Կասեցվել է «Իգիթ» ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Իգիթ» ՍՊԸ-ին (Շիրակ, գ.Ազատան) պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ ըստ փորձաքննության արդյունքների՝ «Կարագ սերուցքային 82.5%» (արտադրված 30․09․2025) ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշներով,  «Պանիր Լոռի» (արտադրված 30.09.2025), «Կաթ պարունակող կ/փ մթերք պատրաստված Չանախ պանրի տեխնոլոգիայով» (արտադրված 30.09.2025) և «Կաթ պարունակող կ/փ մթերք պատրաստված պանրի տեխնոլոգիայով (Շիրակ)» (արտադրված 30.09.2025) արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային միության կանոնակարգերով սահմանված պահանջներին։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է։ Արտադրողին տրվել են խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր, հանձնարարվել է ապահովել արտադրանքների համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին:

Տեսանյութեր

Լրահոս