
Գեմաֆին Գասպարյանի «Պարտության պատմություն»-ը. Քննադատություն՝ առանց գործող իշխանության մեղքի

2024 թվականին «Գրանիշ» հրատարակչությունը տպագրեց Գեմաֆին Գասպարյանի «Պարտության պատմությունը» բանաստեղծական գիրքը: Գրքի խմբագիրն է ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը: Գրքի նկարազարդումներն իրականացրել է Դավիթ Քոչունցը: Իր հարցազրույցներից մեկում գրքի մասին խոսելով՝ հեղինակը նշել է. «Պարտության պատմությունը մեկ պատմություն չունի, պատմություններ են։ Սա և՛ իմ անձնական պարտության պատմությունն է, և՛ ոչ միայն իմ անձնական պարտության պատմությունը»: (Տես՝ Գեմաֆին Գասպարյանի «Պարտության պատմությունը»՝ պարտությունից առաջ ու հետո – Mediamax.am): Այս նույն հարցազրույցից տեղեկանում ենք նաև, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում Գեմաֆին Գասպարյանը եղել է Մեխակավանում (այս պահին օկուպացված է Ադրբեջանի կողմից):
Գրքում ստեղծագործությունները ժամանակագրական առումով սկսվում են 2013 թվականից և հասնում մինչև 2024 թվական: Սակայն ժամանակագրական դասակարգումն արված է խառը: Տրվում է այդ ընթացքում Հայաստանում տիրող քաղաքական, հասարակական և սոցիալական պատկերը: Գիրքը ներկայացնում է 2020 թվականի պատերազմից առաջ և հետո ժամանակաշրջանը: Թեև բանաստեղծական գիրքը մի ամբողջական համակարգ է, սակայն ունի մի շարք թեմատիկ բաժանումներ: Քաղաքական թեման բաժանվում է երկու մասի՝ 2018 թվականից առաջ և հետո: Պատերազմական թեման ևս երկու բաժանում ունի՝ 2016 թվականի Ապրիլյան պատերազմ և 2020 թվականի պատերազմը: Գրքում հիմնականում քննադատության է ենթարկվում հայ ժողովուրդը, և հատկապես 2018 թվականից առաջ Հայաստանի քաղաքական իշխանությանը: Գիրքը սկսվում է «Հանուն երկրիս» բանաստեղծությամբ, որը ոչինչ չանող մարդու քննադատություն է . «ի՞նչ ես արել. // -ստատուս եմ գրել, ստատուս: …..բա վերջում ի՞նչ ես անելու. // –ստատուս եմ գրելու, ստատուս»: (Գասպարյան Գ., «Պարտության պատմությունը», Երևան, 2024, «Գրանիշ», էջ 5): Գրքի պայմանական առաջին մասում ստեղծագործությունները 2020 թվականի պատերազմի մասին են: Այդ բաժնում հեղինակը, ներկայացնելով պատերազմը, իր քննադատության սլաքներն ուղղում է դեպի հայ հասարակությունը: Քննադատության են ենթարկվում որդեկորույս ծնողները, քաոտիկ իրականության մեջ գտնվող մարդիկ ու նրանց ցավը․ «-մեր տղու շիրիմը մնացածից մի քիչ բարձր կանես: // ծածանվող ձայները // -կարաս լեն անես, կողքի շիրիմից ներս մտի, ոչինչ, իմն առյուծ տղա էր……// –Իմ տղու գերեզմանը չսարքեք, գլուխը չկա, մինչև չբերեմ, // ձեռք չտաք, կսպանեմ՝ ով կպավ»: (Նույն տեղում, էջ 6), հայ մարդու մտածողությունը, «Մենք, որ կարծում ենք՝ հավերժ ենք, // որովհետև անցել ենք // հրաժարման միջով, // զավթման միջով, // ջնջման միջով, // լուծարման միջով: // Մենք, // ինչի՞ վրա ենք հույսներս դրել»: (Նույն տեղում, էջ 8), պատերազմին մասնակցած տղամարդիկ, «…ու չստացվեց կռվել, զի երեխա ունենք, // ու ծնողներ ունենք, ու կողակից: // չէ, չստացվեց կռվել հիփոթեքի դարդից, // և սելֆիի ձողը օդում մնաց,….»: (Նույն տեղում, էջ 10), և վերջին 30 տարիների Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը «Նախկին, ներկա, ապագա, // նախկին նախկին, ներկա նախկին, ապագա նախկին»: (Նույն տեղում, էջ 12): Հեղինակը խուսափում է 2020 թվականի պատերազմի պարտության համար գործող իշխանություններին ուղղված նույնօրինակ քննադատությունից: Փոխարենը նա պատասխանատվությունը «տարածում» է բոլոր նախորդ իշխանությունների վրա՝ այդ կերպ սքողելով պարտության համար պատասխանատուներին։ Գրքի «Ս….. Հասմիկ» գործում Գեմաֆին Գասպարյանը պատասխանում և մասնակի նաև հակադրվում է բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանի «Փակիր աչքերդ, տղաս» ստեղծագործությանը: «Արցունքի պես թեթև մարմինը» հակադրվում է «դիրքը լքած վարտիքի գույնը, լույսերով պատել» մոդելի հետ: Գրքում բանաստեղծական մյուս երկխոսություններից է Մարինե Պետրոսյանի «Այ հիմար ոստիկան» բանաստեղծությանը պատասխան գրված «Ոստիկանը հեչ էլ հիմար չի» գործը: (Նույն տեղում, էջ 68): Այս գործում խոսվում է սահմանների գոյության մասին: Դավիթ Քոչունցն այս բանաստեղծությունը նկարազարդել է՝ պատկերելով 2024 թվականին Կիրանցում տեղադրված հայ-ադրբեջանական սահմանազատման առաջին սյունը: Սյունը տեղադրվեց ՀՀ իշխանությունների կողմից Կիրանցի որոշ տարածքներ Ադրբեջանին հանձնելուց հետո: Պայմանական այս բաժնին հաջորդող մյուս բաժնում ներկայացվում են 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները: Մի շարք դիմանկար-բանաստեղծություններ կան 2018, 2019 և մինչ օրս պաշտոնավարող քաղաքական գործիչներից: Մասնավորապես կարդում ենք (Նույն տեղում, էջ 38-48) ստեղծագործություններ Արսեն Թորոսյանի, Արամ Թարվերդյանի, Գեմաֆին Գասպարյանի, Ատոմ Ջանջուղազյանի, Լիլիթ Մակունցի և Ալեն Սիմոնյանի մասին: Գրքի մյուս պայմանական բաժնում կարդում ենք արդեն 2016 թվականի Քառօրյա պատերազմի թեմայով գրված ստեղծագործությունները: Այս գործերում ևս կա հասարակության քննադատություն, սակայն, ի տարբերություն 2020 թվականի պատերազմի թեմայով գրված գործերի, որտեղ քննադատության ամբողջ ալիքն ուղղված է ժողովրդի դեմ, այլ ոչ թե ղեկավար մարմնի, 2016 թվականի Քառօրյա պատերազմի թեմայով գրված գործերում քննադատության կենտրոնում հիմնականում կանգնած են այդ ժամանակաշրջանի քաղաքական իշխանությունները: Մասնավորապես՝ քննադատվում է 2016 թվականին ադրբեջանական բանակի կողմից օկուպացված 800 հեկտար տարածքի մասին ՀՀ այդ շրջանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի արտահայտությունը. «……Ռազմավարական առումով կամ մարտավարական առումով այդ տարածքները որևէ նշանակություն չունեն»: (Տես՝ 800 հեկտար հողի կորուստը ռազմավարական և մարտավարական առումով. Սերժ Սարգսյան – Aniarc): Դա կարդում ենք գրքի «Ամայի տարածք» (Տես՝ Գասպարյան Գ., «Պարտության պատմությունը», էջ 96) ստեղծագործությունում: Այդ ժամանակաշրջանի քաղաքական իշխանության նկատմամբ քննադատությունը տեսնում ենք մի շարք գործերում ևս. «Դուք մեզ տվեցիք տղաներ, // մենք ձեզ հետ տվեցինք հերոսներ, // դուք մեզ տվեցիք, // մենք ձեզ հետ տվեցինք, // հետ տվեցինք, // մենք ձեզ հետ»: (Նույն տեղում, էջ 93): «Նորից զինվոր է զոհվել, // սովորական, անանուն, // հաջորդ գրառումը չի հիշի դեպքը»: (Նույն տեղում, էջ 97): Քաղաքական իշխանության քննադատությունը նկատում ենք նաև «Պոեմ» վերնագրի տակ գրված ստեղծագործությունում.
«-Վալոդը հերոսացավ,- ասաց Զինվորականը:
– Այսի՞նքն,- անհանգստացավ Ռուզիկը:
– Վալոդը իր կյանքի գնով փրկեց դիրքապահ երեք շուն, հինգ Կալաշնիկով ավտոմատ, երեք հետևակային մեքենա և չորս ցինկ փամփուշտ,- ասաց Զինվորականը:
– Այսի՞նքն,- հուզվեց Ռուզիկը:
– Հատուկ նախագահի հրամանագրով նրան ներկայացրել են հերոսի կոչման,- ասաց Զինվորականը»: (Նույն տեղում, էջ 79):
Մեկ այլ քննադատության օրինակ էլ տեսնում ենք «ՊԱՏՄՎԱԾՔ #2» ստեղծագործությունում:
Այդտեղ քննադատվում է Արցախի համար ոչինչ չանող հայ մարդն ու այդ շրջանում Հայաստանում փակցված «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» ցուցանակի գաղափարը:
Ընդհանրացնելով գրքում 2016 թվականի Քառօրյա պատերազմի թեման՝ նշենք, որ թեմայի շրջանակներում գրված ստեղծագործություններին կից Դավիթ Քոչունցի նկարազարդումները ևս խորհրդանշական են․ հիմնականում հանդիպում ենք այդ շրջանում իշխանության դեմ ընդդիմության և հասարակության որոշ շերտերի քննադատության հիմնական թեմաներն արտացոլող պատկերների, որոնք դարձել են խորհրդանշական խոսքեր՝ «զենք, զինամթերք, դիզելային վառելիքի անոթ, մարտական դիրքերում զինվորների համար նախատեսված սննդի մետաղյա տարա» (Տես՝ էջ 95, 99, 101): Եզրափակելով Գեմաֆին Գասպարյանի «Պարտության պատմությունը» գրքի թեման և գաղափարական մասը՝ խոսենք նաև գիրքը եզրափակող բանաստեղծության մասին, որ կրում է «Ժողովուրդը» վերնագիրը: Գրքի վերջին բանաստեղծությունը հայ ժողովրդի ապագայի ցանկության ու երազանքի մասին է. «բոլոր բոլոր, // բոլոր բոլոր, // բոլոր ճանապարհները տանում են զուգարան»: (Նույն տեղում, էջ 118): Այս կետում ևս նշանակալի դեր ունի Դավիթ Քոչունցի նկարազարդումը: Հեռվում պատկերված է Արարատ լեռը, լեռան դիմաց զուգարան, իսկ հայ մարդու ոտնահետքերը գալիս ու գնում են միայն զուգարան:
Գրքի բանաստեղծական լեզուն պարզ է, հասարակ, շատ են առօրյա խոսակցական բառերը, տերմինները, նախադասությունները, հայհոյանքները: Գրքի լեզվի, գեղարվեստական արժեքի մասին պատկերացում կազմելու համար մեջբերենք մի քանի հատվածներ տարբեր ստեղծագործություններից.
«Վալոդը պառկել էր փորի վրա: Բարձը արդեն տաքացել էր:
Վալոդի գլուխը բարձի մեջ էր:
-Ոռս կպաչե՞ս,- հարցրեց Վալոդը:
-Չէ,- ջղայնացավ Ռուզիկը:
Վալոդը նեղվեց»: (Նույն տեղում, էջ 76):
«-Պահ, ասեիր՝ հորդ բերանը, թողում ա կոխվես, չի թողում տուն բերե՞ս:
-Արա, մի քրֆի, լավն էր արա, ձեռս փող չկար սենյակի, ճլեցինք-ճլեցինք, հեն ա իրիկվայան ծառերի տակ հարմարվեցինք, որ պիտի կոխեի, էն էլ պահակը բռնացրեց, շլվարս իջացրած՝ չհասցրի թռնեմ,…..»: (Նույն տեղում, էջ 83):
Նմանատիպ ստեղծագործություններ գրքում շատ ենք նկատում, որոնց մեջ ուրույն ու գերադրական տեղ ունեն հայհոյախառն նախադասությունները, գռեհկաբանություններն ու դրանց անընդհատ կրկնությունները: (Տես՝ էջ 12, 22-35, 52, 53, 74, 76-84, 90):
«Պարտության պատմությունը» գրքում հեղինակը 2016 թվականի Քառօրյա պատերազմի հիմնական մեղավոր է ճանաչում այդ շրջանի քաղաքական իշխանությունը, իսկ 2020 թվականի պատերազմի մեղավոր՝ հայ ժողովրդին և Երրորդ Հանրապետության նախորդ բոլոր քաղաքական ուժերին՝ խեղաթյուրելով 2020 թվականի պարտության իրական պատասխանատվության պատկերը։ Ո՞րն է նման կողմնապահության պատճառը՝ անձնական համակրա՞նք, թե՞ գաղափարական հակում անթաքույց պաշտպանություն ստացած ուժերին։
Գիրքը ժամանակագրական առումով ընդգրկում է 2013-2024 թվականների ընթացքը, սակայն ոչ մի խոսք չկա 2021, 2022, 2023 թվականների տարբեր ժամանակներում Հայաստանում և Արցախում տեղի ունեցած պատերազմական, ռազմական ու ահաբեկչական գործողությունների մասին:
Գրքում հեղինակի կողմից 2014 թվականով թվագրված մեկ ստեղծագործությունում տեսնում ենք հեղինակի վերաբերմունքը դեպի խաղաղությունը. «երբ երազում փամփուշտի կրակոցից վեր ես թռնում // ու չես ուզում մեռնել, // երազում ես խաղաղության մասին, // ու գիտես, որ մեկա այլընտրանք չկա, // ու գիտես, որ մեկա այլընտրանք չունես, // որովհետև չես ուզում մեռնել»: (Նույն տեղում, էջ 106): Հեղինակի վերաբերմունքը խաղաղության հանդեպ՝ որպես զուտ գոյատևման գործիք, չի փոխվում նաև 11 տարի անց: 2025 թվականի օգոստոսի 8-25-ն ընկած ժամանակահատվածում Գեմաֆին Գասպարյանն իր մտքերն է արտահայտում համացանցում խաղաղության մասին. «Ճանապարհների ապաշրջափակումը կենսական կարևոր է։ (Օգոստոսի 7), «Պատմական իրադարձություն է, անկախ ով ոնց է վերաբերում, և պատմական է նաև որպես մեր ազգի վերջին երկու դարերի «իներցիան» շրջելու փորձ նաև»: (Օգոստոսի 9), «Խաղաղության հանդեպ ամենօրյա խնամքը պահանջում է եղածը պարզորոշ անել և ոչ հետին թվով փորձել սրբագրել, խոսել համեստ և գործել հանդուգն, և ոչ հակառակը, չխաբել առաջին հերթին ինքդ քեզ, հետո փորձել մոլորեցնել ուրիշներին՝ սխալ որոշումները՝ ճիշտ չեն, պարտությունը հաղթանակ չէ։……Հետին թվով «անսխալական» լինելը ճանապարհ է դեպի «ոչ խաղաղություն»։ (Օգոստոսի 25): (Տես՝ https://www.facebook.com/gemafin.gasparyan):
Հ. Գ. Գեմաֆին Գասպարյան, Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը, որը սիրում ես, Կարսը կործանած հայ դավաճանների և նրանց ոչնչացնելու մասին է, հավիտենական հիվանդի՝ թուրքի հետ ստորացուցիչ խաղաղության չգնալու մասին է: Ես դեռ չեմ տեսել 2020 թվականի պատերազմի մասնակից, ՀՀ ներկայիս իշխանությունների օգնությամբ թշնամուն պարտված հայ զինվորի, ով տենչում է ստորացուցիչ «խաղաղություն» և չունի վրեժի ու արժանապատվության վերականգնման զգացում:
Գրախոս՝ Արա Զարգարյան