«Մենք դեռ չենք հասել պիկին. կանխատեսվում է դեպքերի աճ». ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման բաժնի բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյան
«Մենք դեռ չենք հասել պիկին. Համաճարակային գործընթացի նման զարգացման հետևանքով կանխատեսվում է դեպքերի աճ, քանի որ մեզ մոտ վարակի տարածման ինտենսիվության գործակիցը մեկից բարձր է (մեկ հիվանդը դեռ վարակում է մեկից ավելի անձի»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի վիճակին՝ նշեց ՀՀ առողջապահության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման բաժնի բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը:
Բժիշկ-համաճարակաբանի խոսքով՝ հատկապես սահմանափակումների մեղմացման հետևանքով հնարավոր է դեպքերի թվի նոր աճ:
Հարցին, թե վարակի տարածման երկրորդ ալիքը որքանո՞վ է հավանական՝ Լուսինե Պարոնյանը պատասխանեց.
«Իհարկե, ելնելով վիրուսային, օդակաթիլային վարակների համաճարակաբանական օրինաչափություններից՝ մենք կարող ենք ենթադրել, որ շոգ և չոր եղանակային պայմաններում հնարավոր է դեպքերի որոշակի նվազում՝ հաշվի առնելով շրջակա միջավայրում վիրուսի կենսունակության պահպանումը և հիվանդության փոխանցման մեխանիզմը: Եվ հնարավոր է, որ տարվա ցուրտ սեզոնին մենք նորից ունենաք դեպքերի աճ:
Դրա համար այդ սահմանափակումները հնարավոր չէ անվերջ կիրառել: Մենք պետք է սովորենք ապրել այս վիրուսի հետ»:
Մասնագետը կարևորեց վիրուսի կանխարգելման շղթայում յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվության անհրաժեշտությունը:
Ինչպե՞ս են կազմակերպվում հատկապես խոցելի խմբերին՝ մանկատներին, ծերանոցներին ուղղված կանխարգելման միջոցառումները, ի՞նչ լրացուցիչ միջոցներ պետք է ձեռնարկել գործընթացն առավել վերահսկելի դարձնելու համար՝ խուսափելու, օրինակ՝ Նոր Նորքի տուն-ինտերնատում ստեղծված իրավիճակից: Մեր այս հարցադրումներին ի պատասխան, Լ. Պարոնյանն ասաց.
«Մենք ներկայացնում ենք առաջարկություններ, թե խոցելի խմբերի հետ ինչպես պետք է աշխատել, և տվյալ տնտեսվարողներն իրենք պիտի պահպանեն այդ միջոցառումները. պետք է կիրառվի վարչական գործիքակազմը, նաև տեսչական ստուգումները՝ այդ ամենն ապահովելու համար:
Հատկապես այդ խոցելի խմբերի համար պետք է ավելի խստացվեն այդ պահանջները և խստիվ պահպանվեն պարետի ցուցումներով սահմանված բոլոր միջոցառումները»:
Հարցին էլ՝ կարելի՞ է ենթադրել, որ ինտերնատի դեպքում չէին պահպանվել այդ ցուցումները, նա այսպես արձագանքեց.
«Այդ հարցին հստակ կարող ենք պատասխանել, եթե ինչ-որ տեսչական ստուգում արվի տվյալ ինտերնատում և պարզաբանվեն բոլոր կատարված և չկատարված միջոցառումները»:
ՀՀ առողջապահության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման բաժնի բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը ստեղծված իրավիճակում առանձնացրեց նաև լրատվամիջոցների դերը՝ իրազեկելու և կանխարգելման գործընթացում բնակչության ներգրավվածությանն աջակցելու համար:
Նշենք, որ Հայաստանում մայիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 5606 է, մահացածների թիվը՝ 70: