Կեղծ օրակարգ խորհրդարանում
ՀՀ-ում հաստատված համաճարակով պայմանավորված՝ իշխանությունները, ինչպես հայտնի է, անորոշ ժամանակով դադարեցրեցին իրենց կողմից հակասահմանադրական հանրաքվեն, որպեսզի կարողանան հարցի հետ կապված որոշակի հստակեցումներ մտցնել։
Շատերն են հիշում, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդի մասին բարձրաձայնվեց մարտի 1-ին (ըստ որոշ մասնագետների՝ համավարակի դեպքեր եղել են դեռևս հունվար, ինչպես նաև փետրվար ամիսներին), սակայն դա չխոչընդոտեց իշխանություններին, որպեսզի մարտի 5-ին սկսեն հանրաքվեի լայնածավալ քարոզարշավ, որը, ըստ էության, տեղի ունեցավ մինչև մարտի 13-ը (Սյունիքի և Վայոց ձորի մարզերում)։
Այս օրերին Նիկոլ Փաշինյանն ու իր ողջ «գվարդիան» վառվռուն աչքերով հայտարարում էին, որ առաջիկա հանրաքվեն լինելու է «ՀՀ ամենալեգիտիմ ու ամենաարդար հանրաքվեն», իշխանությունները պնդում էին, թե սա ՀՀ Երրորդ Հանրապետության ամենասկզբունքային ու առանձնահատուկ նշանակության հանրաքվեն է, անգամ զուգահեռներ էին անցկացվում 1991 թվականի անկախության հանրաքվի հետ (եթե հիշում եք՝ անգամ ապրիլի 5-ի հանրաքվեի լոգոն 1991-ի կրկնօրինակն էր, և սկանդալ առաջացավ)։ Գրեթե ամենօրյա ռեժիմով հայտարարվում էր, թե «ապրիլի 5-ին սպասվող հանրաքվեն լինելու է իշխանության վստահության հանրաքվեն», կառավարությանը սպասարկող լրատվականները թմբկահարում էին, թե «հանրաքվեին «այո» ասելով՝ ուղղակի պաշտպանում են հեղափոխությունը»։
Ահա այս պոպուլիստական «բումի» փուլում Հայաստան «ժամանեց» կորոնավարակը և ամբողջովին խառնեց Փաշինյանի խաղաքարտերը։ Այսօր արդեն իշխանական «ռասկլադում» արմատապես այլ օրակարգ ու իրավիճակ է տիրում։
Հայտնի է, որ ՀՀ-ում առկա արտակարգ դրությունը դեռևս շարունակվելու է մինչև հունիսի 15-ը, և դեռ հայտնի չէ, թե մինչև երբ ու ինչ ժամկետով այն կշարունակվի։ Այդ հանգամանքը ոչ մի կերպ ձեռնտու չէ գործող իշխանություններին, քանի որ ստեղծված պայմաններում շարունակում է օդում կախված մնալ Սահմանադրական դատարանի նախագահի հարցը, իսկ Հրայր Թովմասյանի՝ այդ պաշտոնին մնալը Փաշինյանի համար ունի կենսական նշանակություն։ Ահա հենց այս քաղաքական շահագրգռվածությունն էլ պատճառ է հանդիսացել ՍԴ թնջուկի հանգուցալուծման այլ գործիքակազմի մշակումն ու իրավիճակի վերաբերյալ հստակ կարգավորում մտցնելը։
Բանը հասավ նրան, որ իմքայլականները, սեփական սկզբունքներին դեմ գնալով, ՍԴ գործընթացները կարգավորելու նպատակով դիմեցին Վենետիկի հանձնաժողովին՝ մասնագիտական կարծիք ստանալու համար։ Այն նույն հանձնաժողովին, որի նախագահին իշխանական պատգամավորներից մեկը մեղադրեց ՀՀ նախկին նախագահից թանկարժեք շքանշան ստանալու մեջ՝ հայտնի ակնարկներով։ Ստացվում է, որ համավարակի պայմաններում Ջիաննի Բուքիքիոն այդքան էլ վատ ու կոռումպացված գործիչ չէ, և այդ մասին, առանց ամոթի զգացում ունենալու, հանրության աչքերին նայելով՝ ժամեր առաջ հայտարարեց պատգամավորը (կոռուպցիայի դասական օրինակ է, և միտումնավոր պաշտոնյային մեղադրել է կոռուպցիայի մեջ, ապա դա զրպարտություն է)։
Ակնհայտ է, որ այսօր ԱԺ-ում ականատես եղանք հերթական հակասահմանադրական օրինագծի քննարկմանը։ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանի օրակարգում քննարկման է դրել «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը։
Ըստ էության՝ ՀՀ ղեկավար կազմը հասկացել է, որ հանրաքվեի գործընթացը ձախողված է, և ստեղծված պայմաններում հնարավոր չէ համապատասխան թվով ձայներ ապահովել, այն անցկացնելու շանս չունեն, ներկայումս փորձում են հերթական մանիպուլյացիան իրականացնել։
Պատգամավորներն ընդհանուր քննարկման թեման տանում են այն ուղղությամբ, որ ԱԺ-ին տրվի այնպիսի լիազորություն, որպեսզի առանց որևէ բարդույթի՝ նախատեսված հանրաքվեն չեղարկվի հենց խորհրդարանում։ Այսինքն, իմքայլականները ցանկանում են խորհրդարանին ընձեռել անհասկանալի լայն լիազորություն՝ սեփական որոշումները տեղում բեկանելու համար։ Սա ինքնին հակաժողովրդական քայլ է, քանի որ անմիջական ժողովրդավարության թիվ մեկ ինստիտուտը վերածում է իշխող ուժի քմահաճույքին ու շահերին ենթակա մի գործիքի։
Իրենց խոսքում իշխանության ներկայացուցիչները նշում են բնակչության առողջության մասին, սակայն մոռանում են, որ արդեն մի քանի օր է, ինչ բաց են բոլոր մոլերը, առևտրի այլ կենտրոններն ու ռեստորանները, այս ամենին գումարած՝ նաև հանրային տրանսպորտը։ Քաղաքական պատասխանատուները փոխանակ մտածեն երկիրը ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու ճանապարհներ փնտրելու և կոլապսային փոսից համատեղ դուրս բերելու տարբերակների մասին, մտածում են բացառապես սեփական քաղաքական շահերից բխող հերթական նախագիծն անցկացնելու և օր առաջ պետության ներսում իրենց դիրքերն ամրապնդելու մասին։
Ըստ ամենայնի՝ իշխանությունը փորձում է հանրաքվեն շրջանցելու համար կոնկրետ իրավակարգավորումներ գտնել։ Այլ կերպ ասած՝ նրանց նպատակն է՝ խուսափել հանրաքվեից, որովհետև բոլորի համար արդեն իսկ կանխատեսելի են այդ հանրաքվեի արդյունքները։
Արմեն Հովասափյան