Երկու տարի անց դեռևս չենք կարողացել ճեղքել, որ Արցախը դառնա բանակցային գործընթացի մաս. Զոհրաբ Մնացականյան

Ազգայի ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր խորհրդարանում Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին խնդրեց պարզաբանել, թե ինչ է կատարվում Արցախյան հարցի բանակցությունների շուրջ:

«Պարո՛ն նախարար, վերջին շրջանում ակտիվացել են խոսակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ:  Որոշ շրջանակներ ակտիվորեն քննարկում են, ըստ իրենց, ոչ հայանպաստ տարբերակները, ի դեպ, հետաքրքիր պատճառահետևանքային կապ կա, հիմնականում այն անձինք, ովքեր խայտառակ ձևով հեռացվում են աշխատանքից, կամ նրանք, որոնց նկատմամբ քրեական գործեր կան, հենց նրանք են դառնում շատ ազգայնական և անզիջում: Ինչ է կատարվում հարցի կարգավորման գործընթացում, որոնք են ՀՀ սկզբունքները և դիրքորոշումները: Կուզեի անդրադառնաք նաև Զաքիր Հասանովի այն հայտարարությանը, թե ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը կտրուկ մեծացել է»,- դիմելով Զոհրաբ Մնացականյանին՝ ասաց Ռուբինյանը:

Ըստ նախարարի՝ 2019 թվականին բավականին ծավալուն աշխատանք է կատարվել համանախագահների  ներգրավմամբ, բայց որպես բանակցող՝ իր համար կարևոր է նախ՝  համադրել այն, ինչը պետք է արտահայտվի հրապարակային, և այն, ինչը պետք է լինի  ոչ հրապարակային:

«Անցյալ տարի մենք բավական ընդարձակ անդրադարձել ենք այդ սկզբունքներին, և դրանք են եղել մեր քննարկման հիմնական փուլը: Մենք Բրատիսլավայում ունեցանք հանդիպում, և մեզ համար անընդունելի է, որ Ադրբեջանն իր դիրքորոշումը ներկայացնում է այնպես, որը մեզ համար սկզբունքորեն անընդունելի  է, և դուք հիշում եք իմ ելույթը, որում շատ հստակ արտահայտվել են այն բոլոր մոտեցումները, որի մասին մենք խոսել ենք տարբեր ձևաչափերով: Մենք նաև խոսել ենք նրա մասին, որ հարցը հիմնվում է փոխզիջման սկզբունքների վրա, և չի կարող որևէ մեկը սպասել, որ Հայաստանը որևէ քայլ կատարի, որը համադրելի չէ, որը ենթադրում է զիջում և վնասում է մեր ազգային անվտանգությանը: Էստեղ շատ էական է մնալ սառնասիրտ և հանգիստ, որովհետև շատ հրապուրիչ է գունավոր ձևերով արտահայտվել, բայց այն, ինչ ասում ենք, շատ ավելի հստակ է  և ուղղորդում է բանակցային գործընթացում մեր ներգրավումը:

Այն, ինչ արտահայտվել է Բրատիսլավայում, կրկնվել է ամսի 21-ին Երևանում: Եղել են նաև Ռուսաստանի և Հայաստանի խոսնակների մակարդակով  մենկաբանություններ: Կարծում եմ, որ այդ առումով մենք էլ բան չունենք խոսելու, կարիք չկա էլ ավելի փորփրել:  Մի կարևոր սկզբունք կա, էստեղ շատ էական է մի բան՝ մենք կտրականապես ժխտել ենք սպառնալիքի գործոնը բանակցային գործընթացում: Եթե մենք ընդունում ենք, որ այդ սպառնալիքն այնքան է, որ մենք պետք է գնանք զիջման, ապա ես մեր հասարակությունից կամ որևէ մեկից նման ազդակ չունեմ: Սա շատ հստակ է՝  սպառնալիքի լեզուն ժխտված է, ընդունված է բանակցային լեզուն»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը՝ նշելով, որ որևէ կերպ չի ներգրավվելու այն մրցակցության մեջ, որտեղ պետք է որոշվի՝ ով է ավելի հայրենասեր, ով՝ ոչ, քանի որ Կառավարության համար Արցախի ժողովրդի անվտանգությունը բերել է առաջին պլան՝ որպես կարևորագույն խնդիր, և այն, ինչ այսօր գոյություն ունի, իրականում, դա անվտանգային համակարգ է և պաշտպանական գծեր:

«Ինչ վերաբերում է ստատուսին, ապա ներողություն, իսկ ես ի՞նչ կարող եմ նկատի ունենալ ստատուսի հարցում: Այստեղ մրցակցության կարիք չկա, մեր դիրքերը շատ ավելի ամուր են,  և ես ինձ շատ ամուր եմ զգում, որովհետև մեր հասարակության մեջ այս ամենի շուրջ կա կոնսենսուս և ներքին ուժ»,- ասաց  նախարարը՝ նշելով, որ շատ դժվար է լինելու խուսափել անվտանգային հարցերը քաղաքական նպատակներով օգտագործելուց:

«Մեզ համար էական է վստահ լինել, որ մեր ներգրավումը բանակցություններում հիմնված է համազգային կոնսենսուսի վրա, որ Արցախի  անվտանգային խնդիրներն առաջնային են, որ ՀՀ-ն միակ երաշխավորն է, որ սպառնալիքի լեզուն ժխտված է, որ ստատուսի և անվտանգության հարցերի շուրջ քննարկումը հիմնված է մեկ սկզբունքի  վրա։ Գործընթացը բարդ է։ Այսօրվա իրականությունը մեզ հնարավորություն է տալիս՝  հիմնվելով մի շարք հանգամանքների վրա, բավական հստակ շարունակել աշխատել այն էական սկզբունքների շուրջ, համադրելով դրանք մյուս հանգամանքների կամ դիրքորոշումների հետ, և ամենակարևորը, որևէ կերպ, շատ հստակ հաշվարկի մեջ թույլ չտալ որևէ խախտում անվտանգության համակարգի, որի մեջ ստատուսի հարցը կարևորագույն, գերակա անվտանգային գործիքներից մեկն է,-ասել է  նախարարը՝ նշելով,- Չի՛ լինելու  2016 թվականի ապրիլյան պատերազմի կրկնություն, չի լինելու 1991-1994»: Մնացականյանը շեշտեց, որ Արցախի ներգրավվածությունը բանակցություններում նաև պրակտիկ հարց է, համագործակցությունն Արցածի հետ սերտ է, չնայած՝

«Երկու տարի անց դեռևս չենք կարողացել ճեղքել, այս հարցի  հանգուցալուծումը տալ, որը շատ էֆեկտիվ կլինի բանակցային գործընթացի արդյունավետության առումով, բայց շարունակելու ենք»:

Տեսանյութեր

Լրահոս