Եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց՝ համարեք, որ Հայաստանի ապագայի հետ կապված հարցերը քննարկվելու և լուծվելու են Բաքվում կամ Անկարայում. Արտակ Զաքարյան
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Հակիրճ այն մասին, թե ինչպե՞ս են գործում Ալիևն ու Փաշինյանը:
2018թ.-ից, զավթելով իշխանությունը, Փաշինյանը՝ իբրև թե ինքնիշխանության «վերականգնման» անվան տակ, աստիճանաբար սկսեց վատացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Դա երևում էր Արցախի հարցից, ԵԱՀԿ Մինսկի խմբում վարած բանակցություններից և արված հայտարարություններից: Դա երևում էր ՀԱՊԿ-ի հարցում պաշտոնական Երևանի դիրքորոշումներից, գ-լ/գ-տ Յուրի Խաչատուրովի հետ կապված վերաբերմունքից, դա երևում էր ի հաշիվ Ռուսաստանի՝ Արևմուտքի հետ հարաբերությունների կառուցման փորձերից, դա երևում էր ՌԴ նախագահի ընդունելության արարողակարգերից և այլ գործընթացներից:
Արդյունքում Ալիևը «քարտ բլանշ» ստացավ՝ Թուրքիայի, Պակիստանի, Ուկրաինայի, Իսրայելի և այլ երկրների «աջակցությամբ» հարձակվելով ու օկուպացնելով Արցախի զգալի մասը:
Արևմուտքը մեզ որևէ աջակցություն չկարողացավ կամ չցանկացավ ցուցաբերել: Իսկ Մոսկվան ընդամենը զբաղված էր պատերազմը կանգնեցնելու փորձերով (հոկտեմբերի 5, 9-10, 19, նոյեմբերի 8):
Նույն պարտիան տեղի ունեցավ 2022-23թթ., երբ Երևանն առանց հիմնավոր պատճաների, դեպի Արևմուտք թեքվելու փորձեր անելով՝ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում հրաժարվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից, հրաժարվեց ԵԱՀԿ Մինսկի Խմբից, հրաժարվեց Արցախից, հրաժարվեց ռուսական խաղաղարար առաքելությունից և իրավունք տվեց Ալիևին անկաշկանդ գործել ընդդեմ Արցախի և արցախահայության: Ալիևին, նման «նվեր» նույնիսկ Էրդողանը չէր կարող տալ:
Արցախի օկուպացիայից հետո, Ալիևն ու Փաշինյանն անցան հաջորդ պարտիային՝ Սյունիքին («Զանգեզուրի միանցք»), և ԹՐԻՓՓ-ի գաղափարը նրանց տարավ Վաշինգտոն: Զուգահեաբար, օգտվելով հայ-ռուսական ավելի վատացող հարաբերություններից, իր հակառուսական օրակարգերով ու էներգետիկ շահերով, ԵՄ-ն շտապում է տեղավորվել Հարավային Կովկասում:
Կարծում եք ԵՄ-ի գալուց շահելու է Հայաստանի Հանրապետությու՞՞նը: Իհարկե ո՛չ: Նորից շահելու է Ադրբեջանը: Հայ-ռուսական հարաբերությունների վատացման ֆոնի վրա, Ալիևը կրկին սերտացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ հույս ունենալով իր վրա վերցնել այն ֆունկցիաները, որոնք դեռ ունի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում (այդ թվում նաև Արևմուտքի դաբրոյով): Ալիևը հույս ունի նաև, սահմանազատման անվան տակ արմատավորվել Հայաստանում, ՀՀ-ում բնակեցնել ադրբեջանցիերի որոշ զանգված, խաղաղության անվան տակ լիովին խարխլել ՀՀ անվտանգությունը, թուլացնելով տնտեսությունը՝ մեծ թափ հաղորդել արտագաղթին, տարբեր պատրվակներով քանդել ազգային կուսակցությունները, ազգային եկեղեցին ու ազգային օրակարգերը (անգիտակից մարդկանց մի մասը դա կողջունի) և այլն:
Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օդ ու ջրի պես պետք է Իլհամ Ալիևին՝ հակառուսական (պրոթուրքական) վերջին պարտիան՝ Հայաստանի շահերի հաշվին խաղարկելու համար: Արևմուտքը դեմ չի, որովհետև իր համար միևնույն է, Հարավային Կովկասում գործ կունենա Բաքվի՞ հետ, թե՞ Երևանի հետ: Կարևորն իրենց շահերն են: Նույն կերպ են մտածում նաև ՌԴ-ում:
Եթե հունիսի 7-ին, ՔՊ-ն պարտվի և Հայաստանում իշխանություն փոխվի՝ ապա և՛ Մոսկվան, և՛ Վաշինգտոնը, և՛ Պեկինը, և՛ Բրյուսելն այլևս չեն կարող անտեսել հայկական շահերը, և կսկսեն լրջորեն վերաբերվել հայ ժողովրդի դերակատարմանը:



