«Բավական ակտիվ խոսվում է, որ Սամվել Բաբայանը նշանակվելու է ԱՀ ԱԽ քարտուղար, իսկ «Միասնական հայրենիքն» ունենալու է որոշակի պորտֆելներ ԱՀ կառավարությունում». Վլադիմիր Գրիգորյան
«Միասնական հայրենիք» կուսակցության և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչներից ձևավորվել է աշխատանքային խումբ, որը կմշակի երկուստեք ընդունելի և կիրառելի համագործակցության ծրագիր:
168.am-ի հետ զրույցում «Հայկի Սերունդ» ՀԿ ներկայացուցիչ Վլադիմիր Գրիգորյանը նշեց, որ առաջնայինը լինելու են այն կետերը, որոնց մասին բազմիցս հայտարարել է ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը:
– Ինչ վերաբերում է «Միասնական հայրենիքին», այո, Սամվել Բաբայանը միշտ նշել է, որ իր համար առաջնայինը կուսակցության հիմնական ծրագրերի իրականացումն է, որը նաև ֆունդամենտալ առումով ունի ընդհանուր եզրեր «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» դաշինքի նախընտրական ծրագրի հետ՝ մասնավորապես, Արցախի քաղաքացիների սոցիալ-տնտեսական կյանքի բարելավումը, անվտանգությունը, Մայր Հայաստանի հետ ընդհանուր տնտեսական, սոցիալական, հանրային և քաղաքական դաշտի համերաշխության պահպանումը և ներդաշնակ զարգացման ապահովումը։ Սակայն թե ինչքանով դա կընկալի և կըմբռնի «Միասնական հայրենիք» կուսակցության ընտրազանգվածը՝ ցույց կտա ժամանակը, որովհետև Սամվել Բաբայանն ամբողջ նախընտրական շրջանը, համակիրների հետ տարվող աշխատանքները և հետագայում նաև ողջ քարոզարշավը կառուցել էր մեկ հիմնական թեզի շուրջ` Արայիկ Հարությունյանը չպետք է և չի դառնալու ԱՀ նախագահ, որովհետև դա լինելու է Արցախի վերջին էջը և պետք է ամեն ինչ անել, որ դա տեղի չունենա: Բայց դա տեղի ունեցավ, և արդեն նաև «Միասնական հայրենիք» կուսակցության ցուցակով ընտրված պատգամավորը՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավորի առաջարկով՝ ընտրվել է ԱՀ ԱԺ փոխնախագահ և հանրության շրջանում բավական ակտիվ խոսվում է, որ Սամվել Բաբայանը նշանակվելու է ԱՀ ԱԽ քարտուղար, իսկ «Միասնական հայրենիք» կուսակցությունն ունենալու է նաև որոշակի պորտֆելներ ԱՀ կառավարությունում։
Իհարկե, քաղաքական դաշտի կայունության տեսակետից՝ դա միգուցե ճիշտ է, բայց հանրային հիասթափության տեսակետից՝ այն էլ Սամվել Բաբայանի պարագայում, վատ է։ Մենք միշտ պետք է հիշենք, որ դեռ պատերազմի մեջ ենք, և ամեն որոշում պետք է այնպես կայացնել, որ հասարակության շերտերի մեջ՝ անկախ, թե դա ինչ շերտ է և ինչ տոկոս, հիասթափությունները լինեն հնարավորինս քիչ։
– «Արդարություն» կուսակցությունն Արցախի նախագահի ընտրություններում առաջադրել էր Վիտալի Բալասանյանին, ով բավականին կոշտ դիրք էր բռնել և «օդում» թողեց Արայիկ Հարությունյանի «ձեռքը», չընդունեց նրա առաջարկը համագործակցության, քաղաքական խորհրդակցությունների շրջանակում չգնաց հանդիպման: Մինչդեռ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը նշել է, թե «Արդարություն» կուսակցությունը դեռ վերջնական որոշում չունի՝ Արցախի խորհրդարանում իշխանությա՞ն դիրքերից է հանդես գալու, թե՞ գործելու է՝ որպես ընդդիմության: Ակնարկ է եղել նաև Բալասանյան-«Արդարություն» համագործակցության դադարեցման մասին:
– «Արդարություն» կուսակցությունն արդեն հայտարարել է, որ լինելու է ընդդիմադիր և իր ողջ գործողությունը կառուցելու է այդ ելակետից, որը տվյալ դասավորվածության պարագայում, կարծում եմ, ճիշտ որոշում էր։ Ցանկացած իդեալական իշխանությանն էլ պետք է ընդդիմություն, թե ինչպիսի ընդիմություն է լինելու «Արդարություն» կուսակցությունը, ցույց կտա ժամանակը, բայց ներկա շրջանում ընթացող քաղաքական գործընթացները և դրանց արդյունքում տեղի ունեցող վերադասավորումները գալիս են ենթադրելու, որ Արցախն առաջիկա տարիներին ունենալու է ավելի ուժեղ քաղաքացիական հասարակություն, քան եղել է մինչև հիմա, իսկ երբեմն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և միավորումներն ավելի լավ և անկաշկանդ կարող են ընդդիմադիր կամ վերահսկողական գործունեություն ծավալել, քան շատ ընդդիմադիր կուսակցություններ։
– Ինչպիսի՞ն է լինելու Արցախի նոր կառավարությունը, Արցախի նորընտիր նախագահը վստահեցրել է, որ ընտրելու են արհեստավարժ, բայցև հանրության վստահությունն ու հարգանքը վայելողներին:
– Նման կադրերի պակաս, կարծում եմ, Արցախը չունի, բայց ինչքանով նման կադրերը տեղ կունենան նոր կառավարությունում, կամ ինչպիսի հարաբերակցությամբ՝ մի քանի օրից կիմանանք։ Ճանաչելով Արայիկ Հարությունյանին, կարող եմ աել, որ ընթացիկ փոփոխությունների էլ ենք շատ ականատես լինելու։ Նոր կառավարությունում «արխային ընկնելը» մի քիչ դժվար է լինելու։
– Ինտրիգներն ու ուշադրությունը, ըստ էության, ԱԳ նախարարի և ուժային կառույցների ղեկավարների պաշտոնների ուղղությամբ են, որքանով են անհրաժեշտ ուժայինների ղեկավարների փոփոխություններ:
– Ուժային կառույցները մի քիչ զգայուն և ինստիտուցիոնալ հիշողություն կրող կառույցներ են, որտեղ արագ կամ արմատական փոփոխությունների գնալը միգուցե այդքան էլ էֆեկտիվ չլինի, եթե ոչ հակառակ էֆեկտ չունենա, իսկ Արայիկ Հարությունյանը տասը տարի եղել է ԱՀ վարչապետ, մեկ տարի պետական նախարար և իր ողջ գործունեության ընթացքում՝ ի պաշտոնե, հարաբերվել է ուժային կառույցների հետ, որի ընթացքում համ ինքն է շատ-շատերին հասցրել ճանաչել, համ շատ-շատերն են հասցրել ճանաչել պարոն Հարությունյանին, կարծում եմ՝ այդ հարցում ամեն ինչ նորմալ է լինելու։ ԱԳ նախարարի հարցում՝ ըստ շրջանառվող խոսակցությունների, կարծես թե կա կոնսենսուս, և Մասիս Մայիլյանը շարունակելու է ղեկավարել Արտաքին գործերի նախարարությունը։
– Ներքաղաքական ի՞նչ զարգացումներ սպասել Արցախում: Արայիկ Հարությունյանը կունենա՞ լեգիտիմությունն ապացուցելու խնդիր:
– Այս փուլում լուրջ զարգացումների միտում չի դիտվում, որովհետև հիմնական քաղաքական ուժերը և դրանցում դերակատարում ունեցող անձինք կարծես թե ունեն որոշակի կոնսենսուս Արայիկ Հարությունյանի հետ։ Ամեն ինչ զարգանալու է քաղաքական դաշտից դուրս, որը հիմնականում արտահայտվելու է քաղաքացիական տարբեր շարժումների տեսքով։ Ժամանակի ընթացքում, բնականաբար, առաջանալու են դժգոհություններ, որն էլ ունենալու է իր արտահայտման ձևերը, թե ով ինչպես է դա օգտագործելու՝ կախված է լինելու տարբեր քաղաքացիական ակտիվություն ունեցող ուժերի և անձերի «շնորհքից»։
Երդմնակալության ընթացքում Արայիկ Հարությունյանի հնչեցրած խոսքն ուժեղ էր և շատ գեղեցիկ կառուցված, որի կատարման դեպքում, կարծում եմ, շատ խնդիրներից հնարավոր է լինելու խուսափել: Բայց այստեղ միայն Արայիկ Հարությունյանի անելիքը չէ, այլ շատ կարևոր է լինելու նրա քաղաքական թիմի և պետական համակարգի աշխատողների գործելաոճը և պահելաձևը, թե որքանով են նրանք կարողանալու պահել այդ խոսքի ոգին, որքանով են կարողանալու հարաբերվել այլ խմբերի և անհատների հետ, չտրվել գայթակղություններին և չտարանջատել մարդկանց յուրայինների և ոչ յուրայինների։ Արցախն ունի առանձնահատուկ կարգավիճակ, որտեղ քաղաքական և հասարակական դաշտի «հանրապետականացումը» ունենալու է շատ ավելի ծանր հետևանքներ։
– ՀՀ–Արցախ հարաբերություններում ի՞նչ բնույթի խնդիրներ կարող են ծագել, կամ արդյո՞ք ամեն ինչ այնքան հարթ կարող է գնալ, ինչպես սպասում են: Արայիկ Հարությունյանն Արցախի նախագահի ընտրության երկրորդ փուլից հետո հայտարարեց` միակ անհամաձայնությունը ՀՀ իշխանությունների հետ կարող է լինել ԼՀ հարցում: Գիտենք, որ ՀՀ դիրքորոշումը պարզ չէ, չկա նոր առաջարկ, հինն էլ մերժում են:
– Արցախն ամբողջովին փոխկապակցված է Մայր Հայաստանի հետ, և այդ իսկ պատճառով լուրջ խնդիրներ, չեմ կարծում, որ կարող են առաջանալ։ Հակամարտության հարցում ոչ հայանպաստ որոշումների կամ դիրքորոշումների պարագայում էլ իր անհամաձայնությունը ու դրանից բխող գործողություններն արտահայտելու է ողջ հասարակությունը, ռազմաքաղաքական ներկայիս ու նախկին ուժերը, բայց ես միշտ սիրում եմ նշել, որ հակամարտության հայանպաստ լուծումը կախված չէ միայն ՀՀ և ԱՀ քաղաքական ղեկավարներից, որի համար ես իսկապես հանգիստ եմ և ուրախ։