Բաժիններ՝

152 մարտական դիրք ապահովվել է ջրամատակարարմամբ, էլեկտրական հոսանքով ապահովվել է 53 մարտական դիրք. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման մասին զեկույցը:

Ըստ այդ զեկույցի՝ հաշվետու ժամանակահատվածում համալրվել է զինված ուժերի սպառազինությունը որակապես բարձր և ժամանակակից զինտեխնիկայով:

Ձեռք է բերվել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք՝ «ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐՄ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ:

Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, հարյուրավոր միավոր ավտոմոբիլային տեխնիկայով: Պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը 2019 թվականին ավելացել են 26%-ով։ Զինծառայողների պարենավորման պիլոտային ծրագրի շրջանակներում մասնավոր ընկերությունների կողմից իրականացվում է 41 զորամասի բարձրակարգ և որակյալ պարենավորումը:

Բարելավվել է մարտական դիրքերի սննդակարգը: Շարունակվում են համազգեստի և ճտքավոր կոշիկների որակի բարելավման և հարմարավետության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Սահմանապահ 152 մարտական դիրք ապահովվել է ջրամատակարարմամբ, արդյունաբերական էլեկտրական հոսանքով ապահովվել է 53 մարտական դիրք։ Շուրջ 180 մարտական դիրք ապահովվել է սառնարաններով։

Առաջիկայում սառնարաններով կապահովվի ևս 45 մարտական դիրք։ Շուրջ 388 լվացքի մեքենա է տրամադրվել զորամասերին։ Սահմանի երկայնքով տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման նոր սարքեր: Տեղադրվել են մարտական (կրակային) նոր դիրքեր:

Շարունակվել են հենակետերը տեսադիտարկման, ազդարարման համակարգերով, ինքնաշխատ կառավարվող զենքերով կահավորելու աշխատանքները: Մարտական դիրքերը, հենակետերը և հերթապահության վայրերը համալրվել են էլեկտրական հոսանքով, արևային էներգիայով սնուցվող վահանակներով և խմելու ջրով: Պաշտպանական գոտիներում կառուցվել են 4 ՊՀԿ-ի շրջաններ, գումարտակների, վաշտերի կենտրոնացման շրջաններ, ծածկած խրամաճեղքեր, տանկերի և ՀՄՄ-ի խրամատներ, տեխնիկայի թաքստոցներ, նորոգվել են ամրաշինական կառույցներ: Զորամասերը համալրվել են ինժեներական տեխնիկայով: Կապիտալ վերանորոգվել է Կենտրոնական զինվորական հոսպիտալի գլխավոր մասնաշենքը:

2019 թվականի ընթացքում Հայոց բանակում զինծառայության հետ կապված զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Կառավարության նախաձեռնությամբ զինծառայողների ապահովագրության հիմնադրամն սկսել է փոխհատուցում տրամադրել նաև 2008-2016 թվականների ընթացքում մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և նրանց ընտանիքներին։

Այսպիսով, ևս 339 շահառու ամսական կստանա 100-400 հազար դրամ փոխհատուցում։ Կառավարության մեկ այլ նախաձեռնությամբ՝ զինծառայողների ապահովագրության հիմնադրամում ներկա պահին քննարկվում է նաև 1998-2008 թվականների ընթացքում մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և նրանց ընտանիքներին փոխհատուցելու հարցը։

Հատկացվել է 5.7 միլիարդ դրամ զինվորական կենսաթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար։ Դրա շնորհիվ ծրագրի 1141 շահառուներից 119-ը 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ստացել են բնակարաններ։ ՊՆ բնակարանաշինության ծրագրով շահագործման է հանձնվել 5 բնակելի շենք՝ Գորիսում (20 բնակարան), Սիսիանում (28 բնակարան), Վայքում (44 բնակարան), Գյումրիում (44 բնակարան) և Չոփրլուում (33 բնակարան):

Զինծառայողների բնակելի տարածությունների վարձակալության դրամական փոխհատուցումների չափը 2019 թվականի հունվարի 1-ից ավելացել է մինչև 35%-ով: Նախկինում անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ ստացած 151 զինծառայողի և նրանց ընտանիքների անդամներին, ովքեր սահմանված կարգի համաձայն համարվում են բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող, բնակարանները տրամադրվել են անհատույց սեփականության իրավունքով: Զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային գործերի ուսումնասիրությունից հետո զոհված (մահացած) զինծառայողների 75 ընտանիքի բնակարանային ապահովումն իրականացվել է բնակարանի գնման վկայագրով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու միջոցով:

Սպայական և ավագ ենթասպայական զինծառայողներին հնարավորություն է ընձեռվել 2020 թվականի հունվարի 1-ից արտոնյալ հիփոթեքային վարկեր ստանալու. առաջնային շուկայից բնակարան ձեռք բերել փաստացի 0 % տոկոսադրույքով, երկրորդային շուկայից՝ առավելագույնը 9 % տոկոսադրույքով, որից 3 %-ը սուբսիդավորվելու է պետական բյուջեից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս