Ադրբեջանում Իսրայելը և ԱՄՆ-ը ստեղծել են համապատասխան ենթակառուցվածքներ՝ դրանք Իրանի դեմ օգտագործելու նպատակով. Տարոն Հովհաննիսյան

«Օրբելի» վերլուծական կենտրոնի Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանն Իրան-ԱՄՆ հակամարտության համատեքստում բավական հետաքրքիր է համարում Ադրբեջանի կեցվածքը պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակներում:

168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Ադրբեջանի արտգործնախարարությունն իր հայտարարություններում և մեկնաբանություններում հիմնականում չեզոք արտահայտություններ է կիրառել, ինչը տրամաբանական է:

«Հաշվի առնելով այդ երկրի դիրքը, պարզ երևում է՝ ակնհայտ կերպով կողմերից որևէ մեկին պաշտպանելու դեպքում Բաքուն կհայտնվի ծանր իրավիճակում: Սակայն դրան զուգահեռ՝ մենք նկատում ենք տրամագծորեն տարբերվող կարծիքների և տրամադրությունների արտահայտում ադրբեջանական մեդիադաշտում, ինչն արդեն այդ երկրի տեղեկատվական քաղաքականության տրամաբանության շրջանակներում չէ:

Մասնավորապես, աչքի են զարնում մերձիշխանական քարոզչական որոշ աղբյուրներ, որոնք առաջին օրվանից սկսած ակտիվ հակաքարոզչություն են իրականացնում Իրանի դեմ: Օրինակ, այդ կայքերից մեկը բացահայտորեն Ղասեմ Սոլեյմանիին անվանում է «ահաբեկիչ», իսկ նրա սպանությունը ոչ միայն արդարացնում է, այլև փորձում ներկայացնել իբրև հարմար առիթ, իրենց խոսքերով՝ «միջազգային իրավունքի խախտումներն Ադրբեջանի օգտին օգտագործելու նպատակով»:

Բավական շատ են նաև այնպիսի մեկնաբանությունները, որ Ադրբեջանը հավանական պատերազմի դեպքում պետք է օգտվի իրավիճակից՝ Իրանի թյուրքախոս շրջաններն իրեն միացնելու համար: Ադրբեջանական հասարակության շրջանում Իրանի և մասնավորապես Ղ. Սոլեյմանիի նկատմամբ հակակրանք առաջացնելու նպատակով պարբերաբար շրջանառվում են լուրեր, որ նա Արցախի հիմնախնդրի հարցում հայերին է օգնել: Բացի այդ, ադրբեջանական որոշ կայքերում անգամ տեղեկություն էր շրջանառվել, թե Իրաքում Սոլեյմանիի կողքին նաև «հայ զինծառայողներ էին սպանվել»: Մյուս կողմից հետաքրքիր է վերհիշել տարիներ առաջ, 2006 թ., Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարության կայքում տարածված այն տեղեկությունը, որ Ադրբեջանի ՌՕՈւ «Նասոսնայա» ավիաբազան արդիականացվում է ՆԱՏՕ-ի ստանդարտներով՝ հետագայում այն նաև ԱՄՆ կարիքների համար օգտագործելու նպատակով: Իհարկե, չենք կարող վստահաբար պնդել, որ այն այսօր օգտագործվում է, սակայն բոլոր պայմանները կան: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ը 2018-2019 թթ. Ադրբեջանին շուրջ 100 մլն դոլարի օգնություն է տրամադրել մեկ նպատակով օգտագործելու համար՝ Ադրբեջանի հարավային ցամաքային սահմանի ուղղությամբ և Կասպից ծովում տեղակայված ուժերի ամրապնդում: Ըստ որում, գումարի զգալի մասը հատկացվել է «հակաահաբեկչական պայքարի» նպատակով»,- նշեց փորձագետը:

Այս համատեքստում Տարոն Հովհաննիսյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ադրբեջանի հարավային սահմանին Իրանն է, Կասպից ծովով ևս հարևաններից մեկն Իրանն է:

Ըստ նրա՝ «հակաահաբեկչական պայքարի» համար տրամադրվող միլիոնավոր դոլարների միջոցները կարող էին նաև ներկայացվել իբրև Ադրբեջանում առկա ահաբեկչական կառույցների բջիջների դեմ պայքարին ուղղվող միջոցներ, սակայն դրանք որևէ ներկայություն չունեն Կասպից ծովում, առանձնապես ակտիվ չեն Իրանի սահմանին, որտեղ հիմնականում շիայական բնակչություն է:

«Հատկացումների թիրախը հենց հարավային՝ Իրանի հետ սահմանն է: Գաղտնիք չէ նաև, որ Իսրայելից ստացած խոշոր հետախուզական անօդաչու թռչող սարքերն Ադրբեջանը քանիցս օգտագործել է Կասպից ծովում մարզումների ընթացքում: Այսպիսով՝ Ադրբեջանում Իսրայելը և ԱՄՆ-ը ստեղծել են համապատասխան ենթակառուցվածքներ՝ այս կամ այն կերպ դրանք Իրանի դեմ օգտագործելու նպատակով, ինչը չի կարող չվրիպել նաև Թեհրանի աչքից:

Ինչ վերաբերում է այս հակամարտության՝ Արցախի հիմնախնդրի վրա ազդեցությանը, ապա այստեղ կարևոր է նշել, որ տարածաշրջանում ցանկացած լարվածություն որևէ կերպ չի կարող ձեռնտու լինել Հայաստանին և Արցախին: Սակայն այս պահին ուղղակի ազդեցության և հնարավոր հետևանքների մասին դեռևս վաղ է խոսելը: Այն հավասարապես, եթե ոչ՝ ավելի վատ, ազդելու է նաև Ադրբեջանի վրա»,- եզրափակեց ադրբեջանագետը:

Տեսանյութեր

Լրահոս