«Արհեստական խնդիրներ չստեղծելու» հիմնավորմամբ՝ Պետաիրավական հանձնաժողովը մերժեց ԼՀԿ-ի առաջարկած օրինագիծը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Պետաիրավական հարցերի հանձնաժողովին էր ներկայացրել նախագիծ՝  «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մինչև նախագծի հիմնական զեկուցող Տարոն Սիմոնյանին խոսքը փոխանցելը, նախ ողջունեց,  որ պատգամավորը ներկա է հանձնաժողովի նիստին. «Հուսանք առաջիկայում Ձեզ կտեսնենք նաև լիագումար նիստերի ժամանակ»,-ասաց Վ. Վարդանյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից հետո ԼՀԿ-ն չի մասնակցում նիստերին, խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը միջադեպից անմիջապես հետո,  ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ նիստերին խմբակցությունը չի  մասնակցի այնքան ժամանակ, մինչև կատարվածին չտրվի քաղաքական գնահատական:

Իսկ պետաիրավական հանձնաժողովի այսօրվա նիստում Տարոն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց Վլադիմիր Վարդանյանին և իր հերթին հույս հայտնեց, որ մինչև երկուշաբթի գոնե իրենց անվտանգության երաշխիքների վերաբերյալ խորհրդարանում հայտարարություն կլինի:
Այնուհետև անդրադառնալով նախագծին, նշեց, որ նախկինում նմանատիպ նախագիծ ներկայացրել են նաև ԲՀԿ-ի գործընկերները, որը ցավոք, անհաջողության է մատնվել:

«Մենք մեր նախագիծը ներկայացնում ենք այլ կոնտեքստում, խոսքը կրկին վերաբերում է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 125-րդ հոդվածին և խմբակցություններին՝ ԱԺ լսումներ անցկացնելու իրավունքին: Մասնավորապես՝ 25-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում առաջարկվում է «խմբակցությունը» բառից հետո հանել «իր կամ խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների առաջարկած նախագծերին վերաբերող հարցով» արտահայտությունը: Նման փոփոխություն ենք առաջարկում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա իրավակարգավորումների շրջանակներում, խմբակցություններն իրավունք ունեն լսումներ անցկացնելու կամ լսումներ նախաձեռնելու բացառապես այնպիսի հարցերով, որոնց հետ կապված նրանց կամ նրանց խմբակցության պատգամավորը նախագիծ է ներկայացրել խորհրդարան:

Հասկանալի է, որ ժամանակավոր հանձնաժողովը խորհրդարանական լսումներ կարող է հրավիրել միայն այն ոլորտների վերաբերյալ, որոնք վերապահվել են իր իրավասությանը, այնինչ խմբակցության համար նախատեսված սահմանափակումն անտրամաբանական է: Խմբակցությունն ունի Ազգային ժողովի քաղաքական կամքի ձևավորմանը նպաստելու սահմանադրական առաքելություն  մինչդեռ քննարկվող կարգավորումը սահմանափակում է այդ առաքելության իրացումը»,-նշեց Տարոն Սիմոնյանը:

Պատգամավորի կարծիքով՝ սա էական սահմանափակում է խորհրդարանական լսումներ անցկացնելու  խորհրդարանական այնպիսի կարևոր ինստիտուտի կողմից, ինչպիսին խմբակցությունն է: Հետևաբար ելնելով ժողովրդավարության, խորհրդարանական կառավարման մոդելից, խորհրդարանական խմբակցություններին պետք է տրվի ավելի լայն հնարավորություններ և անհարկի չսահմանափակել լսումներ անցկացնելու նրանց իրավունքը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը Տարոն Սիմոնյանին խնդրեց հիշեցնել, թե այս գումարման Ազգային ժողովում ԼՀԿ-ն քանի՞ խորհրդարանական լսումներ է անցկացրել:

Պատասխանելով հարցին, Տարոն Սիմոնյանն ասաց, որ գործ ունեն մի քանի հանձնաժողովների հետ, հետևաբար պետք չէ ամեն ինչ դիպվածային մակարդակում քննարկել, պետք է ավելի տեսական մակարդակում դիտարկել խնդրի լուծումը:

Ինչ վերաբերում է խորհրդարանական լսումներ անցկացնելու քանակին, ապա ըստ Տարոն Սիմոնյանի, նման լսումներ կազմակերպվել է մեկ անգամ:

Նախագիծը քննարկելուց հետո հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կոչ արեց դեմ քվեարկել նախագիծն, ինչը հիմնավորեց հետևյալ կերպ.«Շատ ավելի շատ է խոսվում խորհրդարանական լսումների թիվն ընդլայնելու ու սահմանափակումները հանելու մասին, քան փորձ է կատարվում կազմակերպելու լսումներ: Այսինքն՝ մենք ստեղծել ենք արհեստական խնդիր և այդ արհեստական խնդիրը լուծում ենք»,- եզրափակեց ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս