Բաժիններ՝

Երեխաները պետք է համոզվեն, որ Հայաստանը դարձել է մի երկիր, որտեղ մարդկանց գնահատում են գիտելիքով․ Սերոբ Խաչատրյան

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ արտակարգ դրությունը դրական դերակատարում է ունեցել կրթության ոլորտում։ Ե՛վ ուսուցիչները, և՛ աշակերտները, դասախոսներն ու ուսանողներն այս ընթացքում իրենց թվային գրագիտության մակարդակը շատ ավելի մեծ տեմպերով բարձրացրել են, քան, գուցե, նախորդ տարիները միասին վերցրած։

«Գիտենք, որ նախորդ տարիներին վերապատրաստումներին հաճախ լինում էր դիմադրություն, որ՝ մեր ինչի՞ն է պետք համակարգիչը, միևնույն է՝ դպրոցում համակարգիչ քիչ ունենք, ես 60 տարեկան եմ, ինտերնետը նորմալ չէ, և այլն։ Թվային տեխնոլոգիաներն օգտագործելու համար բավական մեծ դիմադրություն կար, իսկ հիմա ճգնաժամը մարդկանց շատ համոզիչ ցույց տվեց, որ, անկախ տարիքից, առարկայից ու սեփական կարծիքից, կան իրավիճակներ, որ դու արդեն ստիպված ես ինչ-որ բաներ սովորել»,- «Հոդված 3» ակումբում կազմակերպված առցանց քննարկման ժամանակ ասաց Սերոբ Խաչատրյանը։

Կրթության փորձագետի դիտարկմամբ՝ բարձրագույն կրթության մասով հեռավար ուսուցումը մեծ հեռանկարներ ունի։

«Հուսով եմ, որ այս իրավիճակից դուրս գալուց հետո համակարգն այն ավելի արդյունավետ կօգտագործի։ Հանրակրթության առումով ասեմ, որ հեռավար ուսուցումը՝ որպես ուսուցման միակ ձև կամ զանգվածային ձև, առանձնապես արդյունավետ չէ։ Դրա մասին բազմաթիվ հետազոտություններ կան։ Հանրակրթության պարագայում այդ ֆիզիկական կոնտակտը շատ կարևոր է, բայց, իհարկե, թվային գործիքները, որոշակի դրվագներով, հուսով եմ, որ հանրակրթության մեջ կկիրառվեն։

Իրավիճակն անորոշություններ է պարունակում, ու դժվար է լուծումներ տալ, իսկ կայացված իրավիճակային որոշումներն ընդունելի են։ Բոլորին այս պահին հուզում է թվանշանների խնդիրը։ Դեռևս մարտ ամսին հարց էի ուղղել ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի հստակեցնեն՝ այն, ինչ անում ենք, սա ֆորմալ ուսումնական գործընթա՞ց է, թե՞ հայտնվել ենք անելանելի իրավիճակում ու պետք է փորձենք մինչև մայիս երեխաներին ինչ-որ բան սովորեցնել։ Սա կարևոր էր, որովհետև այդ օրերին ուսուցիչներին հուզում էր՝ թվանշան լինի՞, գրավոր անցկացնե՞ն, թե՞ չէ։ Այս հարցերը մնացին անպատասխան։ Լավ էր, որ նախարարությունն ուսուցիչներին վստահեց՝ ասելով, որ իրենք որոշեն, թե որ ծրագրով կարելի է դասերն անցկացնել»,- ասաց Սերոբ Խաչատրյանը։

Անդրադառնալով նախարարության այն փաստարկին, որ կիսամյակային և տարեկան արդյունքները կամփոփվեն մինչև մարտի 13-ը նշանակված գնահատականների հիման վրա, քանի որ ունենք 20 տոկոս աշակերտներ, ովքեր դուրս են մնացել հեռավար կրթությունից, անարդար կլինի նրանց հանդեպ, կրթության փորձագետի խոսքով՝ դուրս մնացած աշակերտների խնդիրը միշտ եղել է։

«Եթե թվում էր, որ երեխաները գնում են դպրոց ու ներգրավված են դասերին, այդպես չէ։ Միջազգային հետազոտություններում էլ ընդունվում է, որ դպրոց գնալը դեռևս չի նշանակում՝ կրթության մեջ ընդգրկված լինել։ Եվ կա նոր հասկացություն, որը կոչվում է՝ սովորող երեխա։ Այսինքն, նաև դրանով է չափվում կրթության մեջ ընդգրկվածությունը։ Երեխան գնում է դպրոց, բայց դասերին ներգրավված չէ։ Ունենք երեխաներ, որ մինչև այս իրավիճակն իրենց դաս չեն հարցրել։ Ոչ թե, որ չեն ուզել, այլ՝ նա ի վիճակի չի եղել ուսումնական ծրագիրը հասցնել։ Նա այնքան է հետ մնացել ծրագրից, որ ընդամենը ֆիզիկական ներկայություն է ապահովել։ Շատ հարցեր, որ լավ չէինք տեսնում՝ տեսանք։ Դպրոցը փակվեց, ու տեսանք սոցիալապես անապահով երեխաների, ովքեր դուրս են մնում կրթական համակարգից։ Չէի ուզենա, որ նախ և առաջ՝ ուսուցիչների միջև թվային սակարկություն լիներ․ 6․1 է, 7 դնեն։ Ավելի լավ է՝ ասեին, որ ուսուցիչները որոշեին։

Իմացա նաև, որ այն աշակերտները, ովքեր վերաքննություն են հանձնելու, իրենց համար անհատական պլան պետք է կազմվի, և հունիսի 5-ին վերաքննությունը պետք է լինի։ Ինձ հետաքրքրիր է, որ, եթե երեխաներն այս պահին չունեն համակարգիչ, հեռախոս, պլանշետ, ինչպե՞ս են պատրաստվելու այդ վերաքննությանն ու հանձնելու։ Ինչպե՞ս ենք անելու, եթե սարքեր, ինտերնետ չունեն։

Այո, ռազմավարական հարց է, որ ոչ թե թվանշանի, այլ գիտելիքի համար պետք է սովորել, բայց խնդիրն իրավիճակային լուծման մեջ չենք կարող տեղավորել։ Օրինակ, 9-րդ դասարանի թվանշանները կարևոր են լինելու քոլեջ ընդունվելու ժամանակ։ Բուհերում ընդունելության ժամանակ արտոնություն է տրվելու բարձր թվանշան ունեցողներին, մեդալակիրներին։ Այսինքն, այս իրավիճակում արդեն ունենք թվանշանի դերի ուռճացում, հետևաբար՝ այս պահին մարդկանց փորձել համոզել, որ՝ ժողովուրդ ջան, եկեք գիտելիքը կարևորենք, ոչ թե թվանշանը, իրավիճակի համար այդքան էլ ճիշտ չէ։ Միայն թվանշան հանելով չէ, երեխաները պետք է համոզվեն, որ Հայաստանը դարձել է մի երկիր, որտեղ մարդկանց գնահատում են գիտելիքով։ Տեսնում են, որ բազմաթիվ մարդիկ, ովքեր գիտելիք չունեն՝ բարձր են գնահատվում՝ նյութականի ու այլ գործոններով պայմանավորված»,- նկատեց Սերոբ Խաչատրյանը։

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն իր անհամաձայնությունը հայտնեց գնահատականների հարցում՝ շեշտելով, որ կարևորը գիտելիքն է։

Նա չհամաձայնեց նաև այն դիտողության հետ, թե նախարարությունը թվանշանների առումով սակարկության մեջ է մտնում դպրոցների հետ, երբ ասում են, որ երեխային պետք է խրախուսել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս