Կուսակցականացված հանրակրթություն, կամ՝ ձեզ չէր կարելի, մեզ կարելի է

Հունվարի 24-ին ԱԺ  «Լուսավոր Հայաստան» (ԼՀ) խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ԱԺ ամբիոնից իր ելույթը նվիրեց դպրոցների կառավարման խորհուրդների կուսակցականացման խնդրին:

«Ես ուսումնասիրել եմ Երևանի հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդների կազմն ու ապշել եմ, որովհետև այս երկու տարվա ընթացքում լուրջ փոփոխություններ են եղել այդ խորհուրդներում, և այնտեղ են ներառվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ և նրանց օգնականներ և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ,- ասաց Անի Սամսոնյանը՝ հավելելով,- Ապշում եմ, պարո՛ն նախարար, որովհետև Դուք նախարար դառնալուց առաջ միշտ խոսում էիք այն մասին, որ դպրոցների կառավարման խորհուրդները քաղաքականացված են, և դա ճիշտ չէ։ Հիմա  ինչպե՞ս հասկանանք  Ձեր այդ քայլը»:

ԼՀԿ-ական պատգամավորն ԱԺ ամբիոնից անուններ թվեց՝ հարցնելով իշխանական «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորների, թե նրանք ի՞նչ գործ ունեն դպրոցների կառավարման խորհուրդներում:

«Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ գործ ունեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվիստները դպրոցների կառավարման խորհուրդներում։ Պարո՛ն Վաղարշակ Հակոբյան, պարոն Պապոյան, տիկին Հովսեփյան, դուք  և ձեր օգնականները ի՞նչ գործ ունեք կառավարման խորհուրդներում։ Մենք բուհերի խորհուրդներից դուրս քաշեցինք պատգամավորներին, բայց պարզվում է, որ դուք դպրոցներո՞ւմ եք խորը արմատներ գցել»,- ասաց  Սամսոնյանը։

Վերջինս նախարար Արայիկ Հարությունյանին հիշեցրեց ավելի վաղ նրա արած հայտարարությունը, թե նախկին՝ ՀՀԿ-ական իշխանությունների ժամանակ բուհերի կառավարման խորհուրդները ծառայել են տեղի իշխաններին, ապա հարց ուղղեց. «Ուզում եմ հասկանալ՝ այդ ո՞ր իշխանիկներին են ծառայում հիմա այդ կառավարման խորհուրդները»։

Ավելի վաղ 168.am-ը նույն խնդրով հարցում էր ուղարկել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանին՝ խնդրելով տրամադրել նախարարության ենթակայությամբ գործող ավագ դպրոցների կառավարման խորհուրդներում նախարարության՝ նոր նշանակված լիազոր ներկայացուցիչների ամբողջական ցանկը, ինչպես նաև տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե ովքե՞ր են նրանք, ի՞նչ կուսակցական պատկանելություն ունեն և ի՞նչ պաշտոններ են ներկայումս զբաղեցնում պետական կառավարման համակարգում:

ԿԳՄՍ-ից մեզ հայտնեցին, որ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձևավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի, «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության», «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման կարգի» դրույթներով, որոնց պահանջների համաձայն՝ կրթության կառավարման պետական լիազոր մարմինը կառավարման խորհուրդների կազմում առաջադրում է անդամներ:

«Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրությամբ հանրակրթական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների համար սահմանված չեն չափանիշեր (պաշտոն, կրթական ցենզ, կուսակցական պատկանելություն և այլն), հետևաբար՝ նախարարությունը խորհրդի անդամների կուսակցական պատկանելության վերաբերյալ տեղեկատվության չի տիրապետում»,- նշված էր ԿԳՄՍ նախարարության պատասխանի մեջ:

Հավելել էին նաև, որ ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշմամբ հաստատված՝ «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 32-րդ կետը սահմանում է, որ խորհրդի անդամ չի կարող առաջադրվել դպրոցի տնօրենի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) անձը:

«Նախարարության ենթակայությամբ գործող ավագ դպրոցների կառավարման խորհուրդներում նախարարության նոր լիազոր ներկայացուցիչների նշանակումը շարունակական գործընթաց է, և պարբերաբար փոխվող անունները կարող եք ճշտել համապատասխան դպրոցներից»,- ասել էին նախարարությունից:

Քանի որ ԿԳՄՍ նախարարությունից մենք մեր հարցերի պատասխաններն ըստ էության չստացանք, դիմեցինք ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանին՝ խնդրելով մեզ առարկայական տրամադրել իր ունեցած տվյալները, թե ինչ տեղեկություն ունի կուսակցականացված կառավարման խորհուրդների վերաբերյալ: Մեր խնդրանքն ԱԺ պատգամավորը չմերժեց, և մի քանի դպրոցների կառավարման խորհուրդների լիազոր մարմնի ներկայացուցիչների ցանկը ուսումնասիրելով՝ մեզ համար պատկերը պարզ դարձավ:

Այսպես՝ «Երևանի Վ. Համբարձումյանի անվան հ. 17 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ԿԳՄՍ ներկայացուցիչը Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Արամ Հովսեփյանն է, ըստ լուրերի՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ:

«Երևանի Դ. Դեմիրճյանի անվան հ.  27 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի ԿԳՄՍ ներկայացուցիչը ևս ներկայացնում է պետական գերատեսչություն, ՀՀ պետական վերահսկողական ծառայության իրավախորհրդատու Վահրամ Մինասյանն է:

«Երևանի Հովհ. Թումանյանի անվան հ. 32 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի Երևանի քաղաքապետի ներկայացուցիչն էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փորձագետ Լուսինե Բեկչյանն է:

«Երևանի Վ. Բելինսկու անվան հ. 38 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի Երևանի քաղաքապետի ներկայացուցիչը Մարիամ Պողոսյանն է, ով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության գործավարն է:

«Երևանի Ա. Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի ԿԳՄՍ ներկայացուցիչը, ըստ դպրոցից տրված տեղեկանքի, ԱԺ պատգամավորի օգնական Արմեն Գալաջյանն է, բնականաբար, կուսակցական:

«Երևանի Խ. Սամուելյանի անվան հ. 47 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի ԿԳՄՍ ներկայացուցիչը Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը ներկայացնող Լևոն Սարգսյանն է:

«Երևանի Հովհ. Հովհաննիսյանի անվան հ. 52 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի ԿԳՄՍ ներկայացուցիչը Մանե Մխոյանն է, ով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի օգնական է:

«Երևանի Ստ. Զորյանի անվան հ. 56 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի ԿԳՄՍ ներկայացուցիչը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Վարդանյանն է:

«Երևանի Վ. Տերյանի անվան հ. 60 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի ԿԳՄՍ ներկայացուցիչը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Կարապետ Ղուկասյանն է:

«Երևանի Գ. Աթարբեկյանի անվան հ. 61 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի ԿԳՄՍ ներկայացուցիչը ԱԺ «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն է:

«Երևանի հ. 59 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի ԿԳՄՍ ներկայացուցիչը Քաղպայմանագրից Վիկտորյա Հարությունյանն է:

«Երևանի Հ. Սահյանի անվան հ. 70 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի ԿԳՄՍ ներկայացուցիչն էլ է կուսակցական, ներկայացնում է իշխող ուժը: Նա որևէ տեղ չաշխատող Վաքո Ուզունյանն է:

«Երևանի Ն. Ստեփանյանի անվան հ. 71 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի ԿԳՄՍ ներկայացուցիչը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանն է:

«Երևանի Հ. Ավետիսյանի անվան հ. 74 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի Երևանի քաղաքապետի ներկայացուցիչն էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն է:

«Երևանի Յ. Լեփսիուսի անվան հ. 88 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի ԿԳՄՍ ներկայացուցիչը անհատ ձեռներեց, ՀԱԿ անդամ Դավիթ Հովհաննիսյանն է:

«Երևանի  հ. 84  հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի ԿԳՄՍ ներկայացուցիչն էլ «ՔՊ» թիմը ներկայացնող Անի Մնացականյանն է:

Հ.100 դպրոց– Էռնեստ Ավանեսով, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ

Հ.108 դպրոց– Լևոն Զաքարյան, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ

Հ.110 դպրոց– Ջավախյան Աննա, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ

Հ.111 և 126 դպրոցներ– Մկրտչյան Սաթենիկ,  Երևանի ավագանու «Իմ քայլը խմբակցության անդամ»

Հ.128 դպրոց– Գրիգոր Երիցյան,  Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ

Հ.129 դպրոց– Ավետիսյան Էդուարդ, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ

Հ.136 դպրոց– Փեթակչյան Նաիրի, ՔՊ ակտիվիստ

Հ.140 դպրոց– Հովհաննիսյան Հայկ, ՔՊ վերադարձի հիմնադրամում կազմակերպչական խմբի ղեկավար

Հ.164 դպրոց– Արուսյակ Ջուլհակյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Հ.179 դպրոց– Սոֆյա Հովսեփյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Ինչպես տեսնում ենք, խորհրդի վերոնշյալ անդամները կամ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ են, կամ իշխող ուժը ներկայացնող պատգամավոր ու ավագանու անդամ, կամ էլ՝ երկուսը միասին:

Էլ չենք խոսում պետական գերատեսչությունների ներկայացուցիչների՝ դպրոցների կառավարման խորհուրդներում ներկայացվածության մասին, որոնք, թերևս, իշխող ուժի համակիրներ են:

Ստացվում է մի իրավիճակ, երբ իշխող քաղաքական ուժը, երբ դեռևս ընդդիմադիր էր, շարունակ շեփորահարում էր կրթական համակարգի կուսակցականացվածության մասին՝ դրանում մեղադրելով նախկին իշխող ՀՀԿ-ին, սակայն իրենք էլ ողջ կրթական համակարգը, մասնավորապես՝ դպրոցական համակարգը լցրել են իրենց կուսակցության ներկայացուցիչներով, համակիրներով, ԱԺ պատգամավորներով ու Երևանի ավագանու իմքայլական անդամներով:

Ի դեպ, 168.am-ն արդեն իսկ անդրադարձել էր Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում եղած խնդրին, ուր արդեն տևական ժամանակ է՝ լարված  իրավիճակ է:

Ըստ մամուլի հրապարակման՝ լարվածության պատճառը դպրոցի կառավարման խորհրդում ԿԳՄՍ ներկայացուցիչ Վահրամ Սողոմոնյանն է, ում վերաբերյալ շրջանառվում են լուրեր, որ նա նաև ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի օգնականն է, հանդիսանում է ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանի հովանավորյալը, ինչով էլ պայմանավորված՝ անում է այն, ինչ ցանկանում է: ԿԳՄՍ փոխնախարարը հերքել էր իր ազդեցությունը Վահրամ Սողոմոնյանի վրա, ասել, որ կապ չունի նրա նշանակման հետ: Ինքը՝ Սողոմոնյանը, սակայն, համամիտ չէր այն մտքին, որ դպրոցում տհաճ իրավիճակ է ստեղծվել իր պատճառով, ու ասել էր, որ իր դեմ պատվեր է իրականացվում:

Տեսանյութեր

Լրահոս