Հայաստանում ընտրությունները սարերի հետևում չեն

Ապրիլի 23-ին ավարտվեց հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցման փաստաթղթերի ներկայացումը: Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել են երկու դաշինք և 17 կուսակցություն։

Քվեարկության օրը մոտենալուն պես Հայաստանում քաղաքական իրավիճակը բնութագրվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ընդդիմադիր ուժերի միջև առճակատման զգալի ուժեղացմամբ: Մինչդեռ իշխանությունը որոշակի միջոցներ է ձեռնարկում խորհրդարանում մեծամասնությունը պահպանելու համար հաղթանակ ապահովելու համար։

2026 թվականի ընտրությունները կլինեն առաջին համապետական ​​ընտրությունները Հայաստանում՝ երկրի ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքը որպես ադրբեջանական ճանաչելուց ի վեր, ինչը բարդ սոցիալ-քաղաքական պառակտում առաջացրեց հայ հասարակության մեջ։

Առաջիկա քվեարկության արդյունքների հանդեպ հետաքրքրությունը լիովին արդարացված է դրա նշանակությամբ։ Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է, որը ղեկավարում է խորհրդարանի կողմից ընտրվող վարչապետը. ըստ էության, կառավարության ղեկավարին նշանակում է խորհրդարանական մեծամասնությունը։

Կարդացեք նաև

Ընտրությունների արդյունքներից է կախված, թե արդյո՞ք երկիրը կկարողանա հաղթահարել ներկա և նախկին իշխող էլիտաների քաղաքական բախումը, ինչպես նաև կշարունակի՞ արդյոք Հայաստանն իր տնտեսական մոդելի և արտաքին քաղաքական առաջնահերթությունների «դիվերսիֆիկացումը» դեպի Արևմուտք և Թուրքիա։ Այդ դեպքում, ժամանակի ընթացքում, հնարավոր է Ռուսաստանի հետ ավանդական կապերի խզում, ինչը մեծ հավանականությամբ կհանգեցնի Հայաստանի համար տնտեսական լրացուցիչ լուրջ խնդիրների և, որպես արդյունք, բնակչության աղքատացման։

Փաշինյանը, փորձելով ընդլայնել իր ընտրազանգվածը, փաստացի արդեն մեկուկես տարի առաջ քարոզարշավը սկսեց մարզային շրջայցերով, հեծանվաերթերով և այլ միջոցառումներով: Անկման վարկանիշի հետ կապված իրավիճակը փոխելու ցանկությամբ նա փորձում է բարձրացնել իր ժողովրդականությունը և միաժամանակ սպառնում է հերթական պատերազմով՝ հայտարարելով, որ իր չընտրվելու դեպքում այն կսկսվի սեպտեմբերին։ Չնայած դրան, մինչ այժմ սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս նրա ընտրազանգվածի աջակցության նվազման միտում: Ընդ որում, քաղաքական վերլուծաբանները վստահաբար չեն կարող պնդել, որ Փաշինյանը հաղթելու է, բայց նաև հայտարարել, որ հաղթելու է ընդդիմությունը, նույնպես չեն շտապում:

Խաղասեղանին շատ բան է դրված: Եվ իշխող կուսակցությունը օգտագործում է բազմամակարդակ ռազմավարություն, որը համադրում է ինստիտուցիոնալ և քարոզչական գործիքները՝ ներառյալ ընտրությունների նախօրեին ընտրական օրենսդրության փոփոխությունները և իրավական համակարգի միջոցով ընդդիմադիր առաջնորդների վրա ճնշումները:

Հայ քաղաքագետները չեն բացառում Մոլդովայում փորձարկված սցենարի կիրառումը՝ մերժելով ռուսամետ քաղաքական ուժերի գրանցումը: Նման մերժման համար Հայաստանում բավական է, որ ԿԸՀ անդամներից որևէ մեկը բողոք ներկայացնի ընտրական օրենսգրքով սահմանված պահանջներին ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանության վերաբերյալ, ինչպես նաև, որ առարկությունը հավանության արժանանա ԿԸՀ անդամների ձայների երկու երրորդով։ ԿԸՀ – ն գլխավորում է Վահագն Հովակիմյանը՝ նախկին ՔՊ-ական, Փաշինյանի մտերիմ ընկերը, ով նրա հետ համագործակցել է իր ընտանեկան «Հայկական ժամանակ» օրաթերթում:

2022 թվականին ուժի մեջ մտան ԸՕ փոփոխությունները, որոնցում դրվեցին նախընտրական քաղաքական արշավի նոր կանոնները։ Նման փոփոխություններից մեկով նախատեսվում է, որ քաղաքական ուժերին ֆինանսական աջակցություն կարող են ցուցաբերել միայն ՀՀ քաղաքացիները՝ առավելագույնը 10 մլն դրամի չափով (փոփոխության ուժի մեջ մտնելու պահին 20 հազար ԱՄՆ դոլարից մի փոքր ավելի) 1 տարվա ընթացքում, ինչը համընդհանուր ընդունված համաշխարհային պրակտիկայի նորմերից դուրս մի բան չէ: Բայց նույն թվականին հայտնի դարձավ, որ իշխող կուսակցությունն ինքը խախտում է այդ նորմը։

ՔՊ-ն իր գործունեությունը ֆինանսավորողների թվում նշել է 140 «բարեգործ», որոնցից 134-ը այդ կուսակցության անդամներ են, ինչը արգելված չէ։ Խնդիրը, սակայն, այն է, որ «Սիվիլնեթ» լրատվական պորտալը հետաքննություն է իրականացրել՝ կապ հաստատելով նշված բարեգործներից շատերի հետ։ Նրանցից 15-ն ընդհանրապես հերքել են, որ որևէ գումար են նվիրաբերել կուսակցության կարիքների համար, իսկ մյուսները խուսափել են պատասխանից։ Ենթադրելի է՝ ընտրություններից առաջ պատկան մարմինները հավանաբար ապօրինի դրամական ներարկումներ կփնտրեն, բայց մի՞թե դարձյալ միայն ընդդիմության ճամբարում։

Ապրիլին արդեն իրականացվել են «Ուժեղ Հայաստանի» կողմնակիցների մի շարք ձերբակալություններ։ Ապրիլի 14-ին նախընտրական շրջանում բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքով (Հայրենական մեծ պատերազմի մասնակից 103-ամյա Ամալյա Աբգարյանի ծննդյան շնորհավորանքը) ձերբակալվել են կուսակցության երկու անդամներ։ Ապրիլի 16-ին Արտաշատում կուսակցության գրասենյակում կատարված խուզարկությունների ընթացքում ձերբակալվել է 15 մարդ իբր ենթադրյալ ընտրակաշառքի գործով։ Թվում, որ իշխանությունները փորձում են հիմքեր ստեղծել, որպեսզի ընտրապայքարից հանեն «Ուժեղ Հայաստան» դաշինքը։

Ընդունված փոփոխությունների համաձայն՝ ԸՕ – ում առանձին կուսակցությունների համար իջեցվել է խորհրդարան անցնելու շեմը (5 տոկոսից մինչև 4 տոկոս), բայց միաժամանակ բարդանում է խոշոր դաշինքների ստեղծումը, որոնք կարող էին իրապես մրցակցել իշխանության համար (մինչև 8 տոկոս՝ երեք կուսակցությունների կոալիցիաների և մինչև 10 տոկոս՝ ավելի մեծ թվով մասնակիցների դաշինքների համար)։ Սա, փաստորեն, շատ ավելի ռիսկային ու բարդ է դարձնում լայն ընդդիմադիր դաշինքների ստեղծումը։

Հունվարի 23-ին ԸՕ-ում իշխող կուսակցության նախաձեռնությամբ կատարվել է ընտրությունների անկախ դիտարկման և վերահսկման հնարավորությունների սահմանափակման փոփոխություն։ Նոր օրենքն արգելում է ընտրություններին դիտորդական կազմակերպությունների մուտքը, որոնք «հրապարակայնորեն քարոզչություն են իրականացնում» ինչ-որ ուժերի օգտին կամ դեմ:Սա Մոլդովայում կիրառված կարգավորման պատճենն է, երբ իշխանամետ դիտորդական առաքելությունը ստանում է բոլոր հնարավորությունները, և հակառակը՝ ընդդիմադիր ներկայացուցիչներին, ըստ էության, կարող է արգելվել աշխատել ընտրություններում։ Այս նախաձեռնությունն ուղղված է մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների դեմ, որոնք մեղադրվում են նախորդ ընտրություններում «կողմնակալ վարքագծի» մեջ։

Ապրիլի 7-ին Հայաստանի խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի լրացուցիչ փոփոխությունները։ Փաստաթուղթը, որը մշակվել է նաև իշխող կուսակցության պատգամավորների կողմից և ներկայացվել է արտահերթ նիստում քննարկումից մեկ օր առաջ, նախատեսում է արգելել կուսակցությունների և նախընտրական դաշինքների անվանումներում ֆիզիկական անձանց անունների օգտագործումը:

Փոփոխությունների ընդունմանը կողմ են քվեարկել միայն իշխող խմբակցության ներկայացուցիչները: Հայկական ընդդիմությունը հայտարարել է՝ ուղղումներն ուղղված են «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» կուսակցական դաշինքի անվան դեմ, որը ստեղծել է այդ ռուսաստանաբնակ հայազգի գործարարը, որը գտնվում է տնային կալանքի տակ։

Այսպիսով, Հայաստանի իշխանությունները փաստաթղթերի ընդունումից ընդամենը մի քանի օր առաջ (ապրիլի 13-ին) փոխել են խաղի կանոնները։ Հայաստանի Ընտրական օրենսգրքի առանցքային դրույթներում կես տարուց պակաս ժամանակահատվածում ընդունված փոփոխությունները նույնպես հակասում են Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականներին.նման փոփոխություններ կարելի է կատարել ընտրություններից առնվազն 1 տարի առաջ, որպեսզի ընտրական գործընթացի սուբյեկտները կարողանան հարմարվել նոր պայմաններին: Ընդ որում, արևմտյան ինստիտուտները, որոնք կոչված են պաշտպանելու ժողովրդավարական արժեքները, այս առիթով պահպանում են լռություն։

Ընդ որում, իշխանությունները որպես ընդդիմության վրա ճնշում գործադրելու գործիքներ օգտագործում են ձերբակալությունները, խուզարկությունները և քրեական գործերի հարուցումը մեղադրանքներով, որոնք ընդդիմությունը և մի շարք փորձագետներ համարում են քաղաքական դրդապատճառներ։ Մասնավորապես, Premier Christian Newsգրում է` 2025 թվականին «Հայաստանն իր արքեպիսկոպոսների կեսին կալանավորել է այլախոհության դեմ լայնածավալ բռնաճնշումների ժամանակ»։ 2025 թվականի հունիսին ձերբակալվել են 2024 թվականի զանգվածային բողոքի ակցիաներում առանցքային դեր ունեցած «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչպես նաև նրա տասնյակ կողմնակիցներ։

Նրանց մեղադրում են ահաբեկչության, զանգվածային անկարգությունների և իշխանությունը զավթելու փորձի մեջ։ Հոգևորականների հետապնդումը քաղաքագետները կապում են ինչպես բողոքի շարժման չեզոքացման, այնպես էլ Հայ Առաքելական եկեղեցու վրա ճնշումների հետ, որն ավանդաբար ազդեցիկ ինստիտուտ էր և վերջին տարիներին քննադատում էր Նիկոլ Փաշինյանի քաղաքական կուրսը։

Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) գլխավոր, եթե ոչ հիմնական բարերարներից մեկի՝ Սամվել Կարապետյանի փորձերը՝ հանդես գալու ի պաշտպանություն եկեղեցու, ով մեծ միջոցներ էր հատկացնում Էջմիածնի վերականգնման և նորոգման համար, ավարտվեցին նրա կալանավորմամբ։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր անելու, իսկ ավելի ուշ՝ հարկերից խուսափելու, փողերի լվացման և գույքի հափշտակման համար։

Սակայն Կարապետյանի ձերբակալությունը չի ստացել Հայաստանի բնակչության աջակցությունը։ Ավելին, արդյունքում այն գործարարի համար ճանապարհ բացեց դեպի մեծ քաղաքականություն, որտեղ իր ստեղծած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դարձավ ընդդիմադիր ճամբարի ամենահզոր ուժի կենտրոններից մեկը։

Նա շարունակում է գտնվել տնային կալանքի տակ, իսկ նրա ընկերությունը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը», ազգայնացվել է։ Ապրիլի 17-ին դատարանը ևս երեք ամսով երկարացրեց Կարապետյանի կալանքը, ինչը, ըստ փորձագիտական հանրության, տեխնիկապես զրկում է նրան նախընտրական քարոզարշավին լիարժեք մասնակցելու հնարավորությունից:

Ձերբակալվել են նաև Հայաստանի խոշոր քաղաքների երկու քաղաքապետեր, որոնք ներկայացնում էին ընդդիմությունը։ Օրինակ, Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիի քաղաքապետ Վ. Ղուկասյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 422-րդ հոդվածով (իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր, տարածքային ամբողջականությունը խախտելու, ինքնիշխանությունից հրաժարվելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելու): Ընդդիմությունը կարծում է՝ Ռուսաստանի հետ դաշինքի անհրաժեշտության մասին հայտարարությունների համար է։

Ընդ որում, իշխող կուսակցության առաջնորդը բացասական հռետորաբանություն է օգտագործում ընդդիմախոսների նկատմամբ։ Այսպես, ընդդիմադիր ուժերին, ընդհանուր առմամբ, նա պիտակավորում է որպես «պատերազմի կուսակցություն», իսկ ապրիլի 17-ին ելույթ ունենալով խորհրդարանում՝ Փաշինյանը ընդդիմության պոտենցիալ ընտրողներին անվանարկեց «շուն ու շանգյալ»։ Այս հայտարարությունը վրդովմունքի ալիք է բարձրացրել սոցցանցերում և գնահատվել որպես վիրավորանք։ Վարչապետը նաև փորձում է հրապարակավ քաղաքական մրցակցին՝ Սամվել Կարապետյանին «ընտրակաշառք բաժանող» պիտակավորել։

Ընդ որում, ըստ ընդդիմության, կենսաթոշակների բարձրացումը ընտրություններից երկու ամիս առաջ, դա ոչ թե համակարգային բարեփոխումների, այլ ուղղակի ընտրակաշառք պետբյուջեի հաշվին։

Միաժամանակ, փորձագետները մատնանշում են Փաշինյանի ժողովրդականության անորոշ ցուցանիշները։ Դա փաստում են նաև արտաքին քաղաքականության ամերիկյան խորհրդի հետ փոխկապակցված արևմտյան աղբյուրները. «…ՔՊ-ի ժողովրդականությունը նվազել է, 2026թ. խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցությունը կբախվի կոշտ մրցակցության: Քվեարկության ելքը կարող է որոշել, թե արդյոք Հայաստանը կվերադառնա իր նախկին ռուսամետ և իրանամետ դիրքորոշմանը»։

Ի պատասխան իշխանամետ քաղտեխնոլոգները սկսեցին հրապարակել սոցիոլոգիական հարցումներ, որոնք ներկայացնում են ՔՊ կուսակցության լիդերության պատկերը։ Սակայն փորձագետներն ու քաղաքական գործիչները կասկածի տակ են առել դրանց հավաստիությունը՝ հայտարարելով, որ երկրում սոցիոլոգիան վաղուց հասարակական տրամադրությունների ուսումնասիրման գործիքից վերածվել է դրանց վրա ազդելու միջոցի։

Սակայն նույնիսկ հարցումների այս արդյունքները փաստում են, որ երեք հիմնական ընդդիմադիր ուժերի («Ուժեղ Հայաստան» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» դաշինք և «Հայաստան» դաշինք) համախառն վարկանիշը գերազանցում է իշխող կուսակցության ցուցանիշը: Ընդդիմության ներկայացուցիչներն իրենց հերթին պնդում են՝ իրենց ուժերի իրական աջակցությունը շատ ավելի բարձր է, իսկ հրապարակվող տվյալները պատվերի արդյունք են:

Հենց ընտրական անվստահությունն է, որ ստիպում է ՔՊ-ին վստահեցնել ընտրողներին իր անվերապահ հաղթանակի մեջ։ Քաղտեխնոլոգների կարծիքով, նման նախընտրական հռետորաբանությունը բարոյալքում է չկողմնորոշված ընտրողներին (որոնց մոտ 60%-ն է) և թույլ է տալիս ընտրազանգվածին համոզել, որ ընտրությունների արդյունքները կանխորոշված են: Դա, ըստ նրանց հաշվարկների, պետք է նվազեցնի ընտրողների մասնակցությունը, որից կշահի միայն իշխող կուսակցությունը։

Նրա ընտրազանգվածն ամեն ընտրություն կարգապահ կերպով գնում է ընտրատեղամասեր, և այլ կուսակցությունների կողմնակիցների ցածր մասնակցության դեպքում նա հայտնվում է մեծամասնության մեջ։ Միևնույն ժամանակ, պետք է ընդունել, որ իշխող կուսակցությունը, վարչական ռեսուրսի ներգրավման և երկրի տեղեկատվական տարածքում փաստացի մենաշնորհի հաշվին, առայժմ ընտրարշավի ֆավորիտ է թվում, թեև այդ տարբերությունը չի կարելի նշանակալի անվանել։

Այս համատեքստում ընդդիմության առաջնորդները, կշռադատելով բոլոր դրական և բացասական կողմերը, համարել են, որ միասնական ցուցակով ընտրությունների գնալը չափազանց ռիսկային է: Իսկ եթե առանձին գործեն, ապա որևէ կուսակցության կամ դաշինքի գրանցման հնարավոր արգելքը կնպաստի ընդդիմադիր մյուս ուժերի համար ձայների քանակի ավելացմանը։ Դժվար թե որևէ կուսակցության հաջողվի Հայաստանում միայնակ հաղթել, սակայն ընդդիմադիր ուժերի ձայների գումարը կարող է գերազանցել այն տոկոսը, որը կարող է հավաքել իշխող կուսակցությունը։

Ներկայումս Հայաստանում ընդդիմությունը ներկայացված է երեք տարբեր կառույցներով․ ձերբակալված գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքը (ներառյալ «Ուժեղ Հայաստան», «Նոր դարաշրջան» և «Միացյալ հայեր» քաղաքական ուժերը), նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը (կազմում՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն, «Առաջ» աջկենտրոն կուսակցություն) և հանրապետության ամենահարուստ ձեռնարկատերերից մեկի՝ Գարիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր ուժերը մտադիր են իշխանության գալ «Գյումրու-2» սցենարով (առավելագույնս նվազեցնել ձայների փոշիացումը, իսկ այնուհետև խմբակցային դաշինքներ կնքել արդեն ընտրված մարմնում)։ 2025 թվականի մարտի 30-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո, երբ ընդդիմությանը հաջողվեց համախմբվել, հանրապետության երկրորդ քաղաքում ՔՊ-ի ձախողումը ցավոտ դաս եղավ Երևանի համար։ Այս խորապատկերին Փաշինյանի հակառակորդները հույսը դնում են ընտրություններից հետո մարտավարական դաշինքներ ստեղծելու վրա։

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ավելի վաղ հայտարարել էր՝ հիմնարար հարցերում ընդդիմության մոտեցումները նման են, բայց ինքը իմաստ չի տեսնում հենց ընտրություններից առաջ միավորվելու մեջ:

Անդրանիկ Թևանյանի գլխավորած ընդդիմադիր «Մայր Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է 2025 թվականի սեպտեմբերին համանուն դաշինքի հիման վրա և Երևանի ավագանիում ունի խմբակցություն։ Թևանյանն ընդգծում է. «հունիսյան ընտրություններին պետք է մոտենալ որպես Հայաստանի անկախության և տարածքային ամբողջականության պահպանման հանրաքվե։ Մեր երկրի ապագան կախված է լինելու յուրաքանչյուր քաղաքացու ձայնից։ Տանը մնալը, պասիվ լինելը և հիասթափվելը նույնն է, ինչ դասալքությունը»։

Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքը համարում են առաջիկա խորհրդարանական ընտրությունների գլխավոր ընդդիմադիր ֆավորիտներից մեկը: Նրա մասնակցությունն էապես փոխեց քաղաքական լանդշաֆտը՝ քանդելով «նախկինների» և «ներկաների» դիմակայության տրամաբանությունը։ Նոր կուսակցությունը լցրեց մի խորշ, որը նախկինում ընկալվում էր որպես այլընտրանքի բացակայություն: Արդյունքում, նույնիսկ այն քաղաքացիները, որոնք սովորաբար չեն մասնակցում ընտրություններին, կարող են ակտիվություն ցուցաբերել։

Կարապետյանի և նրա կողմնակիցների նկատմամբ կիրառվող սահմանափակող միջոցները պարադոքսալ կերպով կարող են կրկնակի ազդեցություն ունենալ։ Մի կողմից, դրանք օբյեկտիվորեն դժվարացնում են առավել հայտնի ընդդիմադիր ուժերից մեկի քարոզարշավը։ Մյուս կողմից՝ կարող են մոբիլիզացնել ընդդիմադիր ընտրազանգվածը։ Այսպես, ապրիլի կեսերին Երևանում արդեն տեղի է ունեցել վերջին ամիսների ամենախոշոր հանրահավաքներից մեկը, որը, որոշ տվյալներով, հավաքել է մոտ 40 հազար մարդ։

Ինքը՝ Կարապետյանը, շեշտը դնում է երիտասարդ, մինչ այդ մեծամասամբ քաղաքական ակտիվ գործունեության մեջ չներգրավված անձանց վրա։ Նա ուշադրությունը կենտրոնացնում է երկրի տնտեսական զարգացման խնդիրների, բնակչության սոցիալական խնդիրների լուծման վրա՝ փորձելով հնարավորինս խուսափել արտաքին քաղաքական հայացքների, մասնավորապես՝ աշխարհաքաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ հստակեցումներից։ Կարապետյանի «ուժի 5 քայլ» տնտեսական ծրագրում առանցքային ուղղություններից մեկը հռչակվեց Հայաստանի ինդուստրացումն՝ ամբողջ երկրում 300 հազար որակյալ և արժանապատիվ վարձատրվող աշխատատեղերի համընթաց ստեղծմամբ։

Ծրագիրը միտված է տնտեսության զարգացմանը, բիզնեսի համար իրական հնարավորությունների ստեղծմանը, ընտանեկան և ազգային արժեքների ամրապնդմանը, Հայաստանի՝ որպես վստահելի գործընկերոջ հեղինակության վերականգնմանը, ինչպես նաև արցախցիների արժանապատիվ ապրելու իրավունքների ապահովմանը, կրթության համակարգի զարգացման միջոցով երիտասարդների ապագայի նկատմամբ հավատի վերադարձին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պահպանմանն ու պաշտպանությանը:

Եվ այստեղ ակնհայտորեն նկատվում է մրցակցություն Սամվել Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի ծրագրերի միջև, որոնք ներկայացված են Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ փոխակերպման դոկտրինում։

Ներքին լարված իրավիճակում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը փորձում են ստանալ արտերկրի աջակցությունը: Վարչապետը ներկայացնում է իշխող ՔՊ-ն որպես միակ արևմտամետ ուժ, որը խաղաղություն է բերում տարածաշրջան, իսկ ընդդիմությանը՝ որպես իբր «ռուսամետ գործակալների»։ Այս հայտարարությունների խորապատկերին մինչև հերթական խորհրդարանական ընտրություններ նա փորձում է ստանալ Արևմուտքի հովանավորությունը։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը անվերապահ աջակցություն է հայտնել Հայաստանի վարչապետ Փաշինյանին, Բաքվում պատրաստ են 100% – ով համերաշխ լինել թուրք նախարարի դիրքորոշման հետ։

Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն ուղղակիորեն հայտարարել է ընտրական գործընթացին միջամտելու ԵՄ պատրաստակամության մասին. «Հայաստանում շուտով ընտրություններ են, և ի՞նչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Նրանք օգնություն են խնդրել վնասակար ազդեցության դեմ պայքարելու համար։ Այդ օգնությունը նման է այն բանին, ինչ մենք ցուցաբերել ենք Մոլդովային»։ Նա խոստացել է 15 մլն եվրո հատկացնել Հայաստանին՝ «առաջիկա ընտրություններին արտաքին միջամտությանը» հակազդելու համար։ Եթե «ինչպես Մոլդովայում», ապա դա միջամտություն չէ ընտրական գործընթացին։

Այն փաստը, որ Եվրամիությունից երկիր է ժամանում հիբրիդային աջակցության խումբ, վկայում է նաև իշխող կուսակցության անվստահ դիրքորոշման և արտաքին աջակցության իշխանության անհրաժեշտության մասին: Այն, անկասկած, փորձեցին ցուցադրել եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի և Եվրամիություն-Հայաստան առաջին գագաթնաժողովի մասնակիցները։

Ընտրությունների նախաշեմին ներկա իշխանությանը սատարել է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան փետրվարյան այցի ընթացքում։

Սակայն ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ հունիսի 7-ի ընտրությունների նկատմամբ «արևմտյան մոտեցման» հարցում։ Ի տարբերություն արևմտյան պաշտոնական շրջանակների՝ հայկական սփյուռքը, որը կապեր ունի արևմտյան պետությունների թե կառավարությունների, թե խորհրդարանների հետ, հաճախ չի աջակցում Փաշինյանի արտաքին և ներքին քաղաքական կուրսին։

Ապրիլի 11-12-ը Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցավ սփյուռքահայության համազգային զորաշարժի համագումարը։ Միջոցառմանը մասնակցում էին հասարակական միավորումների 150 ներկայացուցիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի 26 երկրներից:

Փարիզի Կոնգրեսն իր մեկնաբանությունն է տվել Հայաստանում տիրող իրավիճակին։ Խիստ քննադատության ենթարկվեց Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ կառավարության որդեգրած քաղաքականությունը։ Բազմաթիվ քննադատություններ են հնչել վարչապետի հասցեին և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը աջակցելուց և առաջ մղելուց հրաժարվելու համար: Ղարաբաղն, իհարկե, «տրավմատիկ կետ» է շատ սփյուռքյան ակտիվիստների համար։ Նրանք չընդունեցին նաև «իրական Հայաստանի» կոնցեպտը, որը փաստացի բաժանում է ներկայիս Հանրապետությունը մեծաթիվ Սփյուռքից։

Բացի այդ, Կոնգրեսի պատվիրակները կոչ են արել Հայաստանի բոլոր քաղաքացիներին, որտեղ էլ նրանք գտնվեն, գալ երկիր և քվեարկել առաջիկա ընտրություններում: «Անհրաժեշտություն է գործող իշխանությունների հակազգային ուղեգծի փոփոխությունը և զարգացման ազգային-պետական ուղեգծի հաստատումը»,- ասված է հայտարարության մեջ:

Ի տարբերություն արևմտյան քաղաքական գործիչների կողմից Հայաստանի ընտրություններին ցուցադրական միջամտության, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 1-ին Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ պարզապես հույս հայտնեց՝ ռուսամետ ուժերին թույլատրվելու է մասնակցել հանրապետությունում կայանալիք ընտրություններին։

Ըստ իս՝ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա փորձ էր տատանվող ընտրողներին ցույց տալու, որ վարչապետը տրամադրված չէ Ռուսաստանի դեմ, ինչի մասին նա բազմիցս հայտարարել է։ Սակայն, այս հայտարարությունների խորապատկերին, հստակ համաձայնությունների հասնել չհաջողվեց, և հարաբերություններում հայտնի դժվարությունները պահպանվում են։ Ռուսաստանի նախագահի հետ հրապարակային բանավեճից հետո փոխվարչապետ Օվերչուկի կողմից հնչեցին հստակ ազդանշաններ՝ Հայաստանի արտաքին քաղաքականության և տնտեսության մեջ Ռուսաստանի «կարմիր գծերի» վերաբերյալ։

***

Փորձագիտական գնահատականների վերլուծությունը ցույց է տալիս՝ 2026 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ընդդիմության շանսերը զգալի, բայց սահմանափակվում են համակարգային խնդիրներով:

Մի կողմից՝ գործող իշխանությունն ընտրություններին մոտենում է չլուծված խնդիրների ծանր բեռով՝ ռազմական պարտության հետևանքներից մինչև սոցիալ-տնտեսական դժվարություններ, ինչը օբյեկտիվ նախադրյալներ է ստեղծում այն փոխելու համար։ Իշխող կուսակցության վարկանիշը, թեև առանձին քաղաքական ուժերի շրջանում բարձր են մնում, սակայն կարող են բավարար չլինել վստահ հաղթանակի համար:

Մյուս կողմից, ընդդիմությունը ծայրահաստիճան պառակտված է, միասնական առաջնորդի ու ծրագրի բացակայություն, ինչպես նաև կրում է նախկին իշխող էլիտաների հետ ասոցիացիաների բացասական բեռը:

Փորձագետները համակարծիք են՝ առանցքային գործոն կդառնա չկողմնորոշված և բողոքող ընտրազանգվածի վարքագիծը, որը կազմում է բնակչության զգալի մասը: Աշխարհաքաղաքական համատեքստը (ԵՄ-ի հետ մերձեցումը՝ Ռուսաստանի հետ պատմական կապերը պահպանելով) և Հայ Առաքելական եկեղեցու հետ ներքաղաքական հակամարտությունը լրացուցիչ անորոշություն են ավելացնում նախընտրական մրցավազքին։

Ալեքսանդր Անանև

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնաթող ավագ խորհրդական

interaffairs.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031