի պատշաճ ծանուցում գործողությունների վերաբերյալ, ինչպես նաև ՕՀԳ իրականացնող պաշտոնատար անձի կողմից պատասխանատվությունը խախտումների դեպքում:
  • Բարձրացնել անձի կողմից ՕՀԳ վերաբերյալ բողոքարկման արդյունավետությունը՝ սահմանելով պետության պարտավորությունը՝ ծանուցել անձին իր նկատմամբ կիրառված միջոցառումների մասին, ինչպես նաև սահմանել արդյունավետ 28 բողոքարկման ընթացակարգեր՝ այդ թվում՝ ՕՀԳ-ի օրինականության և հիմնավորվածության մասով:
  • Օժտել Հատուկ քննչական ծառայությանը օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնելու լիազորությամբ:
  • Օրենսդրությամբ սահմանել, թե ԱԱԾ որ մարմինը, որ ստորաբաժանումն է իրավասու իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
  • Նախատեսել նախնական դատալսումներ՝ մինչև գործի ըստ էության քննությունը ապացույցների բովանդակային քննություն իրականացնելու համար՝ որպես մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատական վերահսկողության եղանակ (ուղղություն):

Եվ վերջապես՝ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ

Անցումային արդարադատության իրականացումը սորոսական շրջանակների նվիրական երազանքն էր, որը, սակայն, իրենցից անկախ պատճառներով իրողություն չդարձավ: Հենց անցումային արդարադատությամբ էին ուզում բոլոր իրենց համար կարևոր հարցերին ու  նպատակներին մեկ փաթեթային լուծում տալ:

Առաջարկներ

  • Մշակել Անցումային արդարադատության հայեցակարգ, գործողությունների ծրագիր՝ ներգրավելով քաղաքացիական հասարակությանն ու հանրությանը: Սահմանել հստակ ժամկետներ Անցումային արդարադատության գործողությունների իրականացման համար:
  • Ապահովել արժեքային և գաղափարական իրական փոփոխություն այն իմաստով, որ մարդու իրավունքներն արհեստականորեն չհակադրվեն ազգային անվտանգությանը:
  • Ընդունել օրենք Անցումային արդարադատության մասին, որը կհամապատասխանի միջազգային իրավունքին և չափանիշներին:
  • Իրականացնել սահմանադրական փոփոխություններ, որոնցով կբացառվի պետության զավթումը որևէ իշխանության կողմից:
  • Իրականացնել համակարգային բարեփոխումներ՝ այդ թվում՝ գործնական քայլերի, օրենսդրական և նաև սահմանադրական փոփոխությունների միջոցով՝ իրավապահ, անվտանգության մարմինների և դատական համակարգի անկախությունը, հաշվետվողականությունը և իրենց գործառութային խնդիրներն արդյունավետ կատարելը երաշխավորելու նպատակով:
  • Իրականացնել իրավապահ, անվտանգության, դատական համակարգի զտում/ստուգում (vetting), որով կստուգվի այդ համակարգերում աշխատող անձանց բարեվարքությունը, կոռուպցիոն սխեմաներում ներգրավվածությունը, մասնագիտական պատրաստվածությունը:
  • Ապահովել, որպեսզի սույն համակարգերը համալրվեն նոր կադրերով՝ միևնույն ժամանակ ամբողջովին չմաքրելով դրանք նախկին աշխատակիցներից, ովքեր ունեն լուրջ և անհրաժեշտ ինստիտուցիոնալ փորձ:
  • Իրականացնել կարողությունների զարգացման ընդգրկուն ծրագրեր: Ապահովել համապարփակ ինստիտուցիոնալ բարեփոխումներ:
  • Ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր հավակնում են որոշակի պետական պաշտոնների դատական իշխանության համակարգում, Ազգային ժողովում, իրավապահ, անվտանգության մարմիններում, մինչ պաշտոնի ստանձնումը անցնեն զտման/ստուգման գործընթացով, որը կներառի նաև տվյալ անձի անձնական գործի հասանելիությունը հանրության համար:
  • Ապահովել, որպեսզի նախկինում ընտրությունների կեղծմանը տրվի քաղաքական գնահատական, և իրականացվեն ինստիտուցիոնալ, օրենսդրական և գործնական բարեփոխումներ՝ կանխելու դրանց ի հայտ գալը հետագայում՝ անկախ այդ պահին գործող իշխանական ուժերից:
  • Նման միջոցառումները կարող են ընդգրկել նաև հանրային ծառայության համակարգի զտման գործընթաց:
  • Ապահովել խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ բռնություններով գործերի արդյունավետ քննությունը, ինչպես նաև տրամադրել հատուցում՝ բարոյական և նյութական: Հատկապես գնահատական տալ լրագրողների նկատմամբ բռնություններին՝ տրամադրելով նրանց՝ որպես տուժածների խմբի, նյութական և բարոյական փոխհատուցում: Տալ իրավական և քաղաքական գնահատական քաղաքական բանտարկյալների հարցին և ներդնել արդարադատության այնպիսի համակարգ, որը կբացառի ապագայում քաղաքական հիմքով հետապնդումները կամ ազատությունից զրկումը:
  • Ապահովել, որպեսզի արդար դատաքննության իրավունքի խախտման արդյունքում անարդարացիորեն պատժի դատապարտված անձինք հնարավորություն ունենան դիմելու և վերաբացելու իրենց դեմ գործերը, և տեղի ունենա գործերի քննության արդարացի գործընթաց: Որպես տարբերակ՝ կարելի է ստեղծել առանձին դատախազության ստորաբաժանում, որը կզբաղվի այդ գործերով և կազմված կլինի նախկինում այդ գործերում չներգրավված, բարձր հեղինակություն, օբյեկտիվություն և անաչառություն, մասնագիտական համապատասխան կարողություններ ունեցող մասնագետներից:
  • Ապահովել, որպեսզի այն անձինք, ում նկատմամբ կիրառվել է խոշտանգում կամ այլ դաժան, անմարդկային վերաբերմունք, հնարավորություն ունենան ստանալ հատուցում՝ անկախ արարքի կատարման ժամկետներից և դրա համար պատասխանատու անձին քրեական պատասխանատվության ենթարկելուց:
  • Պատշաճ գործողություններ ձեռնարկել ցմահ ազատազրկված անձանց վաղաժամկետ ազատ արձակման (20 տարվա շեմը հաղթահարած անձանց), գործերի վերանայման (զինվորական գործերով ցմահ ազատազրկման դատապարտված անձանց), նախագահի 2003թ. ՆՀ 103-Ա հրամանագրի այն մասի վերացման միջոցով, որը պատիժ էր սահմանել ցմահ ազատազրկման տեսքով (մահապատիժը ցմահ ազատազրկմամբ փոխարինելու գործերով): Իրականացնել բանակում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերի պատշաճ քննություն և ճշմարտության բացահայտում:
  • Կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների քննում և արդյունավետ միջոցների ձեռնարկում, որոնք հնարավորություն կտան վերադարձնել արխիվները՝ անկախ քրեական գործերից:
  • Ապահովել, որպեսզի վերադարձված ակտիվներն օգտագործվեն զոհերի հատուցման ծրագրերում կամ զարգացման ծրագրերում: Ապահովել մարտի 1-ի դեպքերի պատշաճ քննություն և մեղավորների պատժում՝ արդար դատաքննության իրավունքի երաշխավորմամբ: Ապահովել սեփականության իրավունքի խախտման գործերով տուժածների իրավունքների վերականգնում և հատուցում:

Շատ բաներ այս հայեցակարգից դեռևս չեն իրականացել, մի զգալի հատված էլ արդեն կյանքի է կոչված, սակայն սա չի նշանակում, որ դադարել են քայլեր իրականացվել համապարփակ իրականացման ուղղությամբ, ու քանի դեռ մեր երկրում, օրինակ, դատաիրավական համակարգի խնդիրները դրսի ուժերը սպասարկողների կողմից պետք է լուծում ստանան, չպետք է զարմանանք, որ այդ լուծումները սպասարկելու են օտարի շահը, որն ամենևին չի հատվում մեր ազգային շահի հետ:

Հաջորդիվ կներկայացնենք կրթական «բարեփոխումների»՝ սորոսականների ներկայացրած հայեցակարգը:

Եվ վերջում՝ չմոռանանք նշել այն կազմակերպություններին, ովքեր ստորագրել են այս հայեցակարգի տակ՝

«Ասպարեզ» ժուռնալիստների ակումբ

 Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Իրազեկ քաղաքացիների միավորում

Հայաստանի հելսինկյան կոմիտե

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 

Տեսանյութեր

Լրահոս