«Կան քաղաքացիներ, որոնք 40 օրից ավելի են մնում հիվանդանոցներում և հյուրանոցներում». Արսեն Թորոսյան
ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը հարց ուղղեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ հետաքրքրվելով, թե որքա՞ն գումար է ծախսվում կորոնավիրուսով 1 հիվանդին բուժելու համար:
«Խնդրում եմ, բերեք երկու օրինակ՝ հյուրանոցներում և բուժհիմնարկում մնացող վարակակիրների վրա ծախսվող մոտավոր գումարի չափ»,- նշեց պատգամավորը:
Արսեն Թորոսյանն ասաց, թե այս հարցին մեծ հաճույքով կպատասխաներ, եթե նախապես իմանար, որ նման հարց է հնչելու, քանի որ այդ թվերն անգիր չգիտի.
«Առաջարկում եմ գրավոր դիմեք, և ամբողջական տվյալները Ձեզ կներկայացվի»:
Արձագանքելով՝ պատգամավորն ասաց, որ նախարարը կարող է մոտավոր թվեր ասել, քանի որ գիտի հիվանդների, որոնք 40 օր գտնվում են բժիշկների հսկողության տակ:
«Ուզում եմ հասկանալ՝ նրանք չե՞ն բուժվում, թե՞ թեստերի արդյունքն է սխալ, ի՞նչն է պատճառը»,- հարցրեց Հրանտ Այվազյանը:
Պատասխանելով՝ Առողջապահության նախարարն ասաց.
«Պարոն Այվազյան, ես մի քիչ հարցի մոտիվը չեմ հասկանում, այսինքն՝ Ձեր մոտ ինչ-որ կասկած կա, որ մենք արհեստականորեն մեր քաղաքացիներին ավել պահում ենք հիվանդանոցներո՞ւմ կամ հյուրանոցներո՞ւմ: Եթե նման կասկած կա՝ ցավում եմ, որ նման մտավախություններ ունեք, քանի որ օր առաջ մենք ուզում ենք մեր քաղաքացիներին տեսնել առողջ և իրենց ընտանիքներում, հարազատ միջավայրում, այլ ոչ թե՝ հիվանդանոցներում կամ հյուրանոցներում: Այո՛, կան քաղաքացիներ, որոնք 40 օրից ավելի են մնում հիվանդանոցներում և հյուրանոցներում:
Հիվանդանոցներում մնում են, քանի որ հիվանդությունը շատ ծանր է ընթանում, իսկ հյուրանոցներում մնում են, քանի որ նրանց օրգանիզմում դեռևս մնում է վիրուսը»,- ընդգծեց Արսեն Թորոսյանը: