ՍՐԱՆՑԸ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՉԷ՛, ՍՐԱՆՑ ԱՍԱԾԸ՝ «ՀԱՆԳՉԻՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ»-Ն Է․ ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆ
168TV-ի՝ «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը գրականագետ, քաղաքագետ, «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածու Անուշ Սեդրակյանն է։
Անուշ Սեդրակյանի՝ եթերում հնչեցրած մի քանի թեզեր՝ ստորև․
- Ինչպե՞ս կողմնորոշվի ընտրողը․ շատ հեշտ։ Այնքան հեշտ է համադրել, որ մարդիկ չեն ուզում անել։ Եթե այդ նույն ընտրողին անձնապես հարևանն ասի՝ ես քեզ խոստանում եմ տալ 10.000 դրամ, ու չտա, ինքը հավերժաբար դա կհիշի, բայց քաղաքական գործիչը տալիս է խոստում և ոչ միայն չի կատարում, այլև կատարում է դրա ճիշտ հակառակը, բայց նրանք դրա մասին չեն հիշում, դա նրանց համար էական չէ, դա անցնում-գնում է, որովհետև չգիտես ինչի՝ այդ քաղաքական գործչի ժպիտն է լավ, «չագուճ»-ն է լավ, բրդուճն է լավ․․․, ինձ չի հետաքրքրում, թե ինչն է լավ։ Եթե դու կյանքդ վստահում ես ինչ-որ մեկին, դու ո՞նց չես տեսնում, որ ինքը խոստումը չի կատարում, չի կատարել․ ընդ որում՝ սա հավասարաչափ վերաբերում է բոլորին, որոնք եղել են իշխանության։

- Եվրոպական ինտեգրացիոն պրոյեկտը միակ հնարավոր պրոյեկտն է մեր ժողովրդի համար, թե՛ ազգային առումով, թե՛ ազգային պահպանության առումով: Այն պրոյեկտը, որ ուզում է բերել Նիկոլ Փաշինյանը, եվրոպական պրոյեկտ չէ՝ թուրքական, և սա մի պարզ պատճառով, որ Թուրքիան մեր անմիջական հարևան է, Ադրբեջանը մեր անմիջական հարևան է: Քավ լիցի, մենք չենք ուզում իրենց հետ թշնամություն անել, կրկնում եմ և կրկնում եմ, բայց իրենց հետ բարեկամություն անելու համար պետք է մանավանդ ադրբեջանական մամուլում և խոսույթում չհնչեն այն ծրագրերը, որոնք միտված են, ասենք, Հայաստանի կործանմանը։
Իսկ դրանք հնչում են՝ Արևմտյան Ադրբեջանի պրոյեկտը, Հայաստանի ուծացման պրոյեկտը, կամ՝ Նիկոլ Փաշինյանի ծրագիրը չպիտի համապատասխանի Ալիևի հրահանգներին։ Այսինքն՝ այդ բոլոր է մերձեցումները, բարեկամությունները հնարավոր է միայն այն դեպքում, եթե դու պահպանում ես քո ազգայինը, ոտնձգություններից պաշտպանում ես, ներքուստ ամրապնդում ես քո ազգային հենքը, և հետո զգուշավոր բարեկամություն ես անում քո ոխերիմ բարեկամի հետ՝ այդ թվում՝ թևերը բացել 300.000 ադրբեջանցու դիմաց։ Դա ինտեգրացիոն պրոյեկտ չէ, սա կործանիչ պրոյեկտ է։
Թուրքիան արել է ոճրագործություն, էթնիկ զտում, գենոցիդ՝ հայ ազգի դեմ, ու անպատիժ ֆռֆռում է, ադրբեջանցիները, սկսած 18-17թթ․-ից, անում են էթնիկ հարձակումներ հայերի վրա․ հիմա իրենք հաղթող ազգ են, և բոլորն ուզում են իրենց հետ գործ անել, առևտուր անել։ Հայերն անցյալի ոչ մի ոճրագործության դիմաց չեն ստացել որևէ կոմպենսացիա․ դեռ հիմա մենք հայտնվել ենք ագրեսորի դերում։
- Պարզվում է՝ այդքան կորուստներից, այդքան հողային կորուստներից, մարդկային և արժանապատվության կորուստներից հետո, հիմա ագրեսորը մենք ենք. Արարատ սարի անունը չպիտի տանք, հայ ազգանունը չպիտի տանք, Ցեղասպանություն անունը չպիտի տանք: Եվրոպան այս բոլորը համարում է իրեն չվերաբերող, իրենք իրենց քաղաքականությունն են առաջ տանում։ Եվրոպան կատարում է այն օրակարգը, որ երկիրն է դնում իր առջև: Եթե հիշում եք, ժամանակին Եվրոպան շատ ակտիվ մասնակցում էր տեղի ունեցողին, քանի՞ եվրոպական պատգամավոր էր գնում ժամանակին Արցախ, որովհետև իշխանությունները դնում էին այդ օրակարգը, և մարդիկ ընդունում էին այդ օրակարգը և գնում էին այնտեղ։ Հիմա իշխանությունը դնում է ուրիշ օրակարգ, Եվրոպան խնդիր ունի համագործակցելու տվյալ երկրի հետ իշխանության մակարդակով․ ինքը մեր ու ձեր մակարդակով չի համագործակցելու։

- Արդարությունը գալիս է այն ժամանակ, երբ արդարությունը դառնում է տվյալ ազգության հիմնական նպատակը։ Ներկա դրությամբ այդպես չէ, դրա համար մենք ոչ մեկից չպետք է պահանջենք․ մենք միայն մեզնից կարող ենք պահանջել և նաև ընտրության մակարդակով՝ ընտրել այն իշխանությանը, որից կարելի է ինչ-որ բան պահանջել․ այս իշխանությունից ոչինչ չի կարելի պահանջել։
- Բռնատիրության առաջին նշանը գիտեք՝ ե՞րբ է, երբ մարդը վախենում է իր խոսքը ոչ թե նույնիսկ ազատ ասի, այլ նույնիսկ նա վախենում է այդ խոսքը մտածի, այդ ներքին ցենզուրը… Դա է ավտորիտար պետության առաջին նշանը․ մարդն անընդհատ իրեն ցենզուրայի է ենթարկում, Հայաստանում բոլորը ցենզուրայի մեջ են, բոլորն ասում են՝ հանկարծ չխոսենք քաղաքականությունից։
- Իշխանության ասած «խաղաղությունն» այն խաղաղությունն է, որ ասում են՝ «հանգչիր խաղաղությամբ»։
- Հայ Առաքելական եկեղեցու թեման, ինձ թվում է, ուղիղ պատվեր է․ պատվերը դրված է՝ ուղղակի տարրալուծել հայ ազգը․ ո՞նց ես տարրալուծում՝ զրկում ես նրան երազանքից, զրկում ես նրան իր կյանքից, իր լափամանից ավել՝ զոհողության հեռանկարից, զրկում ես նրան ազգային սիմվոլիկայից, զրկում ես նրան լեզվից, զրկում ես նրան հայալեզու կրթությունից, իսկ ինձ թվում է, որ ակադեմիական քաղաքը հենց հայալեզու կրթությունը ոչնչացնելու տարբերակ է։ Եվ վերջ, այդ ազգը պատրաստ է ծառայել ցանկացած տիրոջ, ինչ որ մնա։ Ինչ էլ որ չմնա, տարածքի վրա բերում ես հնդիկ, պակիստանցի էմիգրանտ, վերջացնում ես։ Դա է ազգի տարրալուծման հրաշալի ծրագիրը, բայց մի՞թե մարդիկ ուզում են, որ այդ ծրագիրն իրականանա։

- Ես ուրիշ մտավախություն ունեմ․ ինձ համար հիմա ամենակարևորն այն է, որ մենք հունիսի 8-ին արթնանանք Հայաստանում։ Դա ինձ համար ամենակարևոր խնդիրն է հիմա, մնացածը կստացվի։
Մանրամասները՝ տեսանյութում



