«ՁԻԱՀ-ի կենտրոնը խախտում անել չէր կարող»
ՁԻԱՀ-ի Կանխարգելման հանրապետական կենտրոնը չէր կարող խախտում անել և դեղեր ձեռք բերել շուկայականից թանկ գնով: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը:
«ՁԻԱՀ-ի Կանխարգելման հանրապետական կենտրոնը հիվանդների դեղերը չի գնում: ՁԻԱՀ-ի կենտրոնը դեղերը ստանում է օգնության ձևով, որոնք գնվում են ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի ծրագրի շրջանակներում: Սա նշանակում է, որ կենտրոնը խախտում անել չէր կարող»,- նշեց Սամվել Գրիգորյանը: Վերջինս նաև ասաց, որ իր համար անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող է ՁԻԱՀ-ի կենտրոնը հայտնվել խախտում կատարած ընկերությունների ցանկում. «Ես կփորձեմ երկուշաբթի օրը ճշտել դա»:
Հիշեցնենք, որ այսօր ՏՄՊՊՀ-ն (Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով) հրապարակել էր դեղորայքի գծով պետգնումների ոլորտում կատարված ուսումնասիրությունները: Պարզվել էր, որ 134 բուժհաստատություններից շուրջ 100-ն անհրաժեշտ դեղորայքը ձեռք են բերել առանց մրցույթների անցկացման: Վերջիններս, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները, իրենց հայեցողությամբ են որոշել, թե ումից պետք է դեղորայք գնեն: Մրցույթներ չհայտարարելու հետևանքով հիվանդանոցները դեղերը ձեռք են բերել շուկայականից մինչև անգամ եռակի թանկ գնով:
Օրինակ, հակաբորբոքային «ցեֆտրիաքսոն» դեղամիջոցը որոշ հիվանդանոցներ գնել են 850 դրամով, այն դեպքում, երբ իրական արժեքը 190 դրամ է, պետությունը անհամեմատ թանկ է վճարել նաև «նատրիումի քլորիդի» համար՝ 150-ի փոխարեն 350 դրամ: ՏՄՊՊՀ-ը հաշվարկել է, որ բուժհաստատությունների նման վարքագծի հետևանքով պետական բյուջեին պատճառվել է ավելի քան 1,5 միլիարդ դրամի վնաս:
Նշված բուժհիմնարկների շարքում են եղել «Նաիրի», «Քանաքեռ-Զեյթուն», Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնները, Երեւանի քաղաքային շտապ բուժօգնություն ՓԲԸ-ն, առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը, հակատուբերկուլոզային դիսպանսերը:
Առայժմ 168.am-ին հաջողվել է պարզաբանումներ ստանալ միայն ՁԻԱՀ-ի Կանխարգելման հանրապետական կենտրոնից: