
Ադրբեջանում պահվող անձանց հարցը դեռևս լուրջ մարդասիրական խնդիր է, որը պետք է լուծում գտնի. Ալեն Սիմոնյան

«Տիկի՛ն նախագահ,
Պարո՛ն գլխավոր քարտուղար,
Ձե՛րդ գերազանցություններ,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Պատիվ է ՀՀ Ազգային ժողովի անունից ելույթ ունենալ Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովում:
Հայ ժողովրդի համար այս ընդհանուր քննարկման թեմայի կարեւորությունը դժվար է գերագնահատել:
Հայաստանը ծանոթ է մարդասիրական ճգնաժամերին` ունենալով 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի տխուր հիշողությունը, որը խլեց տասնյակ հազարավոր կյանքեր եւ հարյուր հազարավոր մարդկանց թողեց անօթեւան: 113 երկրից հսկայական ծավալի հումանիտար օգնություն ուղարկվեց, ինչը վկայում է, որ միջազգային համերաշխությունն ու հումանիտար գործակցությունը կարող են գերազանցել սահմաններն ու քաղաքական տարաձայնությունները:
Մեր սահմաններից դուրս հայ խաղաղապահները մասնակցել են Կոսովոյում, Աֆղանստանում եւ Լիբանանում իրականացված առաքելություններին՝ աշխատելով պաշտպանել քաղաքացիական բնակչությանը եւ նպաստել կայունությանը: Մենք կշարունակենք ամրապնդել մեր մարդասիրական կարողությունները եւ ընդլայնել պաշտպանությունն այնտեղ, որտեղ անհրաժեշտ է:
2023 թվականի սեպտեմբերին ընդամենը մի քանի օրվա ընթացքում ավելի քան 100,000 հայ տեղահանվեց Ղարաբաղից՝ գալով Հայաստան: Երեք միլիոն բնակչություն ունեցող պետության համար սա կարողությունների եւ դիմակայունության լրջագույն փորձություն էր:
Կացարան, առողջապահական, կրթական ծառայություններ եւ աշխատանք տրամադրելով՝ Հայաստանի կառավարությունն արձագանքեց տեղի ունեցածին կարեկցանքով եւ վճռականությամբ: Այս փորձառությունը ցույց տվեց, որ նույնիսկ փոքր երկրները, առաջնորդվելով սկզբունքներով, կարող են իրականացնել մարդասիրության այն տեսլականը, որը ներշնչված է մեր վեհագույն իդեալներով:
Մարդասիրական աշխատանքն անբաժան է խաղաղության մեր ձգտումներից: 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները ստորագրեցին համատեղ հռչակագիր, որը կարեւոր քայլ էր տասնամյակներ տեւած հակամարտության եւ տառապանքների դադարեցման հարցում:
Նույն օրը Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստը:
Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքում Հայաստանը կաշխատի Միացյալ Նահանգների եւ փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ ապահովելով «Միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղու» (Trump Route for International Peace and Prosperity-TRIPP) նախաձեռնության իրականացումը: TRIPP ենթակառուցվածքային նախագիծը բխում է Հայաստանի տեսլականից՝ իր հռչակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի միջոցով ապահովելու անխափան տարածաշրջանային հաղորդակցությունը՝ նախատեսելով երկաթուղու զարգացում, ինչպես նաեւ մայրուղիների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի եւ կապի մալուխների կառուցման հեռանկար Հայաստանի, Ադրբեջանի եւ հարակից երկրների միջեւ:
Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ Ադրբեջանում պահվող անձանց հարցը դեռեւս լուրջ մարդասիրական խնդիր է, որը պետք է լուծում գտնի: Մենք ձգտում ենք գերեվարված անձանց հնարավորինս շուտ ազատ արձակմանը եւ վերամիավորմանը իրենց ընտանիքների հետ: Մեկ այլ կարեւոր հումանիտար առաջնահերթություն է բազմաթիվ անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը:
Մենք գիտենք, որ Հայաստանը միայնակ չէ ավելի մարդասիրական աշխարհ կառուցելու պայքարում: Ուկրաինայից մինչեւ Գազա, Սուդանից մինչեւ Հայիթի մեր աչքերի առջեւ տեղի են ունենում մարդասիրական ճգնաժամեր: Քաղաքացիական անձինք՝ կանայք, երեխաներ, տարեցներ, շարունակում են կրել տառապանքի բեռը:
Այս ողբերգությունները մեզ համար անհապաղ հիշեցում են այն մասին, որ մեր պարտականությունը մարդկային արժանապատվության պաշտպանությունն է: Մենք հավատում ենք, որ մարդու իրավունքները համընդհանուր են, եւ, որպես այդպիսին, դրանց պաշտպանությունը երբեք չպետք է ընտրողական լինի:
Գործընկերնե՛ր, դասերը հստակ են. երկխոսությունն ու խաղաղությունը պետք է փոխարինեն անհամաձայնությանը եւ պատերազմին: Կարեկցանքը, այլ ոչ թե անգործությունը պետք է ուղղորդի մեր գործողությունները:
Այս սկզբունքների պահպանումը մեր համատեղ պատասխանատվությունն է:
Շնորհակալություն»: